«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2001-10-04 | #180, 2001-10-05 | #181, 2001-10-06


«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆՆ» ԱՅԼԵՎՍ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ. ԻՆՉՈ՞Ւ

«Նոյյան տապան» հեռուստաընկերության պաշտպանության կոմիտեի նախագահ, լրագրող Արմեն Դարբինյանը երեկ լրատվամիջոցներին հայտնեց, որ «Արարատ սերվիս» ՍՊԸ «Լոտոս» հեռուստատեսության հետ բանակցություններըՙ «ՆՏ»-ի ընդհատված եթերը վերականգնելու կապակցությամբ, անարդյունք են անցել, եւ կոմիտեի հաջորդ քայլը լինելու է դատարանի օգնությանը դիմելը: «Լոտոսի» նախագահ Պավել Ավագյանի եւ «Նոյյան տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանի միջեւ կնքված պայմանագիրըՙ 1 տարի եւ 10-11 ամիս գործելուց հետո, ընդհատվել էՙ կողմերից առաջինի նախաձեռնությամբ: Պայմանագիրը կնքված էր 3 տարի ժամկետով. «Լոտոսը», որին պատկանում էր հեռարձակման իրավունքը, եւ «Նոյյան տապանը», որին պատկանում էր հեռուստատեսային արտադրանքը, համաձայն այդ պայմանագրիՙ պիտի յուրաքանչյուրը 50-ական տոկոսով տնօրիներ ընդհանուր եկամուտը, իսկ պայմանագիրը վաղաժամ ընդհատելու դեպքումՙ եւս 6 ամիս շարունակեր եթեր դուրս գալ: Այսպիսով, «Նոյյան տապանը» պնդում է, որ բոլոր հիմքերն ունի իրեն տուժած կողմ համարելու, քանզի պայմանագրի համապատասխան կետըՙ 6-ամսյա եթերի վերաբերյալ, խախտվել է:

Հիշեցնենք, որ «Նոյյան տապանը» եթեր էր դուրս գալիս մոսկովյան «TB-6» հեռուստաալիքով. վերջինի հաղորդումները, փաստորեն, Երեւանում նույնպես չեն հեռարձակվումՙ եթերի ընդհատման պատճառով: «Լոտոսի» եւ «Նոյյան տապանի» միջեւ պայմանագիրը կնքվել էր 1999-ին, ու, վերոհիշյալ պաշտպանության կոմիտեի պնդումներով, անհիմն է ընդհատվել, քանի որ շուրջ 2 տարվա համատեղ գործունեության ընթացքում կողմերը դժգոհության առիթ չեն տվել միմյանց: Այդուհանդերձ, «Լոտոսը» պահանջել է, որ «Նոյյան տապանն» այլեւս եթեր չհեռարձակի իր հաղորդումները, իսկ սեպտեմբերի 14-ին ընդհատել է պայմանագրային պարտավորությունների կատարումը եւ անջատել հաղորդակը: Պաշտպանության կոմիտեի կարծիքովՙ «Նոյյան տապանի» հանդեպ տարվում է հատուկ անբարյացակամ քաղաքականություն: «Ապացույցներից մեկն էլ այն է, որ 1997-ից ի վեր «Նոյյան տապանը» փորձում է սեփական հեռուստաալիք ունենալ, սակայն ամեն անգամ անհասկանալի խոչընդոտների է հանդիպում», ասացին նրանք: Ակնհայտ է, որ «Նոյյան տապանի» պաշտպանության կոմիտեն այս ամենում տեսնում է նախ եւ առաջ քաղաքական ենթատեքստ, թեպետ ասուլիսի սկզբում նրանք բացահայտորեն չէին խոսում դրա վերաբերյալ: Ընթացքում, սակայն, կոմիտեի նախագահն ակնարկեց, թե «ո՚չ իշխանությունները, ո՚չ էլ ընդդիմությունը չեն համակերպվում իրապես ազատ լրատվամիջոցների գոյությանը, քանի որ ձգտում են անպայման ազդել տվյալ լրատվամիջոցի վրա, ինչը «Նոյյան տապանի» դեպքում չի ստացվել.»:

«Նոյյան տապանը» եթեր էր դուրս գալիս միայն լուրերի թողարկումներով եւ «5-րդ խոսափող» հաղորդաշարով: Վերջինը, Ա. Դարբինյանի կարծիքով, սուր եւ համարձակ հաղորդաշար էր: Նշենք, սակայն, որ հայկական հեռուստատեսության եթերում քիչ չեն սուր հաղորդաշարերը, որոնք շարունակում են ցուցադրվել, այնպես որ հազիվ թե պատճառը թաքնված լինի այդտեղ: Մեկ այլ փաստ էլ վկայակոչեց պաշտպանության կոմիտեի նախագահը. Արկադի Վարդանյանի անձին ու հայաստանյան գործունեությանն առնչվող քաղաքական աղմուկի օրերին «Նոյյան տապանը», չնայած ինչ-ինչ արգելքներին, նկարահանումներ է կատարել իրադարձությունների վայրում, ինչի հետեւանքով էլ, ըստ Ա. Դարբինյանի, 3 օր շարունակ զրկված էր եթերից: Նման պատճառաբանությունները, թերեւս, նույնպես վճռորոշ նշանակություն չունեն, քանզի, թող թույլ տրվի ասել, ընդդիմադիր համարվող լրատվամիջոցները երբեմն շատ ավելի համարձակ քայլերի են դիմում: Այդուհանդերձ, «Նոյյան տապանի» մեր գործընկերներն իրոք դժվարին կացության մեջ են հայտնվել եւ մյուս լրատվամիջոցների աջակցության կարիքն ունեն: Նրանք դիմել են ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, նրա տեղակալ Շամիրամ Աղաբեկյանինՙ խնդրելով կարգավորել սեփական եթերային հաճախականություն ունենալու իրենց վաղեմի երազանքը, որին հետամուտ են 1997-ից: Առայժմ, սակայն, հանձնաժողովը չի կարողացել զբաղվել այդ հարցով, քանի որ ռադիոյի եւ հեռուստատեսության մասին պետական օրենքում նոր լրացումներ ու փոփոխություններ են կատարվում: Այսպիսով, «Նոյյան տապանի» շուրջ աղմուկն, ըստ երեւույթին, կհասնի դատական ատյաններ, իսկ սեփական հաճախականություն ունենալու երազանքը, հուսանք, առաջիկայում կիրականանա.

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4