«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆ ՆԵԿՏԱՐ ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒՆՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԱՄՆ-ՈՒՄ

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Մ. Նահանգներում քաղաքական ապաստան է ստացել Հայաստանի նախկին վարչապետի նախկին օգնական Նեկտար Խորխոռունին: Դժվար է պատկերացնել այն քաղաքական հետապնդումները, որոնց հայրենիքում ենթարկվել է Արմեն Դարբինյանի աշխատակցուհին, եթե այդպիսիք, ընդհանրապես, կարող են լինել: Հայտնի է, որ Նեկտար Խորխոռունին արձանագրում էր կառավարության այն ժամանակվա նախագահի բոլոր միջազգային շփումները եւ նրան ուղեկցել է արտասահմանյան մի քանի ուղեւորություններում: Նա ԱՄՆ էր մեկնել ուսանելու Արմեն Դարբինյանի երաշխավորությամբ 1999 թ.:

Այժմ Նեկտար Խորխոռունին ապրում է Նյու Յորքում, իսկ իր «հետապնդված» հարազատները Երեւանում են ու հաջողությամբ զբաղվում են բիզնեսով:

ԱՄՆ-ի դեսպանությունում, որի միջոցով Նեկտար Խորխոռունին մեկնել էր ուսանելու, շատ լավ գիտեին, որ վերջինս ոչ մի խնդիր չի ունեցել, առավել եւս չի հետապնդվել, ընդհակառակը, նրա հետ պարբերաբար շփվում էին գործի բերումով եւ ականատես լինելում նրա բարվոք առօրյային կառավարության տանը: Ինչ մնում է նախկին վարչապետի նախկին օգնականի ազգական, գնդապետ Վահրամ Խորխոռունու սպանությանը, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանից պիտի գնան ու քաղաքական ապաստան ուզեն այդ զինվորական գործչի բոլոր ազգականները:

Ուրեմն, ի՞նչ է ստացվում. մի կողմից ԱՄՆ իշխանությունները մտահոգվում են հայերի արտագաղթով, մյուս կողմիցՙ կամա թե ակամա խթանո՞ւմ:

Թղթակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4