ՀԱՅԱՍՏԱՆ-ՆՈՐՎԵԳԻԱՙ 2-0 (0-0)
Աբովյան, «Կոտայք» մարզադաշտ, 5 հոկտեմբերի:
Մրցավարՙ Փոլ Անդրյու Դուրսո (Անգլիա):
ՀԱՅԱՍՏԱՆ
Նիկոլայ Սարգսյան, Արսեն Սիմոնյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աշոտ Գրիգորյան, Արտակ Գրիգորյան, Սերգեյ Էրզրումյան (Արսեն Մելոյան, 69), Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Եղիշե Մելիքյան, Արա Հակոբյան (Կարեն Խաչատրյան, 89), Նշան Էրզրումյան (Արամ Հակոբյան, 59):
ՆՈՐՎԵԳԻԱ
Էսպեն Յոնսեն, Թոմաս Հոլմ, Ազար Կարադաս, Մոդու Կա (Էռլենդ Օռմբորստադ, 71), Բրեդ Հանգելան, Ֆրեդրիկ Լյուդվիգսեն (Ալեքսանդր Օդեգարդ, 87), Էսպեն Շտյուգարտ, Ռունե Բոլսեթ, Ալեքս Վալենսիա, Մագն Հոսեթ, Քիստեր Ջորջ (Թոմի Քնարվիկ, 84):
Գոլերը խփեց Արա Հակոբյանը (66, 86):
Զգուշացվեցին Արսեն Սիմոնյանը, Արա Հակոբյանը:
Մարզական առումով հանդիպման բարեհաջող ելքն ավելի կարեւոր էր նորվեգացիների համար, որոնք պայքարում էին եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Խմբում երկրորդ տեղը գրավելու համար հյուրերին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականն էլ պատվասիրական նկրտումներով էր խաղադաշտ դուրս եկել: Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն այս տարվա մրցախաղերին իրենց գերազանց էին դրսեւորել եւ բնական էր նրանց ձգտումըՙ վերջին խաղն էլ հաղթանակով ավարտել:
Առաջին իսկ րոպեներից խաղադաշտում ծավալվեց աշխույժ ու թեժ մրցակցություն: Հարկ է խոստովանել, որ հանձինս նորվեգացիների, մեր թիմն ուներ ուժեղ մրցակից: Եվ ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, հյուրերը տեխնիկապես գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինՙ աչքի ընկնելով ֆիզիկական լավ պատրաստվածությամբ, խաղային որակներով: Ուստի նորվեգացիների նկատմամբ տոնած համոզիչ հաղթանակն էլ ավելի է արժեւորվում:
Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին խաղային եւ տարածքային նկատելի առավելություն: Հարձակման եզրերում ակտիվ էին գործում Եղիշե Մելիքյանն ու Արա Հակոբյանը, որոնց պատեհ առիթի դեպքում խաղընկերները հարվածային դիրք էին դուրս բերում հմուտ փոխանցումների շնորհիվ: Արդեն 6-րդ րոպեին հյուրերի դարպասին առաջին վտանգավոր պահը ստեղծվեց, երբ Արա Հակոբյանը մեծ արագությամբ մտավ տուգանային հրապարակ եւ հարվածեց դարպասին: 4 րոպե անց հետեւեց Եղիշե Մելիքյանի հեռահար հարվածը, որից հետո հյուրերի դարպասապահը մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Իրենց հերթին հյուրերն էլ հարձակման գծում բավական ակտիվ էին գործում: Հիշարժան էր Լյուդվիգսենի հարվածը, որը հետ մղեց դարպասապահ Սարգսյանը: Մինչեւ ընդմիջում, եւս երկու վտանգավոր պահ ստեղծվեց հյուրերի դարպասին մեր թիմի ամենաակտիվ խաղացողիՙ Արա Հակոբյանի ջանքերով: Առաջին դեպքում նրա անհատական անցումը դժվարությամբ կասեցրեց դարպասապահը, երկրորդ դրվագում հետեւեց փոխանցում Նշան Էրզրումյանին, սակայն վերջինս գնդակին չհասավ:
Ընդմիջումից հետո էլ խաղադաշտում պայքարի լարվածությունը չթուլացավ: Հյուրերն ակտիվ սկսեցին խաղը, բայց այդպես էլ մեր դարպասին լրջորեն սպառնալ չհաջողվեց: Պաշտպաններն Ալեքսանդր Թադեւոսյանի գլխավորությամբ հստակ էին չեզոքացնում հյուրերի գրոհները, իսկ հարկ եղած դեպքումՙ խաղին միջամտում էր դարպասապահը:
Ի պատիվ մեր մարզիչների եւ խաղացողներիՙ երկրորդ խաղակեսում ՀՀ հավաքականը խաղը կառուցելով հակագրոհների վրա, երկու անգամ հասավ հաջողության: Խփված երկու գոլերն էլ Արա Հակոբյանի անհատական վարպետության եւ բարձր տեխնիկայի արդյունք էին: 66-րդ րոպեին նա հմուտ խաբքով ձերբազատվեց պաշտպանից, մտավ տուգանային հրապարակ, խաբս տվեց նաեւ դարպասապահին եւ գրավեց դարպասը, իսկ խաղավերջում խորքից ստանալով Մելոյանի ճշգրիտ փոխանցումը, սրընթաց առաջ շարժվեց եւ իրեն ընդառաջ դուրս եկած դարպասապահի կողքով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
ՀՀ երիտասարդական հավաքականը համոզիչ հաղթանակ տոնեց, որի առթիվ շնորհավորում ենք մարզիչներին եւ ֆուտբոլիստներին եւ նույնը ցանկանում մեր ազգային հավաքականին այսօրվա խաղում: Մեր երիտասարդ ֆուտբոլիստներն իրոք արժանի են դրվատանքի: