«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2001-10-06 | #182, 2001-10-09 | #183, 2001-10-10


27-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԻՐ ՏԱՊԱԼՈՒՄԸ

Հոկտեմբերի 27-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն իր անդրանիկ միջանկյալ հաղորդմամբ երեկ ապացուցեց իր ստեղծման եւ գործունեության աննպատակահարմարությունն ու ... սնանկությունը:

Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման (2001 թ. մայիսի 23) գրեթե միակ հիմնավորումն այն էր, որ Նաիրի Հունանյանի պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունից կարելի էր եզրակացնել, թե ոճրագործին հովանավորում են եւ արտադատարանական իրավական օգնություն տրամադրում: Որ հիմնավորումն ինքնին աբսուրդային էր, ապացուցվեց նաեւ գործով դատավարության ընթացքում Հունանյանի ընդունած կեցվածքիցՙ չպատասխանել հարցերին, ինչը միանշանակ Հունանյանի հնարամտությունների սպառված լինել որակվեց: Բացի դա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այդ մասին վկայող որեւէ իրավական փաստարկ չկարողացավ ներկայացնել իր 5-ամսյա գործունեության ողջ ընթացքում: Այդ մասին հստակ նշված է ներկայացված հաղորդման տեքստում. «Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ մեկուսարաններում մեղադրյալների եւ ամբաստանյալների պահպանությունն իրականացվել է գործող իրավական ակտերին համապատասխանՙ մեղադրյալները եւ ամբաստանյալները հարցաքննության են կանչվել, քննչական գործողություններ կատարելու համար մեկուսարաններից տեղափոխվել են դատախազի կամ քննիչների պահանջագրերի հիման վրա»: Հանձնաժողովին ոչինչ չի հաջողվել պարզել երկու պատճառով. նախՙ իրեն տրված լիազորություններով հանձնաժողովը պետք է ստուգեր «ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունների համապատասխանությունն օրենքների, նորմերի, իրավական ակտերի պահանջներին»: Բնական է, որ որեւէ խախտում դժվար թե հայտնաբերվեր, քանի որ ոչ մեկը որեւէ իրավական ակտով չէր բացահայտի մեղադրյալից ծեծով ու կտտանքներով ցուցմունքներ կորզելու փաստը: Եվ երկրորդՙ ըստ հանձնաժողովի հաղորդման, իրավապահ մարմինները հրաժարվում են իրենց պահանջած փաստաթղթերը տրամադրել, ինչը կարող էր իսկապես լույս սփռել կատարվածի վրա: ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Կոստանդյանի տվյալներով, խոսքը գործում ներգրավված 150 մարդկանց ցուցմունքների մասին է, որոնք չեն տրվում ամենատարբեր, չհիմնավորված պատճառաբանություններով: Իսկ թե ինչու չեն տրվում, հանձնաժողովը պարզապես խուսափում է մեկնաբանելուց, չնայած պետք էր ենթադրել, որ հիմնական շեշտադրումը հաղորդման մեջ հենց դրա վրա պետք է դրվեր:

Թերեւս միակ դրականը, որ արձանագրել է հանձնաժողովը, մեղադրյալ Նորայր Եղիազարյանիՙ 2000 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած մահվան հանգամանքների բացահայտմանն ուղղված հետաքննության արդյունքներն են: Դրանց ընթացքում բացահայտված հակասություններն արդեն իսկ հիմք են տվել հանձնաժողովին հայտարարելու, որ «քննարկելով «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ Նորայր Եղիազարյանիՙ 2000 թ. օգոստոսի 29-ին ՀՀ ՆԳՆ թիվ 1 քննչական մեկուսարանի թիվ 4 խցում տեղի ունեցած մահվան հանգամանքները, եկել է այն եզրակացության, որ Նորայր Եղիազարյանի մահվան վերաբերյալ կարճված քրեական գործում կան լուրջ թերություններ եւ գործը լրացուցիչ քննության կարիք ունի»: Ըստ հանձնաժողովի ներկայացրած տվյալներիՙ նշված մեկուսարանի պետը Եղիազարյանի մահվան վերաբերյալ հատուկ հաղորդագրման մեջ արձանագրել է, որ նախնական ախտորոշմամբ պարզվել է, որ մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից: Իսկ դեպքից մեկ օր անց, դատաբժշկական փորձագետ Շավարշ Գեւորգյանը դիակի հերձումից հետո կազմած տեղեկանքում արձանագրել է, որ մահվան նախնական պատճառը էլեկտրահարումն է եղել:

Հակասություններ են ի հայտ եկելմահվան ընթացքում նույն խցում գտնվածների ցուցմունքներում: Կալանավորներից մեկը մի դեպքում նշում է, որ Եղիազարյանին վայր ընկնելիս չի տեսել, մյուս դեպքում նշում է, որ ինքն այդ ամենի ականատեսն է եղել: Եղիազարյանի կինը մի դեպքում նշում է, թե ամուսինը սրտի խնդիրներ չի ունեցել, մյուս դեպքումՙ նրա մոտից հայտնված նամակում Եղիազարյանը գրում էՙ «մի քիչ սիրտս ու պոչկեքս համը հանում են, ինչպես միշտ...»: Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ դատաբժշկական եզրակացությամբ տրված չէ ոչ էլեկտրահարության մեխանիզմը, ոչ էլ Եղիազարյանի դիակի տարբեր հատվածներում հայտնաբերված վնասվածքների առաջացման բնույթը, վաղեմությունը:

Հանձնաժողովը ԱԺ-ից լիազորված էր նաեւ պարզելու Նաիրի Հունանյանին ՀՀ ԱԱՆ մեկուսարանում պահելու օրինականության եւ նպատակահարմարության հարցը: Թեեւ հաղորդման մեջ հանձնաժողովի վերջնական եզրակացությամբ այն նպատակահարմար չի համարվում, քանի որ պարզվել է, որ Հունանյանն ԱԱՆ-ի հետ սերտ կապերի մեջ է եղել, այնուամենայնիվ, տեղափոխման համար լուրջ հիմնավորումներ ներկայացված չէին, իսկ հանձնաժողովի անդամների մեջ լուրջ տարաձայնություններ կային: Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը թերեւս հենց այդ պատճառով չկարողացավ պատասխանել հարցինՙ եթե իրենք առաջարկում են Հունանյանին տեղափոխել ԱԱՆ մեկուսարանից, կարո՞ղ են երաշխավորել նրա անվտանգությունը ՆԳՆ մեկուսարանում (Նորայր Եղիազարյանի մահը հաշվի առնելով), եւ եթե չեն պարզել Հունանյանիՙ ՆԳՆ «գործակալ» լինելու հանգամանքը, ինչպես են շահարկում նրա ԱԱ գործակալ լինել-չլինելու հարցը: Որ խնդիրը բացարձակ պոպուլիստական բնույթ ուներ, պարզ արտահայտվեց դեռ այն ժամանակ, երբ հանձնաժողովը նույն հարցով դիմեց 27-ի գործը քննող Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան եւ ստացավ պատաասխան, որ հանձնաժողովը դատավարության մասնակից չէ եւ միջնորդություն չի կարող ներկայացնել: Այն ժամանակ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից ոչ ոք պատասխանատվություն չվերցրեց նման միջնորդություն ներկայացնելու:

Ինչեւէ, հանձնաժողովը համոզված է, որ կարողացել է իր առջեւ դրված հիշյալ 3 խնդիրներից երկուսին լիարժեք պատասխան տալ:

Խորհրդարանին դրանում համոզել չհաջողվեց: Դա արտահայտվեց հատկապես այն բանից հետո, երբ հանձնաժողովը պարզապես չցանկացավ երեկ կատարվածի հիման վրա որոշման նախագիծ ներկայացնել, որի պահանջը պարզապես ակնհայտ էր թեկուզ իրավապահներին փաստաթղթերը տրամադրելու մեջ պարտավորեցնելու առումով: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նման առաջարկ ներկայացրեց հանձնաժողովի փոխարեն, սակայն նշեց, որ իրենց ընդունած որոշումներով իրավապահներին չեն կարող որեւէ բան պարտադրել: Այդ դեպքում խորհրդարանին կմնա, ասենք, կառավարության հրաժարականը պահանջել, ինչն արդեն քաղաքական հարթությամբ լուծվող խնդիր է եւ գուցե անհեռանկարային:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4