1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության օրվանից գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի ստեղծման գաղափարը ծնվեց 1988-ի երկրաշարժից հետո, սեյսմակայուն շինարարության մասնագետներ պատրաստելու նպատակով:
Այս տարի լրանում է ՀԱՀ-ի հիմնադրման տասնամյակը: Համալսարանի տասնամյա գործունեությանը եւ հոբելյանական միջոցառումներին էր նվիրված երեկ ՀԱՀ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին համալսարանի նախագահ Հարություն Արմենյանը, փոխնախագահ պրոֆ. Ֆուլլերը, ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը, վարչական տնօրեն Անահիտ Օրդյանը:
Հարություն Արմենյանն իր խոսքը սկսեց այս տարի մեծ ջանքերով Երեւանի Մատենադարանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ իրականացրած եւ նախագահական մրցանակի արժանացած էլեկտրոնային գրադարանը (V-XVIII դդ. հայ դասական մշակույթի թվայնացում) ներկայացնելով: Ըստ նախագահի, համալսարանի 10 տարիների նվաճումներն արդյունք են ՀԲԸՄ-ի ամենագործուն աջակցության, տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանի քաջալերանքի, առաջին հիմնադիր նախագահ Միհրան Աղաբաբյանի, Արմեն Տեր-Կյուրեղյանի, Ստեփան Կարամարտյանի համագործակցության: Սկզբնական տարիներին ՀԲԸՄ-ի ֆինանսական հատկացումները համալսարանին կազմում էր 1 մլն դոլար, այս տարիՙ 720.000: Ամերիկյան համալսարանը տարեկան ավարտում են 104 շրջանավարտներ: 10 տարիների ընթացքում համալսարանի 780 շրջանավարտների մեծ մասն աշխատում է հասարակական եւ մասնավոր սեկտորի կազմակերպություններում, 78 տոկոսըՙ Հայաստանում, իսկ 28 տոկոսը մեկնել է երկրի սահմանների դուրս, հիմնականում ուսումը շարունակելու, կատարելագործվելու նպատակով: Պրն Արմենյանը նկատեց, որ սկզբնական տարիների այն կարծիքը, թե ՀԱՀ-ը շրջանավարտներին «պասպորտ» կտա ԱՄՆ գաղթելուՙ չիրականացավ: Երկրի ընդհանուր բարեփոխումների մթնոլորտում ՀԱՀ-ն ունի իր դերն ու նպատակները, կրթական մոտեցումները: Այս կրթության հիմքն ազատ մտքի ձեւավորման խնդիրն է, ինքնուրույն հարցեր լուծելու կարողականություն, գործարարական որակներ, անկախ հետազոտություններ կատարելու, հասարակության հետ աշխատելու ունակություններ զարգացնելը, ստեղծել ձեռներեց մարդու տիպար:
Համալսարանն ունի բազմաթիվ ծրագրերՙ նոր կառույցների, ուսումնական միջոցների, կենտրոնների ստեղծում, մասնակցություն տնտեսական եւ մշակութային գործընթացներին: Իսկ առաջիկայումՙ հավատարմագրում, ՀԱՀ կենտրոնի բացում (աչքի հիվանդության կանխարգելման կենտրոն, Ալեք Մանուկյան փ.) եւ տասնամյակին նվիրված միջոցառումներ: Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա հոբելյանական երեկո, հոկտեմբերի 7-ինՙ ավարտական հանդիսություն: Երկու հիմնական հանդիսությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ինՙ Սան Ֆրանցիսկոյում եւ դեկտեմբերի 8-ինՙ Լոս Անջելեսում:
Հոբելյանի առիթով հայերեն եւ անգլերեն հրատարակվել է գրքույկ, ուր հանգամանորեն ներկայացած են ՀԱՀ-ի ստեղծման պատմությունը, շարժառիթները, նպատակներն ու դերը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ