Հարություն Վարդանյանն ու Արթուր Պետրոսյանը երկար տարիներ խաղացել են Գյումրիի «Շիրակում»ՙ հանդիսանալով թիմի առանցքային խաղացողներ: Հարությունը «Շիրակի» պաշտպանության հենասյունն էր, իսկ Արթուրըՙ գյումրեցիների խաղի կազմակերպիչն ու լավագույն ռմբարկուն: Կյանքում նրանք մտերիմ ընկերներ են: Գուցե հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ճակատագրի բերումով օտար ափերում էլ Հարությունն ու Արթուրն անբաժան են, հանդես են գալիս շվեյցարական «Յանգ բոյզ» թիմում: Այստեղ էլ գյումրեցի ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով են դրսեւորելՙ հանդիսանալով թիմի առաջատար ֆուտբոլիստներ: Բավական է նշել, որ առաջնության հանդիպումներում մասնագետների կողմից բոլորից բարձր է գնահատվել Հարություն Վարդանյանի խաղը, որը ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն ֆուտբոլիստ: Արթուր Պետրոսյանն էլ արդյունավետ խաղ է ցուցադրում:
Այս ամենից հետո, կարծում եմ, պատահական չէ, որ նպատակահարմար գտա հարցազրույցի հրավիրել 2 ֆուտբոլիստներին միասին:
- Տղաներ, ինչպե՞ս են գործերը «Յանգ բոյզում»:
Ա. Պ.- Դժգոհության առիթ չկա, ամեն ինչ բարեհաջող է: Առաջնությունում թիմն ընթանում է 2-րդ տեղում, մեկ միավորով ենք զիջում առաջատարի դերը ստանձնած «Բազելին»: Կոլեկտիվում շատ ջերմ մթնոլորտ է, ինչը շատ բանով պայմանավորված է մեր մարզչով: Նա իսկական հոգեբան է, կարողանում է հասկանալ ֆուտբոլիստի հոգեվիճակը, հարկ եղած դեպքում օգնել նրան: Իմ կարծիքով, դժվար է մեկ այլ թիմ գտնել, որը մեզ նման կուռ համախոհների կոլեկտիվ հանդիսանա: Ճիշտ է, թիմի ֆինանսական վիճակը շատ թիմերի համեմատ ավելի վատ է, սակայն ֆուտբոլիստների մեջ մեծ է պայքարելու ձգտումը: Երեւի թե սա էլ հաջողության գրավականն է:
Հ. Վ.- Մենք երկուսս էլ թիմի հիմնական կազմի խաղացողներ ենք: Անհամեստություն չհամարեք, սակայն մեր ներդրումը թիմի հաջող ելույթներում մեծ է: Մասնակցել ենք բոլոր խաղերին, մասնագետների կողմից արժանացել բարձր գնահատականների: Առաջին փուլում «Յանգ բոյզի» առջեւ խնդիր է դրված մտնել լավագույն ութնյակ, իսկ եզրափակիչ փուլում արդեն կարելի կլինի պայքարել նույնիսկ մրցանակային տեղերի համար: Բացառված չէ, որ թիմի կազմն ուժեղացվի ի հաշիվ լեգեոներների:
- Դուք խաղադաշտում նույն պարտականությո՞ւնն եք կատարում, ինչ որ «Շիրակում» խաղալիս:
Ա. Պ.- Իմ խաղաոճը չի փոխվել: Նախկինի պես հանդես եմ գալիս կիսապաշտպանությունում (խաղում ենք չորս կիսապաշտպանով), հաճախակի մասնակցում գրոհներին: Արդեն չորս գոլի եւ գոլային երկու փոխանցման հեղինակ եմ: Վերջին խաղում «Լոզանի» դարպասը 2 գնդակ խփեցի: Չնայած կիսապաշտպան եմ, սակայն սիրում եմ հարձակվել եւ գոլեր խփել, ինչը ինձ հաճույք է պատճառում:
Հ. Վ.- «Շիրակում» ես սկզբում ազատ պաշտպան էի խաղում, հետո կենտրոնական պաշտպանի պարտականություն էի կատարում: «Յանգ բոյզում» էլ, ինչպես հավաքականում, առաջ քաշված պաշտպան եմ խաղում: Թիմում իմ հիմնական ֆունկցիան պաշտպանվելն է, գրոհներին այնքան էլ հաճախ չեմ մասնակցում, իսկ ահա, ստանդարտ դիրքերի իրացմանն առաջվա պես մասնակցում եմ:
- «Յանգ բոյզում» պայմանագրի ժամկետը ե՞րբ է լրանում, ի՞նչ ծրագրեր ունեք:
Ա. Պ.- Երկուսս էլ թիմի հետ պայմանագիր ունենք կնքած մինչեւ 2004 թ.: Ծրագրերի մասին առայժմ դժվար է խոսել, քանի որ չգիտես, թե ինչպե՞ս կընթանան ֆուտբոլային գործերը, ո՞ր թիմում կհայտնվես: Առայժմ Շվեյցարիայում ենք եւ մեր խնդիրը «Յանգ բոյզում» հաջող հանդես գալն է:
Հ. Վ.- Արթուրը ճիշտ է ասում, որ դժվար է գուշակել ապագան: Բայց երկուսս էլ մի ցանկություն ունենք. մեր ելույթներն ավարտելուց հետո Շվեյցարիայում մարզչական դպրոց հաճախելՙ հետագայում մեր ուժերը փորձելով այդ բնագավառում: Տեսնենք, թե ինչ կստացվի:
- Հնարավո՞ր է, որ այդ ընթացքում այլ թիմ տեղափոխվեք, կա՞ն հրավերներ այլ ակումբներից:
Ա. Պ.- Ամեն ինչ հնարավոր է, ժամանակը ցույց կտա:
Հ. Վ.- Երկուսս էլ ունենք հրավերներ թե Շվեյցարիայի եւ թե այլ երկրների ակումբներից, սակայն թիմի ղեկավարությունը մեզ տեղյակ չի պահում: Այս պահին նրանց ձեռնտու չէ մեզանից բաժանվել, մենք հարկավոր ենք թիմին: Գուցե առաջնության ավարտից հետո կանդրադառնան հրավերներին:
- Հարություն, սկզբում դու ընդգրկվեցիր «Յանգ բոյզում», հետո քո միջոցով Արթուրին թիմ հրավիրեցին: Հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանից նոր ֆուտբոլիստներ հայտնվեն ձեր ակումբում:
Հ. Վ.- Եթե տրանսֆերային հարցը Ռուսաստանի հետ լուծվի, բացառված չէ, որ «Յանգ բոյզում» Հայաստանի հավաքականի եւս մեկ խաղացող հայտնվի:
Ա. Պ.- Կցանկանայի այս հարցի շուրջ հետեւյալն ասել: Երբ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը գտնվում էր Շվեյցարիայում, «Յանգ բոյզի» ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ստանձնել Հայաստանի (ամենայն հավանականությամբՙ Գյումրիի) որեւէ մարզադպրոցի շեֆությունը, օգնել մարզագույքով ու մարզահագուստով: Այդ համագործակցության արդյունքում մեր երիտասարդ ֆուտբոլիստները հնարավորություն կունենան փորձաշրջան անցնելու Շվեյցարիայի առաջնության տարբեր դիվիզիոնների թիմերում: Ինչ խոսք, սա մեծ օգուտ կբերի հայ ֆուտբոլիստներին:
- Օտար երկրում հարազատ հողի կարոտը չի՞ ձգում:
Ա. Պ.- Այն էլ ինչպե՜ս: Հատկապես Գյումրին ու կատակասեր գյումրեցիները: Կարոտում ենք հարազատներին ու ընկերներին: Սակայն ի՞նչ կարող ես անել, այսպիսին է ֆուտբոլիստի ճակատագիրը: Դրա համար էլ, ամեն անգամ սրտի տրոփյունով եմ սպասում ազգային հավաքականի հերթական հանդիպմանը Երեւանում:
Հ. Վ.- Թեեւ բավական ժամանակ հանդես եմ գալիս արտասահմանում, սակայն դեռեւս չեմ ընտելացել օտար հողում ապրելուն. թեեւ այնտեղի կենցաղային պայմաններն անհամեմատելի են մերի հետ: Գոնե լավ է, որ միասին ենք, կարողանում ենք Գյումրիի կոլորիտը պահպանել: