Երեկ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում տեղեկացվեց ինտերնետ ցանցի Հայաստանի առաջին որոնման համակարգի ստեղծման վերաբերյալ: Այն կկոչվի «Բանբեր»: Ինչպես լրագրողներին հայտնեց «Հայհամակարգիչ» կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանըՙ յուրաքանչյուր լեզվի համար ստեղծվում են որոնման համակարգեր: Օրինակ, ռուսերենի համար դա «Ռամբլերն» է: «Բանբերը» հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների համար է լինելու: Կոնկրետ հայերեն որոնման համակարգը, ըստ «Հայհամակարգչի» տնօրենի, յուրահատուկ է:
Մամուլի ասուլիսին մասնակցում էր եւ նոր ստեղծված համակարգի մասին իր տեսակետն արտահայտեց նաեւ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ նախարարությունն աջակցելու է բոլոր ընկերություններին, որոնք իրենց նորարարություններն ու առաջարկները կներկայացնեն: Իսկ որոնման համակարգն անհրաժեշտ համարեց տեղեկատվությունն արագ գտնելու համար: Լինելով նաեւ Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների աջակցության խորհրդի քարտուղար, Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ խորհրդի առաջիկա նիստը նվիրված է լինելու հայերենով հայկական էջերի ստեղծմանը, այսինքնՙ այս ոլորտի մասսայականացմանը Հայաստանում:
Ա. Մ.