Այն բանից հետո, երբ նախագահ Բուշն արաբական չափավորական համարվող երկրներին հակաահաբեկչական միջազգային կոալիցիային միացնելու համար հայտարարեց Պաղեստին պետության ստեղծման «ամերիկյան տեսլականի» մասին, Իսրայելում պետական եւ կուսակցական շրջանակներում առաջացավ մեծ մտավախություն եւ բողոքի ալիք, որի արտահայտիչը հինգշաբթի օրը եղավ վարչապետ Արիել Շարոնը: Վերջինս հայտարարեց, որ «Իսրայելն իր հույսը դրել է բացառապես ինքն իր վրա եւ ահաբեկչության դեմ կռվելու է մենակ»: Նա հորդորեց Մ. Նահանգներինՙ արաբների հետ իր հարաբերությունները չլուծել հրեական պետության հաշվին:
Երեկ պատասխանելով Շարոնի հայտարարությանը, Մ. Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելն ասաց. «Իսրայելը Մ. Նահանգներից ավելի ամուր բարեկամ չունի»: Երկիմաստ այս պատասխանով պետքարտուղարը հավանաբար ուզեց ասել, որ Հրեական պետությունն ինքն է կախման մեջ Վաշինգտոնի աջակցությունից:
Երեկ Նյու Յորքից «Ազգի» թղթակիցը տեղեկացրեց, որ Մ. Նահանգներում հրեական շուրջ 50 կազմակերպություններ այսօր կոչ են հղելու նախագահ Բուշինՙ հրաժարվելու Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրությունից: Փոխանակ ահաբեկչության դեմ պայքարելու, ասված է այդ կոչում, դուք պատրաստվում եք ճանաչել ահաբեկչական պաղեստինյան կազմավորումներին իբրեւ պետություն:
Ըստ մեր թղթակցի, որն իր տեղեկությունները քաղել է ՄԱԿ-ի շրջանակներից, առաջիկա նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սկսվելու են Պաղեստինի հարցի քննարկումները: