ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի «Ժողովրդավարությունՙ իրավունքի միջոցով», Եվրոպական հանձնաժողովի, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների Սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանս» միջազգային կազմակերպության եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ այսօր «Անի» հյուրանոցում աշխատանքն սկսեց «Սամանադրական արդարադատության անկախության երաշխիքները եւ Սահմանադրական դատարանի որոշումների ներազդեցությունը հասարակական պրակտիկայի վրա» թեմայով երկօրյա սեմինարը: ՌԴ-ից, Ուզբեկստանից, Հունաստանից, Եվրախորհրդից հրավիրված սահմանադրական իրավունքի մասնագետները կանդրադառնան սահմանադրական արդարադատության բնագավառում իրենց երկրների փորձին, դատական անկախությունը:
Ներկայացնելով սահմանադրական արդարադատությունը Ռուսաստանի դաշնությունում, ՌԴ ՍԴ անդամ Նիկոլայ Վիտրուկը նշեց, որ 10 տարվա գործունեության ընթացքում իրենց որոշումները մեծ նշանակություն են ունեցել Ռուսաստանի հասարակության, ժողովրդավարության կայացման հարցում: Ըստ նրա, ՌԴ, ինչպես նաեւ այլ երկրների Սահմանադրական դատարանի անկախության հարցն ամենակարեւորներից է: Ն. Վիտրուկի խոսքերով, ՍԴ-ն հաշվետու եւ ենթակա չէ պետական որեւէ մարմնի, եւ հենց այդ անկախությանն է ենթարկվում ՍԴ իրազեկությունը, նրա ձեւավորման միջոցները, ՍԴ դատարանի դատավորների բարձր կարգավիճակը:
ՌԴ ՍԴ անդամի կարծիքով, հետխորհրդային բոլոր պետությունների համար ՍԴ անկախության իրական ապահովումը գերխնդիր է մնում, որովհետեւ մի բան է անկախությունն ամրագրել օրենքով, մեկ այլՙ այն իրականում ապահովել:
Սեմինարի ընդմիջմանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցում Գ. Հարությունյանը պարզաբանեց, որ սահմանադրական բարեփոխումների ենթատեքստում համակարգային մոտեցում է ցուցաբերվում ՍԴ անկախության հարցին, այդ թվումՙ գործառնական եւ նյութական:
«Մեր մոտեցումն այն է, որ ՍԴ-ն դատական իշխանության ինստիտուտ է: Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ՍԴ դիմող սուբյեկտների թիվն այնքան սահմանափակ լինի, որքան Հայաստանում, չկա նաեւ որեւէ երկիր, որտեղ ԱԺ 1/3-ը իրավունք ունենան դիմել ՍԴ», ասաց նա:
Գ. Հարությունյանի խոսքերով, Սահմանադրական արդարադատության ամբողջ իմաստը Սահմանադրության գերակայության ապահովումն է, երաշխիքներն էլ պետք է ամրագրվեն Սահմանադրության մեջ: