Արդեն 10 տարի Հայաստանի ամերիկյան համալսարանը պատրաստում է մասնագետներ տնտեսության, քաղաքագիտության, ճարտարագիտության, առողջապահության, իրավագիտության եւ այլ ոլորտներում աշխատելուՙ ի նպաստ Հայաստանի «տնտեսության նորացման եւ կյանքի զարգացման»:
ՀԱՀ-ի այս տարվա ավարտական հանդիսությունն անցավ շուքով եւ խանդավառությամբ: Սա իսկապես տոնակատարություն էրՙ կազմակերպված խնամքով եւ ամենայն նախանձախնդրությամբ, որ հավաստիացումն էր ՀԱՀ-ի շնորհած վկայագրերի եւ կոչումների, եւ ընդհանրապես համալսարանական կրթության նկատմամբ սեփական հարգանքի եւ կարեւորության:
Արարողությանը մասնակից էին 7 ծրագրերիՙ 2001 թ. 103 շրջանավարտներՙ ավարտական զգեստներով, համալսարանի նախագահը, փոխնախագահը, քոլեջների դեկանները, դասախոսական կազմը: Հայաստանի եւ ԱՄՆ-ի օրհներգերից հետո Մայր աթոռ Սբ. Էջմիածնից ներկաներին բարեմաղթանքի եւ օրհնանքի խոսք հղեց Տեր Նավասարդ եպս. Կճոյանը: Արարողությունն անցկացրեց եւ համալսարանի գործունեությանն անդրադարձավ ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը: Ողջույնի խոսք հնչեց Կալիֆոռնիայի համալսարանից (տեսաֆիլմ): Ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, ավարտական հանդեսի ուղերձներով հանդես եկան շրջանավարտներ Քրիստինա Բայբուրթյանը, Միհրան Սահակյանը:
Համալսարանի տասնամյակի առիթով մեդալներով պարգեւատրվեցին դոկտ. Ծովակ Ավագյանը, պրոֆ. Էդուարդ Ավետիսյանը, դոկտ. Ֆուլլերը եւ պրոֆ. Յուրի Սարգսյանը:
Ելույթ ունեցողները նշեցին համալսարանի դերը Հայաստանի կրթական համակարգում եւ կրթության միջազգային ինտեգրացման հարցում: «Մենք արտասահմանյան կրթությունը բերեցինք Հայաստան, որ դուք չգնաք այստեղից», ասաց ճարտարագիտության համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը: Ներկաները նկատելի ջերմությամբ ընդունեցին ՀԱՀ-ի փոխնախագահ դոկտ. Ֆուլլերի բանաստեղծական եւ անչափ պատկերավոր ելույթը. «Աշխարհի գանձերից մեկը երիտասարդությունն է: Երբ երեխաները խաղում են, գույները չեն նկատում. նրանց սովորեցնել է պետք: Նրանց մեջ մեծ սեր կա միմյանց նկատմամբ, բայց տարիներ հետո փոխվում է անտարբերության: Ինչո՞ւ է այդպես պատահում...
... Այն, ինչ վերցնում եսՙ քեզ տալիս է կենսամակարդակ, ինչ դու ես տալիսՙ քեզ տալիս է կյանք:
Շարունակեք փնտրել ճշմարտությունը»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ