Պատճառը ոչ միայն վերջերս ավիաընկերությունում ստեղծված իրավիճակն է, այլեւ Հայաստանում ավիավառելիքի պակասը
Երեկ երեկոյան «Swissair»-ի ինքնաթիռը չժամանեց «Զվարթնոց» օդանավակայան, հետեւաբար այսօր Երեւան-Ցյուրիխ չվերթը չի կայանա:
Ինչպես հայտնի է, շվեյցարական այս խոշոր ավիաընկերությունը ԱՄՆ ահաբեկչությունների հետեւանքով հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում: Սակայն երեկվա չվերթի հետաձգումը ավիաընկերության երեւանյան գրասենյակում բացատրում են ոչ միայն այդ հանգամանքով, այլեւՙ ավիավառելիք չլինելու պատճառով: Եթե անգամ ինքնաթիռը ժամաներ Երեւան, չէր կարող վերադառնալ, քանի որ, ըստ վաճառքի մենեջեր Սիմոն Ավագյանի, «կան այլ խանգարող հանգամանքներ»: Մեր պնդմանը ի պատասխան պարզաբանվեցՙ Հայաստանում նավթ գոյություն չունի: Մեր կողմից տեղեկացնենք, որ ավիավառելիքի վաճառքի մենաշնորհը Հայաստանում այսօր պատկանում է «Ավիավառելիք» ՍՊԸ-ին (վերջինս «Միկա Արմենիա» ընկերության ստորաբաժանումներից է- Գ. Մ.): Այն հարցին, թե հաճա՞խ են կրկնվում վառելիքի դեֆիցիտի դեպքերը Հայաստանում, պրն Ավագյանը զգուշորեն տեղեկացրեց, որ «դեպքից դեպք», բայցՙ լինում են: Ավելի ուշ տեղեկացանք, որ «Swissair»-ի թռիչքների կրճատման պատճառներից մեկը նաեւ հենց Շվեյցարիայում ընկերության ինքնաթիռների համար վառելիքի հայթայթման պրոբլեմն է. վառելիք վաճառող ընկերությունները հրաժարվում են առանց կանխավճարի վառելիք տրամադրել ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված այս ավիաընկերությանը:
Ինչ վերաբերում է Երեւան-Ցյուրիխ չվերթի մոտ 80 ուղեւորներին, ապա գրասենյակում հավաստիացրին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նրանք նյութական եւ ժամանակային կորուստներ չունենան: Ուղեւորների մի մասը կօգտվի այլ ավիաընկերությունների չվերթերից, մասնավորապես «Հայկական ավիաուղիների» Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթից: Մի մասն էլ համաձայնել է մնալ մինչեւ «Swissair»-ի մյուս չվերթը, որը տեղի է ունենալու եկող երեքշաբթիՙ նույն ժամին: Գրասենյակում հավաստիացրին, որ այսուհետեւ հետաձգումներ չեն լինելու, եւ, ընդհանրապես, ավիաընկերության երեւանյան գրասենյակը խնդիրներ չունի: Ավելին, ուժի մեջ է մնում շաբաթական երկու չվերթը եւս մեկով ավելացնելու ծրագիրը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջերին: Եթե ավիաընկերության վիճակը կարգավորվի (ինչի հույսը կարծես թե կաՙ հաշվի առնելով Շվեյցարիայի կառավարության օրերս արած հայտարարությունըՙ ավիաընկերությանը 278 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին- Գ. Մ.), կբացվի նաեւ երրորդ չվերթը:
«Swissair»-ի մասին ամենաթարմ տեղեկության համաձայն, ավիաընկերությունը, ինչպես հայտարարվել էր, երեկվանից մասնակիորեն վերականգնեց փոխադրումները, մասնավորապես անդրատլանտյան ուղղություններովՙ 40-50 տոկոսով:
Գ. ՄՈՒՔՈՅԱՆ