Շուրջ մեկ ու կես տասնամյակ Հայաստանում մարդահամար չի անցկացվել: Հայաստանում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 1989 թ., որը թերի էր: Դա 1988 թ. դեկտեմբերի երկրաշարժից անմիջապես հետո էր: Ժողովրդին մարդահամարը չէր հետաքրքրում եւ աղետի գոտում շատերը չունեին օթեւան, գիշերելու հնարավորություն: Դրան էր գումարվում ղարաբաղյան շարժումը, որին ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի քաղբյուրոն, անձամբ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ղարաբաղյան հարցին դրականապես չէին արձագանքում: Հասկանալի է, որ մարդահամարը չէր կարող տալ համապատասխան արդյունք, չնայած անցկացնողների մտահոգությանը:
Ուստի մարդահամարը ներկայումս խիստ անհրաժեշտություն է, թեեւ կապված է որոշակի դժվարությունների հետ: Դժվարությունները բացատրվում են ոչ միայն այդ նպատակի համար տրամադրվող միջոցների սղությամբ, այլեւ ժողովրդագրական իրավիճակով:
Վերջին 10-12 տարիների ընթացքում երկրում ստեղծվել է այնպիսի կացություն, երբ անհնարին է Հայաստանում մշտական բնակչության իրական ճշգրիտ թիվը եւ նրանից բխող ժողովրդագրական բնութագրությունը ներկայացնելը: Բանն այն է, որ այդ ընթացքում Հայաստանի բնակչության մի զգալի մասն արտագաղթել է:
Առանց այդ էլ ժամանակի ընթացքում հայկական գաղթօջախներ էին գոյացել ԱՊՀ տերություններում եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ավստրալիայում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում, Հնդկաստանում եւ այլ երկրներում:
Գաղթի հետեւանքով դրանցում հայ բնակչության խիստ կենտրոնացումը ուղեկցվեց նոր գաղթօջախների հանդես գալով աշխարհի բոլոր ծագերում, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում, Արաբական աշխարհում, Աֆրիկայում եւ այլուր:
Արտագաղթողները կամ լեգալ, կամ անլեգալ են: Լեգալ բնույթ կրող գաղթականների առնչությունը մարդահամարին բնական է. նրանք տեղում հաշվառման չեն ենթարկվելու, քանի որ այն երկրի քաղաքացիներն են, որտեղ գրանցված են եւ հաստատել են մշտական բնակություն: Ինչ վերաբերում է անլեգալ գաղթականներին, ապա նրանց վիճակը չափազանց բարդ է: Նրանք հիմնականում տարիներ ի վեր չբնակվելով Հայաստանում, հաշվառման մեջ են հայրենիքում եւ կազմում են նրա մշտական բնակչության անբաժանելի մասը:
Մարդահամարի ընթացքում հենց այդ անլեգալ գաղթականները ինչպե՞ս են հաշվառվելու: Ի՞նչ կլինի անլեգալ գաղթականների այն մասի հետ, որոնք, երկար ժամանակով, կապը կտրել են Հայաստանից: Դիցուք նրանք մարդահամարի ընթացքում հաշվառումից դուրս մնացին եւ չհամարվեցին հանրապետության առկա բնակիչներ: Պարզ է, որ նրանց ներկայությունն անխուսափելի է: Նրանք մարդահամարի ընթացքում կարող են ներկա գտնվել եւ հաշվառվել: Հնարավոր է նաեւ, որ անլեգալ գաղթականները Հայաստանում չգտնվելով հանդերձ, զարտուղի ճանապարհներով, ինչ-որ ձեւով գրանցվեն տեղում, եւ նրանց մասին տրվեն որոշակի տեղեկություններ նրանց հարազատների կողմից: Դա, անխոս, սխալ է եւ չի համապատասխանում մարդահամարի բուն էությանը:
Շատ դեպքերում գրանցողներն իրենք էլ կարող են թույլ տալ հայտնի խեղաթյուրում չբնակվողներին որպես առկա բնակչություն ներկայացնելու հարցում: Իշխանությունն էլ իր հերթին, գրանցման հարցում, հատուկ ցուցում կարող է տալ, բնակչության թիվը բարձր մակարդակի վրա պահելու համար: Էլ ի՜նչ մարդահամար, էլ ի՜նչ իրական տվյալներ, չնայած իրական մարդահամարը Հայաստանի համար օրվա հրամայականն է: Ինչքա՜ն զգուշություն է պետք երեւույթները ճիշտ ներկայացնելու համար:
Եթե ինչ-որ չափով հորինովի մարդահամար անցկացվի, ապա խեղաթյուրում տեղի կունենա ոչ միայն բնակչության ընդհանուր թիվը ներկայացնելու տեսակետից, այլեւ կխոտորվի տարիքային բուրգը, թե որ տարիքային խմբում որքան բնակչություն է ընդգրկված, ինչքան են նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաները, երիտասարդները, աշխատունակ ու թոշակառու տարիքի մարդիկ, խնամքի տակ գտնվողները եւ այլն: Բոլոր դեպքերում բնակչության թիվն ինչքան էլ պակաս ստացվի, պետք է ելնել ռեալ իրականությունից, որպեսզի կարողանանք ճիշտ հարաբերակցություն սահմանել աշխատող եւ ոչ աշխատունակ տարիքի բնակչության ընդհանուր թվաքանակի միջեւ: Կխեղաթյուրվի նաեւ բնակչության սեռատարիքային կազմըՙ աշխատանքային բնույթի տեսակետից: Օրինակ, որքա՞ն մարդիկ են զբաղված տարբեր մասնագիտությունների գծով, որքա՞ն նյութական արտադրության եւ ոչ արտադրական ոլորտների ճյուղերում: Առկա բնակչությունից որքա՞նն են բարձր որակավորում ունեցող բանվորները եւ որակավորում չունեցողները, որքա՞նն են ինժեներները, բժիշկները, մանկավարժները, տնտեսագետները, իրավաբանները, ինչքա՞նն են գործազուրկ, դրանք տարիքային ո՞ր խմբերի մեջ են եւ այլն, եւ այլն:
Մարդահամարի ընթացքում հնարավոր կլիներ խուսափել այս երեւույթներից, եթե արտագաղթը լիներ չափավոր, տեղի չունենար ինքնաբերաբար տարեցտարի ավելացող մասշտաբներով: Եվ եթե երեւույթների ընթացքը, ով գիտի, բարվոք դրսեւորվեր, ժամանակի ընթացքում, թե լեգալ, թե անլեգալ գաղթականների մի մասը կարող էր վերադառնալ հայրենիք: Հայաստանում իրավիճակը որքան ուշ կարգավորվի, այնքան անհավանական կլինի նրանց վերադարձը: Բավական է ասել, որ միգրացիայի բացասական մնացորդը կազմել է Հայաստանի ընդհանուր բնակչության մեկ երրորդը:
Բնակչության բնական աճի նվազումը, այսօրվա ահավոր չափերի հասնող արտագաղթը նաեւ ՀՀՇ-ի եւ հետագայում նրանց հովանավորյալների որդեգրած ողբերգական քաղաքականության հետեւանքն են: Անփառունակ, ուռած ու փքված նորաթուխ ղեկավարները, կանգնելով իշխանության գլուխ, միլիոններ դիզելու մոլուցքով տարված, իրենց թերուս քաղաքականությամբ հայրենիքը տարան կործանման: Հարյուր հազարավոր մարդկանց զրկելով օրվա ապրուստիցՙ իրականացրին իրենց փափագը: Առանց առողջ տրամաբանության երեւույթը ծանր ու թեթեւ անելու, հանրապետությունում իրականացվող չնախապատրաստված, հախուռն, հապճեպ եւ անժամանակ մասնավորեցումները (որին ժամանակին դեմ ելան գործից հասկացող մարդիկ) հանգեցրին ժողովրդական միջոցների ոչնչով չարդարացվող մեծ կորուստների:
Արտագաղթի վերստին աճող մասշտաբները ներկայումս կապված են նաեւ վերջին տարիների ընթացքում արտադրական մի շարք խոշոր օբյեկտների եւ ոլորտների մասնավորեցման, անհիմն կերպով օտար երկրների ներկայացուցիչներին էժան գներով նվիրաբերելու փաստի հետ (Արմենտել, կոնյակի գործարան, ոսկու, պեռլիտի եւ այլ հանքեր, ջրատար, հյուրանոցներ եւ այլն): Երկիրը հանել են աճուրդի:
Իհարկե, արտագաղթը որոշակիորեն ազդեց նաեւ բնակչության ծննդաբերության մակարդակի եւ բնական աճի վրա: 1990 թ. ծնվող շուրջ 80 հազարի փոխարեն 2000 թ. ծնվել է 34163 երեխա: Արտագաղթը եւ ցածր ծնունդը հակասում են երկրի պաշտպանունակության եւ ռազմական հզորության շահերին: Այն ընդգրկում է, առաջին հերթին, զինակոչային տարիքի երիտասարդությանը: Նախորդ տասնամյակի համեմատությամբ 2010 թ. զինակոչային տարիքի երեխաների թիվը կպակասի 2-2,5 անգամ: Հանրապետությունում հասարակությունն արտադրողից, մասամբ, վեր է ածվում սպառողի, ավելանում են խնամքի տակ գտնվող ծերերը, քանի որ երիտասարդությունը արտագաղթի մեջ է, իսկ մի զգալի մասն էլ չի աշխատում:
Հայաստանի շահերը թելադրում են գաղթի ընթացքում ընդգրկվել արտաքին աշխատանքի շուկայում եւ շուկայի հետ փոխսերտաճել պետական հիմունքներով: Դա աշխատանքի շուկայի գերլարված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկն է, որը մեծապես կնպաստի բնակչության իրական հաշվարկին:
Աշխատանքի միջազգային բաժանման մեջ Հայաստանը կարող է օգտագործել իր աշխատանքային ներուժը: Որոշելով նրա չափերը, պետությունը պետք է նպաստի բարձր որակավորում ունեցող աշխատուժի ժամանակավոր արտահանությանը, համապատասխան նախադրյալներ ստեղծի աշխատանքային ներուժի որակավորման մակարդակըՙ աստիճանաբար միջազգային չափանիշներին մոտեցնելու համար, մշակի բանական ռազմավարական քաղաքականություն միջազգային մասշտաբներով աշխատուժի արտագաղթի եւ ներգաղթի համար:
Աշխատուժի արտաքին գաղթի կազմակերպումը, զանգվածային հոսքերի ուղղությունների որոշումն ու կարգավորումը Հայաստանի գաղթի քաղաքականության ոլորտից գրեթե դուրս է թողնվել, այն կարող է լինել միանգամայն նոր երեւույթ: Հանրապետության համար աշխատուժի ժամանակավոր արտագաղթի քաղաքականության առանցքը պետք է դառնա արտագաղթող բնակչության հավաքագրումը, ուղղվածության ապահովումը, որը բացառապես հետապնդի ազգային խնդիրների եւ շահերի լուծման նպատակ: Նման արտագաղթը, հաճախ, դիտվում է «ավելցուկ» բնակչությունից եւ «ավելցուկ» աշխատուժից ազատվելու միջոց:
Պետական մակարդակով աշխատուժի ժամանակավոր արտագաղթի ուղին չափազանց կարեւոր է նաեւ երկրի ներսում աշխատանքի շուկան ձեւավորելու եւ կարգավորելու առումով:
Արտագաղթը մեծապես ազդել է ծնվող երեխաների թվի վրա: Արտագաղթի խոշոր չափերի հետ ծննդի մակարդակի վրա ազդել են նաեւ նյութական վատ պայմանները եւ սոցիալ-տնտեսական գործոնների վատ դրսեւորումը: Տեղի են ունենում ծննդի հետ կապված չարդարացված ծախսեր ու չարաշահումներ, այդ թվումՙ հիվանդանոցներում: Ամուսնացող զույգերն ունենում են մեկ կամ լավագույն դեպքում երկու երեխա: Դրա հետ մեկտեղ, երեխաների թիվը նվազում է երիտասարդության, մասնավորապես, աղջիկների չամուսնանալու հետեւանքով: «Ամուսնության շուկայում» բարձրանում է աղջիկների առաջարկը, իջնումՙ պահանջարկը: Աղջիկների որոշ մասն ուշ կամ բնավ չի ամուսնանում, տղաները, թերեւս ուշ, բայց, այնուամենայնիվ, ամուսնանում են իրենց կամքով եւ ունենում են քիչ երեխաներ: Բանն այն է, որ նրանք, մեծ մասամբ, ամուսնանում են ոչ թե իրենց սերնդակից աղջիկների, այլ իրենցից շատ երիտասարդ (5-10 տարով փոքր) աղջիկների հետ եւ ունենում թվով քիչ երեխաներ: Իսկ տղաների սերնդակից աղջիկներին, մեծ մասամբ, ամբողջ կյանքի ընթացքում, չի վիճակվում մայր դառնալ:
Հայ բնակչության թիվը նվազում է նաեւ խառն ամուսնությունների հետեւանքով: Արտագաղթի մեջ գտնվող տղաներն ամուսնանում են այլ ազգության աղջիկների հետ. ծնված երեխաները, մեծ մասամբ, գրանցվում են որպես այլազգի: Աղջիկների համար, իհարկե, շատ լավ կլինի ամուսնանալ իրենց ազգությանը պատկանող տղաների հետ: Բայց, այնուհանդերձ, առաջին պլան է մղվում ամուսնությունը: Նրանց համար արդեն միեւնույն է, ամուսնանում են սեփակա՞ն ազգի տղաների հետ, թե՞ ընտրում են խառն ամուսնություն, միայն թե մայր դառնան:
Արտագաղթի պայմաններում ավելանում են նաեւ ամուսնալուծությունները, թեեւ հայ ժողովրդին հատուկ է եղել աշխարհում ամենացածր ամուսնալուծությունը: Վերջինս բացատրվում էր նրանով, որ հայ ընտանիքները մեծ են եղել, երեխաների թիվըՙ շատ: Ամուսինները միմյանց հետ ինչքան էլ վատ հարաբերությունների մեջ լինեին, շատ դեպքերում, ծանր ու թեթեւ էին անում եւ որոշակի ժամանակից հետո անախորժությունները մատնում էին մոռացության: Նրանք միշտ խորհում էին, որ բաժանվելու եւ նոր ընտանիք կազմելու դեպքում իրենց երեխաները կմնան խորթ մոր կամ խորթ հոր «հոգածությանը»: Դա, վերջին հաշվով, քննություն չէր բռնում, եւ հաղթում էր առողջ բանականությունը:
Իսկ այժմ, որոշակի իմաստով, մեծ մասամբ, այլ է ընտանիք կազմելու ընթացքը. կամ մեկ երեխա են ունենում, կամ բնավ չեն ունենում, երբ ամուսնալուծությունը «հոգ չէ»: Միայնակ մոր կարգավիճակով երեխաների հոգսը դարձել է սովորական երեւույթ:
Աղջիկների մի մասն էլ չի կարողանում ամուսնանալ կյանքում տեղ չունենալու, հաճախ աշխատանք չգտնելու եւ ապրուստ չհայթայթելու պատճառով: Քիչ չեն դեպքերը, երբ նրանք մի կերպ մեկնում են արտասահման եւ զբաղվում մարմնավաճառությամբ:
Ազգը, թեկուզ որքան էլ քաղաքակիրթ ու համապատասխան կրթական մակարդակ ունենա, կանգուն է ոչ միայն իր մշակույթով, ստեղծած նյութական եւ հոգեւոր արժեքներով, այլեւ սերունդների հաջորդափոխությամբ, նրա բնական աճով:
Այնուհանդերձ, եթե արտագաղթի մասշտաբները խիստ փոքրանան, նոր դարի սեմին սպասվում է ծնվող երեխաների բացարձակ թվի աճՙ ամուսնացողների թվաքանակն ավելանալու եւ խառն ամուսնությունները նվազագույնի հասնելու շնորհիվ: Երրորդ հազարամյակի առաջին տասնամյակում ընտանիքների կազմում եղանակ կստեղծի ամբողջ 1980-ականների բարձր ծնունդը: Այդ ընթացքում տարեկան ծնվում էին 78-80 հազար երեխաներ: Նրանց մի մասը, անշուշտ, այսօր հայրենիքում չէ, բայց միեւնույն է, 21-րդ դարի սկզբներին ծնվող երեխաների բացարձակ թիվն ավելանանու միտում կդրսեւորի:
1980-ական թվականների ամբողջ ընթացքի եւ 1990-ականների երկու տարիների բարձր ծնունդը փոքր-ինչ կաշխուժացնի նորածինների երեւան գալը եւ այն, ելեւէջներով կարտահայտվի ոչ միայն նոր դարի առաջին, այլեւ երրորդ եւ հինգերորդ տասնամյակների ընթացքում, հաջորդաբար դրսեւորելով մարվող ալիքի անդրադարձ: Գալիք տարբեր տասնամյակներում ծնունդը կարող է ավելանալ կամ նվազել, սակայն ընդհանուր միտումը կշարունակվի, քանի որ 20-րդ դարի վերջին արտագաղթող բնակչության բացասական մնացորդը, ինչպես նկատեցինք, կազմում էր շուրջ 1 մլն 250-1 մլն 270 հազար մարդ: Ծննդի նվազումը տեղի կունենա նոր դարի երկրորդ, չորրորդ եւ վեցերորդ տասնամյակների ընթացքում: Դա պայմանավորված է 1994 թ. մինչեւ օրս սկիզբ առած ցածր ծնունդով, որոնք ամուսնության տարիք կթեւակոխեն երկրորդ տասնամյակի ընթացքում: Արդեն նկատեցինք, որ 2000 թ. ծնվել է 1990 թվի ծնվածների միայն 38,8 տոկոսը:
Վաղը, մյուս օրը, երբ կյանքն իր պահանջները կթելադրի, ջրի երես դուրս կգան պետական մարմինների վարած քմահաճ քաղաքականության շատ կողմեր, հոսանքն իր հետ կսրբի եւ կտանի այսօրվա չափանիշներով հարցերը «լուծելու» կամային մեխանիզմներն ու մոտեցումները, կիշխեն իրավական օրենքները, որոնց առջեւ հավասար պատասխանատվություն կկրեն բոլորըՙ վերից վար, հասարակությունը կմտնի իր սովորական զարգացման բնականոն հունի մեջ եւ օրինականության պահպանումը կդառնա համընդհանուր երեւույթ: Անշուշտ, դա կպահանջի ժամանակՙ հասարակության եւ տնտեսության կառավարման ժողովրդավարական հիմունքների լիակատար հաղթանակ, այսինքնՙ գործունեության ազատություն, տնտեսության զարգացման ներքին օրինաչափությունների եւ օրենքների տրամաբանական զարգացման ընթացքի բացահայտում, դրանց պահանջներից բխող կառավարման քաղաքակիրթ վարվելաձեւ, խելամիտ մոտեցում եւ գործելակերպ: Դրանով իսկ, այդ ընթացքում խիստ կնվազի արտագաղթը, եւ հնարավոր է, որ աշխուժանա ներգաղթը, եւ բնակչության վերարտադրությունը կընկնի իր նորմալ հունի մեջ, կավելանա ընդհանուր թվաքանակը:
ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս