ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ոգեւորված Թուրքիայի հրամանատարական անձնակազմի ղեկավար Հուսեյն Քիվրիքօղլուի հետ ունեցած հանդիպումից, այն համոզմունքն է հայտնել, որ «հայերի կողմից իրականացված ահաբեկչական գործողություններն աստիճանաբար դիմակազրկվում են»: Նա գտնում է, որ «հայկական ահաբեկչությունը պիտի դրվի միջազգային մյուս ահաբեկչությունների հետ նույն հարթակի վրա»:
Ադրբեջանում, ըստ «Ազատության», ներկայումս այն տեսակետն է զարգանում, որ միջազգային արդի իրադրությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի դեմ հակաահաբեկչական գործողություններ սկսելու լավ հնարավորություն:
Դա «Զերկալո» թերթը հետեւյալ կերպ է բացատրում. «Քանի դեռ ԱՄՆ վարչակազմը զբաղված է թալիբանին, Ռուսաստանըՙ չեչեններին պատժելու խնդրով, Ադրբեջանն էլ պիտի օգտվի հանգամանքից Ղարաբաղը «ազատագրելու համար»: Ու քանի որ 907 բանաձեւը դեռեւս գործում է ընդդեմ Ադրբեջանի, հավելյալ պատժամիջոցները չեն կարող սպառնալ Բաքվին, եթե այն սկսի հակաահաբեկչական գործողություններ Լեռնային Ղարաբաղում: «Մենք պիտի շատ արագ գործենք, առանց պահը բաց թողնելու իրավունքի», պնդում է թերթը:
Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ ուլ իսլամ հաջի Ալլահ Շուքուր-Փաշազադեն իր օրհնությունն է հայտնել Ադրբեջանի պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարներինՙ Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ սկսելու համար: «Քանի դեռ աշխարհը պայքարում է ընդդեմ ահաբեկիչների, Ադրբեջանը պիտի դրանից կարողանա օգուտ քաղել: Ամբողջ աշխարհին պիտի հայտարարենք, որ Ղարաբաղը ահաբեկչության բույն է», ասել է նա:
Հայաստանի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմական գործողություններ սկսող կողմն անխուսափելիորեն կպարտվի, Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը տվել է հետեւյալ պատասխանը. «Եթե Ադրբեջանը որոշի ազատագրել Լեռնային Ղարաբաղը, դա չի համարվի ռազմական ներխուժում, այլՙ սեփական տարածքների ազատագրում»: Նրա համոզմամբ, դա մի օր պիտի տեղի ունենա:
Գուլիեւին շատ է անհանգստացրել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այն սպառնալիքը, որ Լեռնային Ղարաբաղում որեւէ գործողություն շատ թանկ կնստի Բաքվի վրա: «Ոչ ոք չի կարող առարկել տարածքային իր ամբողջականությունը վերականգնելու Ադրբեջանի իրավունքի դեմ»,-ասել է նա, պնդելով, որ Ադրբեջանի այդ իրավունքը ճանաչել է Եվրոպայի խորհուրդը: