«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2001-10-04 | #180, 2001-10-05 | #181, 2001-10-06


ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ ուսուցչի ավանդական օր է համարվում հոկտեմբերի առաջին կիրակին, ԼՂՀ-ում, գործող տոնացույցի համաձայն, տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին:

Այս տարի անցկացվող համապարփակ միջոցառումներին ավելացել է եւս մեկը: ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կոլեգիայի որոշմամբ, առաջին անգամ Արցախում կազմակերպվում են «Աթայանական ընթերցումներ»ՙ նվիրված 20-րդ դարի լավագույն մանկավարժ, Ասկերանի շրջանի Ավետարանոցի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Իվան Աթայանի ծննդյան 70-ամյակին:

Դեռեւս ԽՍՀՄ օրոք Ի. Աթայանը եղել է համամիութենական նշանակության ժողովրդական ուսուցիչ եւ իր մանկավարժական-հասարակական գործունեությամբ մեծ հարգանք վայելել: ԿԳՆ կոլեգիայի որոշմամբՙ «Աթայանական ընթերցումները» կանցկացվեն Ավետարանոց գյուղում, ավանդաբար ամեն տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այդ առթիվ նախարարությունը սահմանել է նաեւ Իվան Աթայանի անվան հուշամեդալ, որին կարող են հավակնել հանրակրթության ու բուհական համակարգերի ակնառու հաջողությունների հասած աշխատողները: Նշված հուշամեդալով կարող են պարգեւատրվել նաեւ ՀՀ եւ սփյուռքի նշանավոր ուսուցիչներ, հայանպաստ կրթամշակութային գործունեություն ծավալած գործիչներ:

Երեկ հյուրերի եւ կրթության տեղացի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցան առարկայական մասնախմբային ընթերցումներ, ինչպես նաեւ ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն Ստեփանակերտի երիտասարդության պալատում: «Աթայանական ընթերցումները», ինչպես նշված է օրակարգում, տեղի կունենան այսօրՙ Ավետարանոց գյուղում:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4