Կարող ենք արձանագրել, որ եվրոպական ճակատում հայկական դիվանագիտությունը շարունակաբար պարտություն է կրում: Այդ են վկայում ԱԺ խորհրդարանում ԵԽ ԽՎ համանախագահ Ռասել Ջոնսթոնի ելույթի եւ Ադրբեջանում նրա արտահայտած մի քանի ուշագրավ մտքերի ֆոնին ԵԽ ԽՎ հերթական նիստի ընթացքում ծավալված քննարկումները եւ ներկայացված նախագծերը:
Վերադառնալով Եվրոպա Ջոնսթոնը նշեց, որ ադրբեջանական մամուլում իր արտահայտած մտքերը ներկայացվել են խեղաթյուրված, ու ինքը Լեռնային Ղարաբաղը որպես թմրանյութերի տարանցիկ երկիր երբեք չի դիտարկել: Սակայն լորդը որեւէ բան չի ասել Ադրբեջանում իր արտահայտած մեկ այլ, շատ ավելի կարեւոր հայտարարությունը խեղաթյուրված ներկայացնելու մասին, ըստ որի Ջոնսթոնը ոչ ավել, ոչ պակաս գտնում է, թե «ըստ միջազգային իրավունքի նորմերի, միանշանակ է, որ Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքը»: ԽՎ այս համանախագահը չի հերքել այս փաստը, իսկ մյուս համանախագահ Վալտեր Շվիմերը վերահաստատել է ԵԽ-ի հայտարարությունըՙ կապված ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման անօրինականության հետ, անգամ հստակ տեղյակ լինելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից պաշտոնական Վաշինգտոնն այդ ընտրությունները հակամարտության կարգավորմանը խոչընդոտող չի ճանաչել:
Եվ մինչդեռ ԵԽ-ում հայկական խորհրդարանական պատվիրակությունը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման եւ դրաՙ ԵԽ կանոնադրության հակասականության մասին շարունակ ինչ-որ ծամծմված նախագիծ է ներկայացնում, ադրբեջանական պատվիրակությունը հետեւողականորեն ղարաբաղյան կարգավորումը քարշ է տալիս Եվրախորհուրդ:
Այսպեսՙ Իլհամ Ալիեւի ղեկավարած պատվիրակությանը Թուրքիայի անմիջական օժանդակությամբ հաջողվեց 50 ստորագրություն հավաքել մի նախագծի տակ, որով նախատեսվում է ղարաբաղյան կոնֆլիկտի քննարկում վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի շրջանակներում: Հայկական պատվիրակության ղեկավարն ու նրա տեղակալն արդեն հասցրել են մտավախություն հայտնել, թե հարցն, այնուամենայնիվ, ընթացք կստանա եւ կքննարկվի հանձնաժողովում: Եվ դա այն դեպքում, երբ պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հստակ չի նշել, թե արդյոք ե՞րբ է քննարկման դրվելու իրենց ներկայացրած մեկ այլՙ վերջին շրջանում ակտիվորեն հնչող Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հարցը եւ քննության ընդհանրապես դրվելո՞ւ է, թե՞ ոչ: Եվ այս նախագծի պաշտպանությունը թողածՙ հայկական պատվիրակությունը ստիպված պետք է լրջորեն նախապատրաստվի կոնֆլիկտի կարգավորմանն առնչվող եւ հակառակորդ կողմի ներկայացրած փաստաթղթի քննարկմանը:
Այս փաստերը վկայում են, որ Եվրախորհուրդն այլեւս չի թաքցնում անմիջականորեն խնդրի կարգավորման մասնակից դառնալու իր նկրտումները: Եթե նախկինում հնչում էին հայտարարություններ, թե ԵԽ-ն իր լիազորությունների շրջանակներում կարող է ընդամենն ազդել տարածաշրջանում բացասական լիցքերի թուլացման վրա, իսկ խնդրի քաղաքական լուծումը թողնում էր Մինսկի խմբին, ապա այսօր ԵԽ-ն արագորեն ընթացք է տալիս մի փաստաթղթի, որը նախատեսում է կարգավորման խնդրի քննարկում հենց քաղաքական հանձնաժողովում, նույնն էՙ քաղաքական մակարդակով:
Դրա առաջին քայլը եղավ ԵԽ նախարարների խորհրդի ընդունած որոշումը, որը ե՚ւ հայկական, ե՚ւ ադրբեջանական կողմերը չգիտես ինչ հիմնավորվածությամբ իրենց հաղթանակը համարեցին: Խոսքը վերաբերում է ԼՂ հարցում ժողովրդի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները համահավասար դիտարկելու որոշմանը: Ըստ էության դա այն էր, ինչ ամրագրված էր 1992-ի հելսինկյան եզրափակիչ ակտում, որն, ընդ որում, հստակ նշում է նաեւ ԼՂ օրինական իշխանություններիՙ բանակցային գործընթացներում հավասար կողմ լինելու մասին: Մինչդեռ ՀՀ արտգործնախարարը, հիշատակելով անգամ այս փաստը, նշում է, թե «սա (ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը- Գ. Ա.) իսկապես աննախադեպ է: Մենք լիովին բավարարված ենք այս որոշմամբ: Նախկինում որոշ երկմտություն կար միջազգային կազմակերպություններում այս երկու հասկացությունները հավասարեցնելու առումով.»: Միաժամանակ Օսկանյանը նշում է, որ նախարարների խորհրդի հրապարակած համապատասխան կոմյունիկեն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքներին զուգահեռ խոսում է ՄԱԿ-ի խարտիայով եւ հելսինկյան ակտով նախատեսված ժողովրդի ինքնորոշման սկզբունքների համահավասարության մասին: Արդյոք կարիք կա՞ր ուրախանալ մի փաստով, որն առկա էր մինչ նախարարների խորհրդի որոշումը, եւ ըստ էության կրկնությունն էր մինչ այդ միջազգային այլեւայլ կազմակերպությունների ընդունած սկզբունքների: Կարիք կա՞ր դա դարձնել դիվանագիտական պայքարի զենք եւ ավելինՙ նշել, թե աննախադեպ երեւույթ էր, եթե դա, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէ:
ԵԽ-ում հայկական կողմի տեսակետների, փաստարկների ներկայացման լուրջ քաղց է նկատվում, եւ Եվրոպան աչքի առաջ շրջվում է դեպի Ադրբեջան: Չպետք է թույլ տալ, որ Եվրախորհրդում ԼՂ հարցի հնարավոր քննարկումները սկսվեն այդ կառույցի կանխակալ եւ հակահայկական դիրքորոշումներով: Վաղուց հասունացել է ժամանակը լրջագույն ուշադրություն դարձնելու եվրոպական ուղղությանը, հատկապես Եվրախորհրդին եւ հնարավորինս շատ դիվանագետներով լցնել այն, որոնք քարոզչական աշխատանքներով էապես կարող են փոխել իրերի դասավորությունը: Ներկայացնենք ընդամենը մեկ փաստ, որ ցույց է տալիս, թե ինչպես է ԵԽ-ին վերաբերվում Հայաստանը եւ ինչպեսՙ Ադրբեջանը: Հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, եթե Ադրբեջանը ԵԽ-ում այսօր ունի 7 մշտական դիվանագետ, իսկ Թուրքիանՙ 50-ից ավելի, ապա Հայաստանն այդ կազմակերպությունում ներկայացված է ընդամենը երկու դիվանագետով: Եթե ադրբեջանական պատվիրակությունը վեհաժողովի յուրաքանչյուր նիստի ներկայացնում է 4-5 լրատվամիջոցներ, հայկական կողմից գրեթե ոչ մի լրատվամիջոց ԵԽ չի մեկնում:
Խնդիրը գուցե նման հնչեղություն չունենար, եթե չլիներ մեկ հանգամանք: Չնայած ԵԱՀԿ-ին է տրված ԼՂ հարցի կարգավորման մենաշնորհը, եւ նա քիչ աղերսներ ունի Եվրախորհրդի հետ, այսուհանդերձ Մինսկի խմբի 3 երկրներից երկուսը Եվրախորհրդի անդամներ են: Մեկը Ռուսաստանն է, որը դեռեւս ԵԽ-ի հետ լուրջ խնդիրներ ունի կապված չեչենական հարցի հետ, մյուսըՙ Ֆրանսիան, որը ԵԽ ավանդական եւ հեղինակավոր անդամներից է: Եթե ԵԽ-ն այսօր քիչ լծակներ ունի ՌԴ-ի վրա ազդելու, ապա Ֆրանսիայի պարագան բոլորովին այլ է: Այսինքնՙ ԵԽ ընդունած որոշումները կարող են լրջորեն անդրադառնալ այդ երկրի դիրքորոշումների վրա, որն ինքնըստինքյան կարող է արտահայտվել ԼՂ հարցում: Հենց այս ենթատեքստով է, որ ոչ մի գնով չպիտի թույլ տրվի Ադրբեջանին ԵԽ-ում անելու այն, ինչին այդքան հետեւողականորեն ձգտում է Ալիեւի վարչակազմը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ