«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


«ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ

Ադրբեջանը Ադրբեջան չէր լինի, եթե չփորձեր ցանկացած հնարավորություն օգտագործել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ ողջ հայ ժողովրդին զրպարտելու համար: Դա Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսի գլխավոր բաղադրիչն է, ուղղված Հայաստանի միջազգային մեկուսացմանը: Ընդ որում, Բաքվի իշխանությունները ձգտում են աշխատել առաջ ընկնել, ինչը հետո հայկական կողմին ստիպում է հանդես գալ ադրբեջանական քարոզչական մեքենայի հերյուրանքների հերքումով: Նպատակն այն է, որ մինչ հայերն ուշքի գան, իրենք հասցնեն ուրիշի ձեռքերով լուծել ղարաբաղյան խնդիրը:

Ադրբեջանցիներն առաջ անցնելը խաղարկեցին նաեւ այս անգամ, երբ համաշխարհային հասարակայնությունն ԱՄՆ նախաձեռնությամբ սկսեց լայնածավալ պայքար ժամանակի ամենամեծ չարիքիՙ միջազգային ահաբեկչության դեմ: Ինչպես եւ սպասվում էր, պաշտոնական եւ ոչ պաշտոնական Բաքուն, որը, վերջիվերջո, թքած ունի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վրա, մեծ ջանքեր է գործադրում արեւմտյան հասարակության ուշադրությունը շեղելու ահաբեկչության իրական օջախներից եւ ուղղելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա: Այնտեղ նույնիսկ այդ «ոլորտի» հատուկ «գաղափարախոս» հայտնվեցՙ ի դեմս Բաքվի պետհամալսարանի մինչ այժմ անհայտ դոցենտ Կյամիլ Սալիմովի: Այսօր նա միջազգային ահաբեկչության հարցերով ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր կազմակերպությունների բոլոր քաղաքական հավաքների ցանկալի հյուրն է: «Կլոր սեղաններ» կամ «կոնֆերանսներ» կոչվող այդ հակահայկական հավաքներում Կյամիլ Սալիմովն իշխանություններին կոչ է անում ձեռք առնել միջոցներՙ միջազգային հանրությանը համոզելու, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի հայությունն աջակցում են ահաբեկչությանը», որ ԼՂՀ պաշտպանության բանակն ահաբեկչական կազմակերպություն է, եւ որ «Ռոբերտ Քոչարյանն աշխարհում հայտնի ահաբեկիչ է»: Եթե հաջողվի դա անել, ապա Սալիմովի համոզմամբ, այդ ամենը թույլ կտա «ահաբեկիչներից Լեռնային Ղարաբաղի ազատագրման ժամանակ» հարյուրավոր ադրբեջանցիների կյանք պահպանել:

Ինչ վերաբերում է Ուսամա բեն Լադենի անձի հետ կապված ԱՄՆ հուզող խնդիրներին եւ Աֆղանստանում Թալիբանի վարչակարգի դեմ հատուցման նախապատրաստվող գործողություններին, ապա վերոհիշյալ հավաքներում դրանց մասին հիշում են որպես առավել «կենսաթրթիռ հարցի»ՙ «հայկական ահաբեկչությանն» անցնելու նախաբան:

Ցավոք, Հայաստանում գերադասում են հիմնականում պասսիվորեն հետեւել մեր հարեւանների ջղաձգումներին, հաճախՙ անթաքույց քմծիծաղով: Իզուր: Լավ է, որ Արեւմուտքում գտնվում են ողջամիտ մարդիկ, որոնք ի չիք են դարձնում ադրբեջանական քարոզչության վտանգավոր ճիգերը: Այսպես, «Heritage» հիմնադրամի փորձագետ Արիել Կոենը (ԱՄՆ) Բաքվի «Էխո» թերթի պնդումներին, թե «Ղարաբաղի բռնագրավման համար օգտագործվել է ահաբեկչություն» եւ որ անհրաժեշտ է «հակաահաբեկչական գործողություն» նաեւ հայերի հանդեպ, բառացիորեն պատասխանել է հետեւյալը. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ընդունվում որպես ահաբեկչության դեմ պայքար: Դա Խորհրդային Միության փլուզումից հետո ծագած հակամարտություններից մեկն է: Եվ հետո, ռազմական գործողություններ սկսելը չի բխում ձեր երկրի շահերից (Ադրբեջանի-Դե ֆակտո)»:

Կարծում ենք, որ որպես «ահաբեկչության բուծարանի» Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին վարկաբեկելու ադրբեջանական քարոզարշավի հանդեպ հայկական քարոզչության պասսիվությունն անթույլատրելի շքեղություն է: Երեւանն ու Ստեփանակերտը ադրբեջանական ահաբեկչության մասին պետք է խոսեն միշտ եւ ամենուր, չսպասելով սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությանը: Եվ խոսել ոչ մերկապարանոց, ինչպես դա անում են ադրբեջանցիները, այլ առարկայական ձեւով: Փաստերՙ որքան ուզեք:

Այսպես, դեռեւս 1999 թվականին «Defence and Foreign Affairs» ամսագիրն իր իրականացրած հետազոտության մեջ ընդգրկել է Ադրբեջանում արմատական իսլամիստների կողմից իրենց ենթակառուցվածքի ընդարձակման փաստեր: Այդ ենթակառուցվածքը նպատակ ուներ (հնարավոր է, շարունակում է ունենալ) արագացնել մոջահեդների հայտնվելը Չեչնիայի առաջնային ուսումնական եւ օպերատիվ բազաներում, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացնել վնասագործություններ, եթե Մոսկվան ռմբակոծեր Չեչնիայի իսլամիստական բազաները կամ դրանց ոչնչացման համար կազմակերպեր մարտարշավներ: Նշվում էր, որ Ադրբեջանում մոջահեդների մեջ եղել են (հնարավոր է, հիմա էլ կան) Ուսամա բեն Լադենիՙ Աֆղանստանում գտնվող ճամբարում ուսուցում անցած մեծ թվով ապագա շեհիդներ (ահաբեկիչ-ինքնասպաններ):

Պատահական չէր, որ երբ 1999-ի օգոստոսին Իչկերիայի վահաբական կազմակերպությունները ներխուժեցին Դաղստան, պաշտոնական Բաքուն որոշում ընդունեց ուժեղացնել օժանդակությունը Կովկասի իսլամիստական ուժերին: Ադրբեջանիՙ 1999 թվականի օգոստոսի 20-ի նոր քաղաքականությունը պարզաբանեց արտաքին քաղաքական հարցերով այն ժամանակ այդ երկրի պետական խորհրդատու Վաֆա Գուլուզադեն: «Չեչենա-դաղստանյան մարտերը, ասել է նա, պետք է դիտարկել որպես ազգային-ազատագրական պայքար, այլ ոչ թե ահաբեկչություն, ինչպես ջանում են ներկայացնել Ռուսաստանի իշխանությունները»:

Դեռեւս 1996 թվականի հունվար ամսին «Օբշչայա գազետան» հրապարակել է Ադրբեջանից Չեչնիա զենքի եւ զինամթերքի տեղափոխման փաստեր: «Բաքվից ոչ հեռու գտնվող Կալա օդանավակայանում ամեն օր վայրէջք են կատարում ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ Թուրքիայից ու Պակիստանից, բեռնված «մուսուլմանական օգնությամբ»ՙ զենքով, դեղորայքով, պահածոներով, գրում է թերթը, օդանավակայանի աշխատակիցները, ըստ սովորության ենթադրելով, որ այդ ողջ բարիքը ղարաբաղյան ճակատի համար է, զարմանում են. ախր այնտեղ խաղաղ է: Բայց որոշ մարդիկ արդեն գլխի են ընկնում, որ այդ բեռներին սպասում են արդեն մեկ այլՙ ռուսական ռազմաճակատում»: Թերթը հատկապես ընդգծել է, որ Բաքուն եւ Գրոզնին կովկասյան տարածաշրջանում դարձել են թմրաբիզնեսի համար խոշորագույն տեղափոխման կետեր: Ընդգծվում է նաեւ, որ Ադրբեջանի պետական որոշ այրերի, այդ թվում նաեւ նախագահի որդի Իլհամ Ալիեւի թիկնազորում նկատել են չեչենների:

«Նեզավիսիմայա գազետան» իր հերթին 1999 թվականի նոյեմբերի 7-ի համարում ընթերցողներին հայտնում է, որ «կրոնական» պատերազմների թնդանոթի միսը պատրաստում են Ադրբեջանում:

Եվ այսօր, դառնալով անկախ քաղաքագետ, Վաֆա Գուլուզադեն, տուրք տալով մոդային, արդեն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում անհապաղ հաշվեհարդար տեսնել Պաղեստինի, Աֆղանստանի եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ահաբեկչական կազմակերպությունների հետ: Եվ ոչ մի խոսքՙ Չեչնիայի մասին: Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի սեկտորի վարիչ Ռուստամ Մամեդովը նույնիսկ առաջարկում է իր երկրի տարածքում ստեղծել հակաահաբեկչական կենտրոն, քանզի Հայաստանը «Ղարաբաղ է ներխուժել մի քանի ահաբեկչական գործողությունների արդյունքում»: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն առաջվա նման սովոր է «լայն քայլեր անելու» եւ «ժամկետից շուտ կատարելու պլանները», այս անգամՙ «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» ոլորտում, հետխորհրդային տարածքում լինելով դրա բուծարաններից մեկը: Ընդ որում, մեր հարեւանների երեւակայությունը սահմաններ չունի: Նույնիսկ 1988 թ. փետրվարի հայկական ջարդերը Սումգայիթում ադրբեջանցիները դասել են հայերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունների շարքը: Եվ դա անուշադրության մատնելն ուղղակի հանցագործություն է: Կարող է այնպես պատահել, որ ահաբեկչության դեմ պայքարի արեւմտյան նոր սերունդը հավատա Բաքվի «աստվածավախ» իշխանություններին ու հայերի «վանդալիզմին»: Եվ կհավատա, եթե մենք առաջվա նման «ննջենք դափնիների վրա»:

«ԴԵ ՖԱԿՏՈՅԻ» վերլուծական ծառայություն

Խմբ. կողմից.-«Ազգը» վերջին շրջանում առնվազն 3 անգամ միջազգային մամուլից փաստեր է ներկայացրել Ադրբեջանում աֆղանաթալիբյան գործունեության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4