Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 8-9-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռումինիայի Հանրապետության նախագահ Իոն Իլիեսկուն:
Ռումինիայի պաշտոնական պատվիրակության կազմում են նախարարներ, նախագահի խորհրդականներ, պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում Հայաստան կժամանեն նաեւ մի խումբ գործարարներ եւ լրագրողներ:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Իոն Իլիեսկուի առանձնազրույցը: Այնուհետեւ նախագահների մասնակցությամբ տեղի կունենան ընդլայնված կազմով հայ-ռումինական բանակցությունները, որոնց արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Նախատեսվում է նաեւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:
Օրվա երկրորդ կեսին Ռումինիայի նախագահը կայցելի Ազգային ժողով, ուր հանդիպում կունենա ԱԺ նախագահի, տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ:
Երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի պատվին կտրվի պաշտոնական ճաշկերույթ:
Պաշտոնական այցի երկրորդ օրը Իոն Իլիեսկուն կայցելի Սուրբ Էջմիածնի Մայր տաճար եւ Գանձատուն:
Ռումինական պատվիրակությունը կայցելի նաեւ ՄԵծ եղեռնի հուշահամալիր, Ռումինիայի նախագահը ծաղկեպսակ կդնի 1915 թ. զոհերի հուշակոթողին եւ կմասնակցի ծառատունկի արարողությանը:
Երեւանի պետական համալսարանում Իոն Իլիեսկուն հանդիպում կունենա ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
Այցի շրջանակում Ռումինիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ ազգային պատկերասրահ:
Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ճանապարհման պաշտոնական արարողությունից հետո Ռումինիայի Հանրապետության պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: