«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԹԻՎ 1 ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի 3-հոգանոց խումբըՙ հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, օրերս այցելել է թիվ 1 քննչական մեկուսարան, որտեղ, ի թիվս մյուս կալանավորների, հանդիպել է նաեւ վերջերս կալանավորված Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնադիր Ազատ Արշակյանի հետ:

Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանը հանձնաժողովի հոկտեմբերի 4-ի նիստին, խումբը ծանոթացել է մեկուսարանի պայմաններինՙ որեւէ առանձնահատուկ բան չի հայտնաբերել: Հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացել են նաեւ կալանավայրերը ՆԳՆ համակարգից արդարադատության նախարարության համակարգ տեղափոխելուց հետո նախատեսվող փոփոխություններին:

Հանձնաժողովի նախագահը շնորհավորեց արդարադատության փոխնախարար Արեւիկ Պետրոսյանին այն կապակցությամբ, որ հոկտեմբերի 1-ից սկսվել է կալանավայրերիՙ արդարադատության համակարգ տեղափոխման գործընթացը:

Նիստում ներկայացվեց Սահմանադրության նոր խմբագրության նախագծի վերաբերյալ հանձնաժողովի հայտարարության նախագիծը, որը, սակայն, որոշվեց քննարկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչին հանձնաժողովի դիտողությունները ներկայացնելուց եւ վերջինիս մեկնաբանությունները լսելուց հետո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4