«Ազգը» ֆուտբոլասերներին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ին կայացած «Սպարտակ»-«Շիրակ» հանդիպումը մնացել էր անավարտ. 68-րդ րոպեին ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի ցուցումով «Շիրակը» լքել էր խաղադաշտը: Ինչպես տեղեկացրեց կարգապահական կոմիտեի փոխնախագահ Վահան Խրիմյանը, այդ փաստի առիթով ներկայացվել են հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Հովհաննիսյանի եւ տեսուչ Հովհաննես Աբրահամյանի զեկուցագրերը: Հոկտեմբերի 1-ին կայացել է ՀՖՖ ղեկավար կազմի ժողովը, որն արձանագրել է, որ տեղի է ունեցել անհանդուրժելի, արտառոց արարք, որը հակացուցված է մարզական ազնիվ պայքարի գաղափարին: Դեռեւս օգոստոսի 27-ին «Շիրակ»-«Միկա» հանդիպման ավարտից հետո Գառնիկ Խաչատրյանը հայհոյել էր գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանին, որի համար կարգապահական կոմիտեի սեպտեմբերի 11-ի որոշումով «Շիրակ» ակումբի նախագահը 2 խաղով զրկվել էր պաշտոնական պարտականությունները կատարելու իրավունքից, տուգանվել 100 հազար դրամով: Ըստ պարոն Խրիմյանի, այն ժամանակ մեղմ որոշում էին կայացրել, հաշվի առնելով, որ Խաչատրյանը գործկոմի անդամ է եւ իր արարքի համար ներողություն էր խնդրել ՀՖՖ նախագահից:
Պետք է հիշատակել, որ 1999-2000 թ. ընթացքում անվայել պահվածքի համար Խաչատրյանը հեռացվել էր գործկոմի կազմից եւ կրկին ընտրվել այս տարի:
Կարգապահական կոմիտեի նիստում ընդունվել է հետեւյալ որոշումը.
1. «Շիրակ» ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի հրահրմամբ թիմը լքել է խաղադաշտը, եւ խաղն անավարտ է մնացել: Նշանակվել է պատիժ. «Շիրակ» թիմին գրանցվել է պարտություն 0-3 հաշվով, ակումբը տուգանվել է 200 հազար դրամ:
2. Գառնիկ Խաչատրյանին զրկել պաշտոնական պարտականությունների կատարման իրավունքից մինչեւ առաջնության ավարտը եւ անձամբ տուգանել 250 հազար դրամ: Գործկոմին առաջարկել քննարկել իր անդամի վարքագիծը եւ տալ համապատասխան գնահատական:
3. Զգուշացնել «Շիրակ» ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանին, որ եթե այս տարվա առաջնությունում թույլ տրվի խաղադաշտի լքման կամ խաղին չներկայանալու փաստ, ապա թիմը կզրկվի առաջնությանը մասնակցելու իրավունքից, ֆուտբոլիստները կստանան ազատ խաղացողի կարգավիճակ: