«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2001-10-03 | #179, 2001-10-04 | #180, 2001-10-05


ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԻՄԸ ՉԻ ԵՂԵԼ»

ԱԺՄ մանուկյանական թեւը դիմում է կոշտ քայլերի

ԱԺՄ երկու վարչություններն էլ համագումար են հրավիրելու: Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-նՙ նոյեմբերի 30-ին, քաղաքական խորհրդի մի քանի ԱԺՄ-ականներըՙ հոկտեմբերի մեջ: Ընդ որում, առաջին ԱԺՄ-նՙ արտահերթ, երկրորդըՙ հերթական:

Առաջին ԱԺՄ-ի ղեկավար Վազգեն Մանուկյանի գնահատմամբՙ այն, ինչ անում են կուսակցության մյուս թեւի առաջնորդները, առնվազն անբարոյականություն է եւ խախտում է կուսակցության կանոնադրությունը: Նույն մեղադրանքը ներկայացնում են նաեւ Մանուկյանի ընդդիմադիր ԱԺՄ-ականները, համարելով, որ իրենց սատարողները կուսակցության ներսում ավելի շատ են: Սակայն, ըստ Վազգեն Մանուկյանի, կուսակցության տարածքային 37 կառույցներից 29-ի ներկայացուցիչները մասնակցել են ԱԺՄ վարչության նիստին, իսկ այդ թվաքանակը համապատասխանում է կուսակցության կանոնադրությանը: Այսինքնՙ Մանուկյանը փորձում է համոզել, թե իրենց ԱԺՄ-ն օրինական է, ընդդիմադիրներինըՙ ապօրինի:

Դատելով ԱԺՄ-ում ընթացող խմորումներից, կուսակցությունն իր ներքին հակասությունները լուծելու համար վերջ ի վերջո կգնա դիվանբաշու դուռը: Դա վկայեց նաեւ Վազգեն Մանուկյանը, ասելով, որ եթե իրավիճակը չշտկվի իրենց ձեռնարկած քայլերից հետո եւս, ամենայն հավանականությամբ կընթանան դատական պրոցեսներ:

Իրեն օրինական համարող վազգենական ԱԺՄ-ն, ի հակադրություն Մանուկյանին ԱԺ խմբակցության ղեկավարի կարգավիճակից ազատելուն, արդեն իսկ կուսակցության շարքերից հեռացրել է Սեմյոն Բաղդասարյանին եւ ցրել ԱԺՄ Արմավիրի տարածքային կառույցը, որի ներկայացուցիչներն են Սեյրան Ավագյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը: Այս կերպ Վազգեն Մանուկյանը լուծել է կարեւորագույն երկու հարց. նախՙ ԱԺՄ-ն «մաքրել» է ընդդիմադիրներից եւ նրանց տվել այլ քաղաքական ուժ ձեւավորելու հնարավորություն, մյուս կողմիցՙ իրեն ազատել է պատանդային իրավիճակից, երբ հակառակ կողմն իր հեղինակությամբ ասպարեզում երեւալուն զուգընթացՙ փորձում էր նույն ասպարեզում ստվերում պահել Մանուկյանին:

Արդյոք ԱԺՄ-ի Սեյրան Ավագյան-Ֆիլարետ Բերիկյան հատվածը համագումարով կգնա՞ նոր կուսակցության ձեւավորման, մնում է առաջին հարցը: Մանուկյանական ԱԺՄ-ում այս ճանապարհն ամենաճիշտն են համարում շուտափույթ ինքնամաքրվելու համար: Սակայն մյուս թեւը թերեւս չի կարող անտեսել, որ առանց ԱԺՄ-ի անվան իրենք քաղաքական ասպարեզում անելիք չունեն: Եվ ամեն ինչ կանեն այդ «սուրբ» անվանումը կրելու համար:

Ամեն դեպքում ԱԺՄ-ում ստեղծված իրավիճակի համար Մանուկյանն իրեն, որպես կուսակցության նախագահի, չի մեղադրում, չնայած ԱԺՄ-ն լքած Արշակ Սադոյանի եւ Շավարշ Քոչարյանի գնահատմամբՙ ժամանակին հենց Վազգեն Մանուկյանն իր հեղինակությամբ կարող էր ազդել արդեն սկսվող գործընթացների վրա, որը նա չարեց: Մանուկյանը, սակայն, կարծում է, թե բռունցքով հարցեր չեն լուծում եւ որ նույն մեղադրանքներն ինքը կարող է տալ իրեն քննադատողներին:

Վերջ ի վերջո ԱԺՄ-ն այն կուսակցությունը պետք է լիներ, որտեղ ներքին հարցերը լուծվում են համատեղ որոշումներով, ազատ կարծիքի արտահայտմամբ: Մի հանգամանք, որ հակառակ թեւը մշտապես ոտնահարված է տեսել կուսակցության նախագահի կողմից: Ստացվում է, որ ԱԺՄ մի թեւը Մանուկյանին մեղադրում է չափազանց լիբերալ, մյուս թեւըՙ կատարյալ բռնապետ լինելու մեջ: Իսկապես, դե արի ու ԱԺՄ-ից գլուխ հանի:

Հակասություններըՙ հակասություններ, սակայն ԱԺՄ-ն հսկայի քայլերով գնում է դեպի քաղաքական կործանում եւ էապես նվազեցնում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունները: Մինչ մյուս քաղաքական ուժերն արդեն ընտրապայքարի փող են հնչեցնում, ԱԺՄ-ն քրտնած ներքին խնդիրների տակից է փորձում դուրս գալ: Այդ վիճակում ԱԺՄ-ն հասցնում է հետեւել գործընթացներին եւ շատ վտանգավոր է համարում, ըստ Վազգեն Մանուկյանի, նախագահ-արմատական ընդդիմություն սկսված առճակատումը: Մանուկյանը մանկամտություն է համարում «Հանրապետություն» կուսակցության եւ եռյակիՙ իմփիչմենթի նպատակով ստորագրահավաք կազմակերպելու միջոցով պատգամավորների վրա ազդելու ճանապարհը: Իսկ թե նախագահական այդ ընտրավազքում ո՞ւմ է պաշտպանելու կուսակցության մանուկյանական հատվածըՙ կորոշվի նոյեմբերի 30-ին կայանալիք արտահերթ համագումարում:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4