Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է էներգետիկայի նախարարություն եւ հանդիպում է ունեցել նախարարության կոլեգիայի անդամների հետ: Հանդիպումը նախագահը պայմանավորել է ոլորտի հետ կապված որոշ մտահոգություններով: Նա հատկապես մտահոգիչ է համարել ֆինանսական հոսքերի կառավարմանը, բյուջեի հետ հարաբերություններին, գազի համակարգին առնչվող խնդիրները, գերկորուստների եւ հավաքագրումների մակարդակը, աշխատակիցների խիստ ուռճացած թվաքանակը:
Ընդգծելով, որ էներգետիկան տնտեսության շարժիչ ուժն է, եւ ցանկացած տնտեսության զարգացման մակարդակը մեծապես պայմանավորված է էներգահամակարգի գործունեության արդյունավետությամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ոչ մի դեպքում չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի վատ աշխատանքի հետեւանքով վտանգվեն տնտեսության մեջ առկա դրական միտումները»:
Առաջնահերթ խնդիր դիտարկելով աշխատանքի կազմակերպման մեջ առկա բացթողումների հնարավորինս արագ շտկումը, համակարգի աշխատունակության ու պատասխանատվության բարձրացումը, նախագահը նշել է, որ ոլորտի խնդիրները լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Բոլոր օղակների համար նա առաջնային է համարել կորուստների մակարդակի եւ հավաքագրման տոկոսի խնդիրը:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, էներգետիկան այն բնագավառն է դարձել, որտեղ բոլոր քիչ թե շատ ազդեցություն ունեցողները կամ ենթադրաբար ազդեցություն ունեցողները փորձում են մարդ տեղավորել, հարցեր լուծել: Նման երեւույթները համարելով անթույլատրելի, նա ասել է. «Իմ միջամտությունն արդեն իսկ նշանակելու է, որ համակարգը պետք է ապահովագրված լինի ամեն կարգի կողմնակի միջամտություններից»: Նախագահը չի բացառել, որ կնշանակի էներգետիկայի բնագավառի խնդիրներով զբաղվող խորհրդական:
«Ոլորտի նկատմամբ լինելու է հատուկ վերահսկողություն: Համակարգը պետք է լինի աշխատունակ, իսկ ֆինանսական հոսքերըՙ կառավարելի», շեշտել է երկրի ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է. «Յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատվությամբ վերաբերվել իր աշխատանքին, այլապեսՙ չպետք է աշխատի»:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ