ՄԱԿ-ի գործողություններն է ներկայացնում Հայաստանում այդ կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Վ. Տկաչուկը
«Մեծ մասշտաբների հումանիտար ճգնաժամ է ստեղծվում այսօր Աֆղանստանում: Քսան տարվա դաժան հակամարտությունների, երեք տարվա խիստ երաշտի եւ մարդու իրավունքների մեծածավալ ոտնահարումների, նաեւ ներկա աշխարհաքաղաքական ճգնաժամի հետեւանքով առաջացած ժողովրդական նշանակալի ճգնաժամերն ավելի քան 5 մլն մարդու, մեծամասնությունը կանայք եւ երեխաներ, հասցրել են ծայրաստիճան աղքատության, սովի, հիվանդությունների եզրին»: Այսպես են սկսում ՄԱԿ-ի մարդասիրական խնդիրներով զբաղվող վեց ենթակառույցներն իրենց համատեղ հայտարարությունըՙ հավաստելով ՄԱԿ-ի օգնությունն ու կոչ անելով աշխարհի բոլոր երկրներինՙ օգնության ձեռք մեկնել: Հայտարարությունը շեշտում է Պակիստանի եւ Իրանի տարած հսկայական բեռըՙ 3,5 մլն աֆղանցի փախստականների ընդունումն իրենց երկրներումՙ դարձյալ կոչելով միջազգային հանրությանը օժանդակություն ցուցաբերել ապաստան տվող այս պետություններին:
Սրան զուգահեռ շատ պետություններ տեսակետ են հայտնում, թե կողմնակից են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտերի հետքերով հակաահաբեկչական գործողություններն անցկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում: Փաստորեն մի կողմից իր հումանիտար առաքելության, մյուս կողմիցՙ ռազմական գործողությունների համակարգման երկվության մեջ ինչպե՞ս է պատկերացնում ՄԱԿ-ն իր գործողությունները: «Ազգի» հարցերին պատասխանում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, հանրային տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը:
- Պրն Տկաչուկ, ԱՄՆ-ում ահաբեկչական դեպքերից հետո աշխարհում ստեղծված իրավիճակումՙ մասնավորապես Աֆղանստանի ռմբակոծման հեռանկարով, ի՞նչ դեր է իր համար պատկերացնում ՄԱԿ-ը:
- Սեպտեմբերի 11-ին կատարվածը մարտահրավեր էր մարդկությանը, մարդկային նորմալ ցանկացած գոյակցությանը: Իրապես առաջացավ պատերազմական իրավիճակ, որը կպահանջի բոլորի համատեղ ջանքերը:
Սեպտեմբերի 11-ին աշխարհը մտավ նոր փուլ: Եվ այս առումով ՄԱԿ-ը բավական օպերատիվ գործեց: Խոսքս նախՙ ահաբեկչության անմիջապես հաջորդ օրվա մեր բանաձեւի մասին է, որ միջազգային հանրությանը կոչեց ահաբեկչության դեմ գործողությունների: Այնուհետեւՙ սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ն ընդունեց երկրորդՙ ավելի կոնկրետ բանաձեւը: Սրանից զատ ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ 12 փաստաթուղթ կա: Կուզեի առանձնացնել վավերացման սպասող երկու կոնվենցիաՙ ահաբեկչական ակտերի դեպքում ռմբակոծումների եւ ահաբեկչության աղբյուրների ֆինանսավորման վերաբերյալ: Ամենագլխավոր քայլը, որ կարող է կանգնեցնել ահաբեկչությունը, հատկապես այնպիսի մասշտաբային գործողություններ, ինչպիսիք էին սեպտեմբերի 11-ինը, սրանց ֆինանսավորման ճանապարհների փակումն է:
Այդ պատճառով էլ միջազգային ահաբեկչությանն առնչվող ցանկացած խնդիրների շուրջ տեղեկատվության միջազգային փոխանակման վերաբերյալ ՄԱԿ-ի թեզիսը խիստ կարեւոր է: Միջազգային համագործակցությունն այսօր այլընտրանք չունի: Որքան էլ հզոր լինեն առանձին պետություններըՙ թե՚ տնտեսապես, թե՚ քաղաքականապես, թե՚ ռազմական առումով, նրանք ի զորու չեն միայնակ լուծել այսօրվա առաջադրած խնդիրները:
Սակայն հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկելիս բոլոր երկրները պիտի հիշեն, որ ցանկացած պատերազմ բերում է խաղաղ բնակչության զոհերի: Հակաահաբեկչական գործողություններից անկախ չպիտի մոռանանք հումանիտար առաքելությունները, որ իրականացնում է ՄԱԿ-ը:
- Խոսքը Աֆղանստանում մարդասիրական օգնության մասին է: Ինչպե՞ս է ՄԱԿ-ը պատրաստվում գործել, երբ բոլոր աշխատակիցները դուրս են բերված այդ երկրից:
- Մեր աշխատակիցներն իսկապես դուրս են բերված Աֆղանստանից անվտանգության նկատառումով: Նրանք այսօր գործում են Պակիստանի տարածքից, որն այս առումով վերածվել է բուֆերային գոտու: Պակիստանի սահմանն Աֆղանստանի հետ փակ է, եւ Պակիստանին կարելի է հասկանալ: Նա էլ տնտեսապես գերազանց վիճակում չէ ու չի կարող դիմանալ փախստականների նման հոսքի: Բայց աշխատանքներ տարվում են, եւ հումանիտար օգնության առաքման համար սահմանը կբացվի: Աղքատության դեմ պայքարի զարգացման, առողջապահական առաջընթացի համար եւ մյուս խնդիրներով ՄԱԿ-ի աշխատանքները չպիտի մոռացվեն: Նրանք չեն անցնում երկրորդ պլան: Ահաբեկչության դեմ պայքարը կարեւոր է, բայց մյուս խնդիրներն էլ մնում են ուժի մեջ:
- Որոշ երկրներ կողմնակից են հակաահաբեկչական գործողություններն անցկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներում: Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդիրը:
- ՄԱԿ-ի դերը հակաահաբեկչական գործողությունների առումով փաստորեն կարեւորում են նրա անդամ առաջավոր բոլոր երկրները: Թե՚ ՌԴ, թե՚ ԱՄՆ, եւ թե՚ վետոյի իրավունք ունեցող մյուս ՄԱԿ-ի անդամ պետությունները հայտարարել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի մասին: Այսօր արդեն շատ կոնկրետ է հնչում միտքը, որ ինչպիսի հակաահաբեկչական գործողությունների մասին էլ լինի խոսքը, դրանք պիտի ձեռնարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավորության ներքո:
Սա կարեւոր է, քանի որ նշանակում է, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում հետագա բոլոր քայլերում առկա կլինեն իրավաբանական, մարդասիրական, ի վերջո մարդկային գործոնները: Սրանք, իհարկե, այսօրվա պատկերացումներն են, ժամանակը ցույց կտա:
Այսպիսով, մի կողմից մենք պիտի պայքարենք ահաբեկչության դեմ, մյուս կողմից էլՙ զբաղվենք փախստականների, հենց Աֆղանստանում եղած բնակչության ծանրագույն վիճակը շտկող խնդիրներով: Այսպիսի փիլիսոփայական հարց: