ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է ընդունել Աֆղանստանում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ: Նրանում ասված է.
«Այսօր ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանին ներկայացրեցին ԱՄՆ-ի կողմից հետաքննության արդյունքում հավաքված ապացույցները սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին Ալ-Ղաիդա կազմակերպության մեղսակցության վերաբերյալ:
Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չեղավ հասնել սեպտեմբերի 11-ի գործողությունների հետեւում կանգնած միջազգային ահաբեկչության կազմակերպիչների հանձնմանը ԱՄՆ-ի արդարադատությանը:
Հայաստանը եւս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիային եւ գտնում է, որ միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն առանձին պետությունների, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Դրա դեմ նախաձեռնված պայքարը պետք է լինի հետեւողական եւ հաստատակամ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը հույս է հայտնում, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի տարածաշրջանային համընդհանուր անկայունության եւ Աֆղանստանի խաղաղ բնակչության իրավիճակի հետագա վատթարացման»: