«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2001-10-06 | #182, 2001-10-09 | #183, 2001-10-10


Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ռուստամ Մամեդովի, ահաբեկչությունից տուժած Ադրբեջանը պարտավոր էր համագործակցել ահաբեկչության դեմ պայքարող երկրների հետ եւ «համաձայնել է օգնել ու աջակցել ԱՄՆ-ին այս ոչ դյուրին պայքարում»:

Ըստ BBC-ի, Ադրբեջանի քաղաքական ուժերի մեծամասնությունը համամիտ է երկրի պաշտոնական դիրքորոշման հետ: Մինչդեռ Բաքվի փողոցներում անցկացված հարցումից պարզվել է, որ շատերը դեմ են ահաբեկիչների դեմ պայքարի մեթոդներին, որոնք, նրանց կարծիքով, կհանգեցնեն մեծաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Նրանց կարծիքով Բեն Լադենի մեղավորության մասին հիմնավոր փաստեր չկան եւ միայն կասկածների հիման վրա է այսօր ռմբակոծվում Աֆղանստանը, վաղն էլ կարող է ռմբակոծվել Ադրբեջանը:

Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն կողմ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, սակայն նշել է, թե հանցագործների մի խմբի ձերբակալումը չպետք է հանգեցնի քաղաքների, գյուղերի կործանմանը, զանգվածային արյունահեղության ու զոհերի խաղաղ բնակչության շրջանում:

Անկախ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, խաղաղ բնակիչների շրջանում աննշան զոհերի դեպքում միայն մուսուլմանական երկրները կաջակցեն հակաահաբեկչական պայքարին: Այդ պայքարին աջակցող երկրներում ամեն պահ առկա է սադրանքների վտանգը, եւ քանի որ Չեչնիայում կան միջազգային ակաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող խմբավորումներ, ապա, ինչպես BBC-ին ասել է Ադրբեջանի ՆԳ փոխնախարարը, Ադրբեջանում ուժեղացվել է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ մի շարք եվրոպական երկրների դեսպանատների պաշտպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4