«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2001-10-06 | #182, 2001-10-09 | #183, 2001-10-10


Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼ ԵՎ ԱՐՎԵԼՈՒ «ԼԻՆՍԻԻ» 165 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց մանրամասն թվային հաշվետվություն «Լինսիի» ծրագրերի վերաբերյալ

Ամերիկացի միլիարդատեր, խաղատնային բիզնեսի մագնատ ու խոշոր բարեգործ Քըրք Քըրքորյանի 1988 թ. ի վեր սկսված դրամական օգնությունները Հայաստանին դեռ մինչեւ 1998 թ.-ը հաշվվում էին տասնյակ միլիոններով: Հայտնի բարերարը առաջինն էր, որ արձագանքեց 88-ի երկրաշարժին, նրա միջոցներով են իրականացվել դեպի Հայաստան պարենով, դեղորայքով եւ սարքավորումներով բեռնավորված 7 տարբեր կազմակերպություններ միավորող Միացյալ հայկական հիմնադրամի չվերթները (ընդհանուր թվովՙ 115 ինքնաթիռ): Սակայն Քըրքորյանի օգնությունների գագաթնակետը եղավ 1998 թ.-ին, երբ հայտարարվեց Հայաստանին միանվագ 100 մլն դոլար տրամադրելու մասին, ինչը հաստատվեց 98-ի հունիսին Քըրքորյանի Հայաստան կատարած առաջին անակնկալ այցի ժամանակ: Փաստորեն Քըրքորյանի բարեգործական հիմնադրամն առավել լայն թափով սկսեց աշխատել Ռ. Քոչարյանի նախագահության օրոք, որն էլ անձամբ ստանձնեց օգնությունների տնօրինման պատասխանատվությունը: ՀՀ նախագահի ջանքերի շնորհիվ հետագայում 100 մլն-ը հասցվեց 165 մլն-ի: Հայաստանի համար այդ խոշոր գումարը, որը, փաստացի, կազմում է ՀՀ բյուջեի կեսը, վավերացվեց ՀՀ կառավարության եւ «Լինսիի» հիմնադրամի միջեւ այս տարվա մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրով եւ ԱԺ կողմից հաստատվելուց հետո, փաստորեն, ստացավ միջկառավարական համաձայնագրի կարգավիճակ: «Լինսիի» գումարների կառավարման գերագույն վերահսկողությունը իրականացնում է ՀՀ նախագահը, որի հրամանագրով ստեղծվել է խորհուրդ, որի կազմում են ՀՀ արտգործնախարարը (Վ. Օսկանյանը հանձնաժողովի նախագահն է), քաղաքաշինության, տրանսպորտի ու կապի, մշակույթի նախարարները, Երեւանի փոխքաղաքապետը, ինչպես նաեւՙ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որը երեկվա ասուլիսում առաջին անգամ մանրամասն թվային հաշվետվություն ներկայացրեց «Լինսի» 165 միլիոնի կառավարման վերաբերյալ. ի՞նչ է արվել մինչ այժմ եւ ի՞նչ է արվելու:

«Լինսիի» գումարները բաժանվում են երկու մասիՙ 45 մլն դոլարի վարկեր եւ 90 մլն դրամաշնորհային: Պրն Թումանյանը կանգ առավ հատկապես երկրորդի վրա, վարկերի մասով նշելով միայն, որ Ձեռնարկությունների զարգացման վարկային ծրագրի 45 մլն դոլարից 20-21 միլիոնն արդեն բաշխվել է: Մյուս վարկային ծրագրի իրագործումը, որը նախատեսված է օտարերկրյա ներդնողների համար եւ արժե 30 մլն դոլար, դեռ չի սկսվել:

90 մլն դրամաշնորհը բաղկացած է 5 հատվածից. ճանապարհաշինությունՙ 38 մլն, բնակարանաշինություն կամ խոսակցական տերմինովՙ «աղետի գոտու» ծրագիրՙ 15 մլն (կամ 20-22 մլն), մշակութային օջախների վերականգնումՙ 10 մլն, Երեւանի փողոցների բարենորոգումՙ 7 մլն, եւ տուրիզմի զարգացման ծրագիրՙ 20 մլն դոլար, որը դեռեւս չի սկսվել:

Ճանապարհաշինություն

Ծրագրով նախատեսված է մոտ 300 կմ հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգում եւ հիմնանորոգում, ՀՀ ճանապարհային ռեսուրսների լրջագույն հատվածներըՙ Երեւան-Սեւան ավտոմայրուղի (63 կմ), Սեւան-Դիլիջան հատված (22 կմ), Վանաձոր-Դիլիջան (36,5 կմ), Դիլիջան-Իջեւան (7 կմ), Իջեւան-Նոյեմբերյան-Այրում (52 կմ), Մալիշկայի շրջանցիկ ավտոճանապարհ (6,6 կմ), Տիգրանաշենի զանգակատուն (Քյարքիի հատվածը, 13,7 կմ), Երեւան-Արարատ մայրուղի (33,5 կմ), Երեւանի շրջանցիկ ավտոճանապարհ (26,5 կմ): 145 կմ-ի վրա այժմ աշխատանքներ են կատարվում (մոտ 15 մլն դոլարի): Ծրագրով նախատեսված է նաեւ երկու կարեւոր օբյեկտների շինարարությունՙ Դիլիջան-Սեւան թունելի եւ Արգավանդի տրանսպորտային հանգույցի:

Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը բոլոր հատվածներում մրցույթներն անցկացված կլինեն եւ գործնականումՙ աշխատանքը սկսված: Նախատեսված է ծրագիրն ավարտել 2003 թ. նոյեմբերինՙ ըստ հուշագրի, սակայն Ա. Թումանյանի կարծիքով ժամկետը նույնիսկ կգերակատարվի: Միայն չի ավարտվի թունելի շինարարությունը: Ճանապարհների վրա ներկայումս աշխատում է 2400 մարդ: Նախնական հաշվարկներով ճանապարհաշինության մեջ ընդգրկված մարդկանց առավելագույն թիվը կհասնի մոտ 5000-ի:

Երեւանի փողոցների վերանորոգման ծրագրում ընդգրկված են Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Վ. Սարգսյան, Բեյրութի փողոցները, հնարավոր է նաեւ ընդգրկվեն Բաղրամյան, Սայաթ-Նովայի եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտաները, ինչպես նաեւՙ Հանրապետության հրապարակը: Շուտով կսկսվի Սախարովի հրապարակի վերանորոգումը: Այս ծրագրի իրականացմամբ կստեղծվեն 600 աշխատատեղեր:

Բնակարանաշինություն

Ա. Թումանյանը կատարեց մի փոքր ճշգրտումՙ հնարավոր է, որ ծրագրի 15 մլն-ը հասնի 20-22 միլիոնի, քանի որ 5-7 մլն դոլար Ամերիկյան կարմիր խաչից (որն, ի դեպ, նույնպես տրամադրվել է «Լինսիի» կողմից) կփոխանցվի այս ծրագրին. արդեն կա «Լինսիի» բանավոր համաձայնությունը: 20-22 միլիոնի սահմաններում կլուծվի 1900 բնակարանի հարցՙ նոր բնակելիների կառուցում, շինարարություն ու երրորդ կարգի շենքերի հիմնանորոգում: Ի՞նչ է արվել մինչ այժմ: Շիրակի մարզից ծրագրում ընդգրկված են 735 բնակարան կամ 12 բնակելի շենք (6,5 մլն դոլարի): Գյումրիում 800 շինարար արդեն աշխատանքում է: Լոռու մարզում (Վանաձոր եւ Գուգարք) կվերանորոգվի 385 բնակարան կամ 5 բնակելի շենք (3,2 մլն դոլար): Սպիտակում եւս նախատեսված է 276 բնակարանի կամ 23 շենքի շինարարություն: Շինարարական աշխատանքների մեջ ընդգրկված է 150 մարդ: Ամբողջ աղետի գոտում ծրագրով այժմ աշխատում են 1350 շինարարներ, իսկ ծրագրով նախատեսված շինարարների առավելագույն թիվը կլինի 2200: Դրա մեջ, իհարկե, հաշվարկված չեն նախագծողները, վերահսկողները եւ այլն:

Մշակութային օջախներ

Ծրագրում ընդգրկված են 25 մշակութային օջախներ. թատրոններից ու համերգասրահներիցՙ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, Սունդուկյանի անվան թատրոնը, կամերային երաժշտության տունը, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, պետական տիկնիկային թատրոնը, Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը, պատկերասրահներից ու թանգարաններիցՙ պատմության պետական թանգարանը, ազգային պատկերասրահը, Մատենադարանը, ժողովրդական արվեստի պետական թանգարանը, մանկական պատկերասրահը, Քոչարի, Սարյանի, Չարենցի եւ Փարաջանովի թանգարանները, պատմամշակութային համալիրներից Սարդարապատը, Զվարթնոցը, Գառնին, Էրեբունի համալիրը, Կարմիր բլուր-Շենգավիթը: Ընդ որումՙ վերը թվարկված մշակութային օջախներում ու օբյեկտներում կատարվելու են ոչ թե պարզ վերանորոգման աշխատանքներ, այլ կապիտալ հիմնանորոգում եւ ֆունկցիոնալ խնդիրների լուծում (բեմ, տեխնիկա, լույս, ձայնային, հակահրդեհային սարքեր եւ այլն):

Տուրիզմի զարգացման ծրագիրն առայժմ չի վավերացվել: Հայկական կողմի պլանների համաձայն այս ծրագրով նախատեսված է Ծաղկաձորի օլիմպիական բազայի վրա կառուցել մարզական ժամանակակից համալիր, համահայկական երիտասարդական կենտրոն, իսկ մնացած գումարովՙ հյուրանոցային կառույցներ:

Ըստ Ա. Թումանյանի, չորս ծրագրով ընդհանուր առմամբ կստեղծվի 9000 աշխատատեղ, եթե դրան ավելացվի տուրիզմի ծրագիրը, այդ թիվը կանցնի 10 հազարը:

5 ծրագրերի իրականացման համար ստեղծվել է 3 գրասենյակՙ առավելագույն խնայողություններով: Պատասխանելով «Ազգի» հարցին, պրն Թումանյանը տեղեկացրեց, որ ծրագրերի վերահսկողությունն իրականացվում է երեք մակարդակով, մի քանի սուբյեկտների կողմիցՙ նախագծողների, անկախ վերահսկիչների, որոնք ընտրվում են մրցույթով եւ ուղղակիորեն «Լինսիի» կողմից: Երեք գրասենյակում աշխատում է 45 մարդ: Գրասենյակային ծախսերն ամենացածրն են Հայաստանում գործող որեւէ գրասենյակի ծախսերից (ընդհանուր գումարի 1,2 տոկոսը), աշխատակիցներն էլ, օրինակՙ 50 անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում: Ա. Թումանյանը նշեց նաեւ, որ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ահաբեկչություններն էլ չեն ազդել եւ ամենայն հավանականությամբ չեն ազդի ծրագրերի ֆինանսավորման վրա: «Ամսի 11-ից հետո մենք ֆինանսավորվում ենք»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4