«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ՍԿՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բայց կկարողանա արագորեն ավարտել դրանք, ադրբեջանցի լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որքան քիչ մարդիկ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը համարեն անջատողական, այնքան լավ կլինի երկու ժողովուրդների համար: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանըՙ հոկտեմբերի 11-ին Երեւանում Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպումը կայացավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանական պատվիրակության այցի շրջանակներում, որ կազմակերպել էր ԵԱՀԿ-ն:

Սերժ Սարգսյանը բազմիցս իր պատասխաններում ընդգծեց, որ միջազգային հանրությունը տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին ճանաչում է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Եւ եթե ադրբեջանական կողմը իր քաղաքականությունը կառուցում է ելնելով առաջին սկզբունքից, ապա հայկական կողմըՙ ազգերի ինքնորոշման սկզբունքից:

Նա չժխտեց այն, որ Հայաստանի քաղաքացիները ծառայում են ԼՂՀ Պաշտպանության բանակում. «Կարծում եմՙ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, եթե ցանկանում է, կարող է ծառայել ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կազմում, եւ ես պաշտպանում եմ յուրաքանչյուր հայի, որը կծառայի այնտեղ: Իսկ ժամկետային ծառայությունն անցնում է հայկական բանակի շարքերում»: Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիներին չի արգելում ծառայել այլ երկրների բանակներում: Նախարարը նաեւ բազմիցս ընդգծեց, որ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում են ԼՂ իշխանությունները: Հաջորդած հարցին, թե արդյոք անձամբ ի՞նքը չէ «Լեռնային Ղարաբաղի տերը», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ»:

Ըստ նախարարի, երեսպաշտություն կլիներ նաեւ պնդել, թե Հայաստանը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Հայաստանն է ԼՂ անվտանգության երաշխավորը եւ մի կողմ չի քաշվի այն դեպքում, եթե ԼՂ-ի դեմ սկսվեն ռազմական գործողություններ: Նա նշեց նաեւ, որ եթե Ադրբեջանի իշխանությունները ճանաչեն, որ Լեռնային Ղարաբաղում կանոնավոր բանակ է, ապա կբացվեն դռները նաեւ միջազգային տեսչության համար:

Սերժ Սարգսյանի կարծիքով, հնարավորությունը, որ ռազմական գործողություններ կսկսվեն, թույլ է: Նա համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը առաջինը չի սկսի ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ, «բայց եթե դրանք համենայն դեպս սկսվեն, ապա կկարողանա արագորեն դրանք ավարտել»:

Մի շարք հարցեր վերաբերում էին Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցությանը եւ սպառազինությունների բնագավառում Հայաստանի եւ Ադրբեջանի պարիտետին: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ արդեն քանիցս հայտարարվել է, որ տվյալ համագործակցությունն ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ: «Ես չգիտեմՙ ինչպես կծավալվեն իրադարձությունները, բայց չեմ կարծում, թե ռուսական զորքերը կկռվեն Ադրբեջանի դեմ, առավել եւս, որ ես վստահ եմ, որ մենք եւս չենք կռվելու Ադրբեջանի հետ», հայտարարեց նա:

Նա նշեց նաեւ, որ սպառազինությունների քվոտաները խախտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, որը սպառազինությունների հարցում գերակշռություն է ստացել դեռեւս ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից, երբ նրան հասավ 15 անգամ ավելի զինամթերք եւ 3 անգամ ավելի սպառազինություն, քան Հայաստանին: Նաեւ հիմա է քվոտան խախտվում, թեեւ, ըստ նախարարի, «մենք չենք խոսում այդ մասին, քանի որ համարում ենք, որ յուրաքանչյուր երկիր սպառազինվում է այնքան, որքան նա հարկ է համարում կամ որքան ընդունակ է»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների առնչությամբ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշման հիմքում ընկած են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հռչակած սկզբունքները: «Սակայն ուզում եմ ձեզ հիասթափեցնել. ո՚չ Փարիզում, ո՚չ Քի Վեսթում ոչ մի բառ չի ասվել «ընդհանուր պետության» մասին», նշեց նա: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի սահմաններին, ապա, նախարարի կարծիքով, Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը ԼՂԻՄ սահմանների շրջանակումՙ գումարած ցամաքային սահման Հայաստանի հետ: Ի պատասխան այն հարցի, թե արդյոք պե՞տք է մտնեն բուֆերային գոտու մեջ ներկայումս ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող 6 շրջանները, նախարարը կարծիք հայտնեց, որ ոչ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4