Սերգեյ Փարաջանովի թանգարանում
Սերգեյ Փարաջանովի թանգարանում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք եկան հաստատելու, որ մշակույթի այս օջախը մեր երկրի կարեւոր օղակներից մեկն է: Ճիշտ տասը տարի առաջ բացված թանգարանը միշտ էլ եղել է 20-րդ դարի մեծագույն ստեղծագործողներից մեկին հաղորդակցվելու միակ ամբողջական հավաքատեղին: Փարաջանովի արվեստի նվիրյալ Զավեն Սարգսյանն ամեն ինչ արել եւ անում է, որպեսզի այստեղՙ Երեւանում գտնվող թանգարանում հավաքվեն արվեստագետի հետ առնչվող ամեն ինչ, հատկապես նրա ֆիլմերը:
Վերջերս մեր հայրենակից, Ուկրաինայում ստեղծագործող կինոռեժիսոր Ռոման Բալայանը եւ Փարաջանովի այրինՙ Սվետլանա Շչերբատյուկը Հայաստան բերեցին Փարաջանովի Ուկրաինայում ստեղծած 7 ֆիլմերի պատճենները: Համաշխարհային ճանաչման արժանացած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից բացի Երեւան բերվեցին եւս երեք, անգամ կինոգետներին քիչ հայտնի գեղարվեստական ֆիլմերՙ «Առաջին տղան» (կոլտնտեսային կարգերի մասին կոմեդիա), «Ծաղիկը քարի վրա» եւ «Ուկրաինական ռապսոդիա», ինչպես նաեւ երեք վավերագրական ժապավենՙ Նատալյա Ուժվիի մասին, «Ոսկե ձեռքեր» (ժողովրդական արվեստի մասին) եւ ուկրաինական երգչախմբի մասին մի ֆիլմ: Ի տրիտուրՙ Ուկրաինա ուղարկվեցին «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովի նկարահանած «Նռան գույնը» եւ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի պատճեններըՙ տեսահոլովակների վրա:
- Կատարվեց մշակութային արժեքների փոխանակություն, որով Հայաստանը հարստացավ մեծ արվեստագետի գործերով, ասում է թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Եվ ինձ զարմացնում է որոշ լրատվամիջոցների այն աղմուկը, թե մենք մշակութային մեր արժեքները տալիս ենք ուրիշներին: Այդպես չէ: Գոնե մենք շահել ենք:
Եվս մի առաջարկ էլ ստացվել է իտալացիների կողմից, որոնք ցանկանում են ամբողջությամբ վերականգնել «Նռան գույնի» փարաջանովյան տարբերակըՙ «Սայաթ-Նովա» ֆիլմը: Ամբողջ խնդիրն այն է, որ Փարաջանովի ստեղծած նախնական տարբերակի տեւողությունը երեքուկես-չորս ժամ է: Սակայն խորհրդային կինոն տնօրինողները չէին համաձայնել այդքան երկար տեւողությամբ ֆիլմ հանել էկրան: Փարաջանովը ստիպված նախ ինքն է կրճատումներ արել, ապաՙ Սերգեյ Յուտկեւիչը: Եվ արդյունքում ստացվել է «Նռան գույնը» («Ազգն» արդեն անդրադարձել է այս ֆիլմի ոդիսականին): Եվ այսօր գտնվել են մարդիկ, ովքեր իրենց միջոցներով Փարաջանովի ռեժիսորական տարբերակի հիման վրա ցանկանում են վերստեղծել «Սայաթ-Նովան»: Տարբեր տեղերում, տարբեր մարդկանց մոտ գտնվող ֆիլմից դուրս մնացած կտորները հնարավոր է հավաքել եւ վերականգնել այս հրաշալի գործը: Զավեն Սարգսյանն ասաց, որ եղած որոշ տարաձայնություններն արդեն հարթվում են, եւ հնարավոր կլինի տեսնել ֆիլմն ամբողջությամբ: Իհարկե, իտալացիները որոշ իրավունքներ կստանան այս ֆիլմի համար, սակայն մենք միջոցներ չունենք այս գործն անելու համար:
- Կարեւորն այն է, ասում է Զավեն Սարգսյանը, որ համաշխարհային կինոարվեստը չի կորցնի այնպիսի փառավոր մի ստեղծագործություն, որպիսին Փարաջանովի «Սայաթ-Նովան» է:
Փարաջանովի թանգարանը վերջին մեկ տարում արդեն երրորդ գիրքն է ներկայացնում արվեստագետի մասին: Առաջին երկուսըՙ Քաթանյանի գիրքը եւ բանտերից ուղարկված Փարաջանովի նամակներն արդեն հայտնի են: Կինոքննադատ, Փարաջանովի մտերիմ Կորա Ծերեթելու գիրքը երրորդն է, որի վրա աշխատում էին արդեն մեկ տարի: Այս գրքում հավաքված են Փարաջանովի կինոսցենարները, էսքիզները, գծանկարները, փաստաթղթերը: Գիրքը բացառիկ մի հրատարակություն է, որի շնորհանդեսը լինելու է նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տագանկայի թատրոնում:
Թանգարանն այսօր Երեւանի ամենաբուռն գործունեություն ծավալած մշակութային օջախներից է, հաստատություն, որն աշխարհին է ներկայացնում հայ արվեստի մեծագույն երեւույթներից մեկինՙ Սերգեյ Փարաջանովին:
Փարաջանովի այրինՙ Սվետլանա Շչերբատյուկն ասում է. «Սերգեյը միշտ էլ անկանխատեսելի էր: Նա անվերջ պետք է փոփոխեր իր շուրջը եղած ամեն ինչՙ կատարելագույնի հասցնելու նպատակով»: Մեծ արվեստագետի բնավորության հենց այս գիծն են ժառանգել նրա թանգարանի աշխատակիցները:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ