Հոկտեմբերի 6-ին Նորվեգիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղում Հայաստանի հավաքականի ավագ Հարություն Վարդանյանն ազգային հավաքականի կազմում անցկացրեց իր հոբելյանականՙ 50-րդ հանդիպումը: Նա դարձավ ՀՀ հավաքականի 3-րդ խաղացողը, որը հատում է 50 խաղի սահմանագիծը: Առաջինը նման հոբելյան նշեց Արթուր Պետրոսյանը: 50-րդ խաղը նա անցկացրեց այս տարվա մարտի 24-ինՙ մասնակցելով Երեւանում կայացած Հայաստան-Ուելս ընտրական հանդիպմանը: Չորս օր անց Վարշավայում, Լեհաստանի հավաքականի հետ խաղում նմանատիպ հոբելյան նշեց նաեւ Սարգիս Հովսեփյանը:
Հարություն Վարդանյանը հավաքականի հնաբնակներից է: Նրա նորամուտն ազգային հավաքականում կայացել է 1994 թ. մայիսի 15-ին ամերիկյան Ֆուլերտոն քաղաքում, որտեղ մեր ընտրանին ընկերական խաղում մրցեց ԱՄՆ-ի հավաքականի հետ: Անցած 7 տարիների ընթացքում Հարություն Վարդանյանն իր մշտական տեղն է ունեցել հավաքականի մեկնարկային կազմում: Նա հավաքականում դարձել է մեկ գոլի հեղինակ: Դա պատահեց 1997 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան- Ալբանիա հանդիպման 60-րդ րոպեին: Մեր թիմը մրցակցի դարպասից մոտ 30 մ հեռավորության վրա տուգանային հարվածի իրավունք էր ստացել: Գնդակին մոտեցավ Հարություն Վարդանյանը եւ հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը: Հարություն Վարդանյանը նախկինի պես աչքի է ընկնում հուսալի խաղով եւ, անկասկած, դեռ իր ծառայությունները կմատուցի հավաքականին: