«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2001-10-05 | #181, 2001-10-06 | #182, 2001-10-09


ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ

Վարուժան Սուքիասյանին այդպես էլ չհաջողվեց «առյուծների թիմ» ստեղծել

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆՈՐՎԵԳԻԱՙ 1-4 (0-0)

Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, 6 հոկտեմբերի, 10 հազար հանդիսական:

Մրցավարՙ Անդրեաս Շլուխտեր (Շվեյցարիա):

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Կարեն Դոխոյան, Ֆելիքս Խոջոյան (Արտավազդ Քարամյան, 63), Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Պետրոսյան, Արթուր Ոսկանյան (Հայկ Հակոբյան, 59), Ալբերտ Սարգսյան, Արկադի Դոխոյան (Արտակ Մինասյան, 74), Արման Քարամյան:

Նորվեգիա- Թոմաս Մյուրե, Անդրե Բերգդոլմո, Ռոնի Յոնսեն (Բյոռնդ Բոռգերսեն, 46), Քրիստեր Բասմա, Յոն Առնե Ռիսե, Ռոար Ստրանդ, Ջոն Քարյու, Յան Դերեկ Սորենսեն (Վիդար Ռիսեթ, 83), Էրիկ Բակկե, Պետեր Ռուդի, Ֆրոդե Յոնսեն (Տորե Անդրե Ֆլու, 90):

Գոլերը խփեցին Ֆրոդե Յոնսենը (50), Ջոն Քարյուն (70, 89), Հայկ Հակոբյանը (71), Բյոռդ Բոռգերսենը (80):

Զգուշացվեցին Հովսեփյանը եւ Սորենսենը:

Ֆուտբոլասերները մարզադաշտ էին եկել այն հույսով, որ գոնե ընտրական մրցաշարի ավարտական խաղում վերջապես կվայելեն ազգային հավաքականի հաղթանակի բերկրանքը: Նույն հույսով խաղադաշտ էին դուրս եկել նաեւ հայ ֆուտբոլիստները, որոնք առաջին իսկ րոպեներից դիմեցին ակտիվ գործողություններիՙ չթաքցնելով հաղթանակ տոնելու իրենց բուռն ձգտումը: Սակայն մի բան է ցանկությունը, մի այլ բանՙ դրա իրագործումը: Ինչպես ցույց տվեց հանդիպումը, միայն խանդավառությամբ անհնար է հաղթել այնպիսի մրցակցի, ինչպիսին Նորվեգիայի ընտրանին է: Հյուրերն իրենց վարպետ խաղով, կատարողական բարձր վարպետությամբ հաճելի տպավորություն թողեցին եւ վարպետության հիանալի դաս տվեցին Հայաստանի հավաքականին: Մեր ֆուտբոլիստներին, իհարկե, դժվար է մեղադրել պայքարից խուսափելու համար, սակայն միայն ոգեւորությամբ ու եռանդով անհնար էր գերազանցել մրցակցին: Ողջ հանդիպման ժամանակ այդպես էլ մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց մտածված կոմբինացիների, «պատ» խաղի շնորհիվ ներխուժել տուգանային հրապարակ եւ գոլային ռեալ պահ ստեղծել: Գրոհները կամ անավարտ էին մնում տուգանային հրապարակի մատույցներում, կամ էլ ավարտվում էին անհասցե փոխանցումներով: Իհարկե, եղան դարպասը գրավելու մի քանի հարմար առիթներ, որոնցից միայն մեկն օգտագործվեց. Քարամյան-Հակոբյան երկքայլ կոմբինացիայից հետո Հայկը գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Սակայն այդ պահին մեր հավաքականը մրցակցին զիջում էր 0-2 հաշվով: Հյուրերն առաջին խաղակեսում հավասար պայքար մղելով, ընդմիջումից հետո դիմեցին վճռական գործողությունների եւ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Նորվեգացիներից իր բարձր վարպետությամբ առանձնացավ Քարյուն, որը միշտ պայքարի բովում էր եւ հարմար առիթը բաց չէր թողնում սպառնալու մեր դարպասին: Հենց նրա անմիջական ջանքերով էլ «ծնվեց» առաջին գոլը: Տուգանային հրապարակում ընդունելով գնդակը, Քարյուն գլխի հարվածով այն ուղարկեց դարպասը: Այդ դրվագում անվստահ խաղաց Բերեզովսկին, ձեռքից բաց թողեց գնդակը եւ վրա հասած Ֆրոդե Յոնսենը գլխի հարվածով բացեց հաշիվը: Հարկ է նշել, որ բաց թողած գոլը որոշ խուճապ առաջացրեց պաշտպանությունում, որը մի քանի դրվագներում եւս կոպիտ սխալներ թույլ տվեց: 70-րդ րոպեին անհատական վարպետությամբ կրկին փայլեց Քարյուն, որը «պատ» խաղարկելով խաղընկերոջ հետ, կրկնապատկեց հաշիվը: Իսկ խաղավերջին, երբ Քարյուն մեկը մյուսի հետեւից խաբս տվեց մի քանի պաշտպանների եւ խփեց 4-րդ գնդակը, ֆուտբոլասերները հոտնկայս ծափահարեցին նրանՙ ըստ արժանվույն գնահատելով Քարյուի ֆուտբոլային տաղանդը: Իսկ մինչ այդ, անկյունայինի խաղարկումից հետո հսկողությունից դուրս մնացած Բոռգերսենը գլխի հարվածով 3-րդ գնդակն էր խփել վստահությունը կորցրած Բերեզովսկու դարպասը:

Գուցե ոմանց անտրամաբանական թվա հանդիպման խոշոր հաշիվըՙ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր ընտրանին գրեթե ողջ հանդիպումն անցկացրեց հարձակողական ոճով: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ վճռում dg խաղի ճիշտ տակտիկան եւ ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը: Համաձայնեք, որ նորվեգացիները «մի գլխով» բարձր էին հայ ֆուտբոլիստներից:

Եվ այսպես, բավական տխուր նոտաներով հնչեց վերջին ակորդը մեր հավաքականի համար, որն ընտրական մրցաշարում գրավեց վերջին տեղը: Իհարկե, հավաքականի ելույթների վերլուծությունը դեռ առջեւում է, սակայն կարելի է փաստել, որ Վարուժան Սուքիասյանին այդպես էլ չհաջողվեց ստեղծել իր խոստացած «առյուծների թիմը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4