Անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով պետական բարձր պարգեւներիՙ շքանշանների ու մեդալների են արժանացել զինծառայողներ, տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի գործիչներ, լրագրողներ:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնեց հայրենիքի բարձր պարգեւները: Հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս անգամ պարգեւատրված գործիչների շրջանակը շատ ավելի լայն է թե՚ գործունեության, թե՚ աշխարհագրական առումով:
Նա շեշտեց, որ առաջին անգամ պարգեւատրվել են լրագրողներ, ինչն արտահայտում է իշխանությունների ուշադրությունը ազատ մամուլի կայացման հանդեպ: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, մեր երկրում կայացել է իսկապես ազատ մամուլ, եւ այսօր պետական պարգեւների են արժանացել ազատ եւ պատասխանատու լրագրողներ: «Հասկանալի է, որ առանց ազատ մամուլի ժողովրդավարություն չի լինում, եւ մենք շարունակելու ենք աջակցել ազատ եւ պատասխանատու մամուլի զարգացմանը»,- ասել է հանրապետության նախագահը:
Առաջին անգամ պարգեւատրվել են նաեւ ձեռներեցներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ, որոնք ակնառու հաջողության են հասել Հայաստանում ծավալած իրենց գործունեության մեջ: Շնորհավորելով գործարարներին, Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ նրանց կողմից իրականացված ծրագրերը խթան են հանդիսացել տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:
Հայրենիքի բարձր պարգեւները հանձնելով ծառայության ընթացքում բացառիկ խիզախություն եւ անձնական արիություն ցուցաբերած զինծառայողներին, Ռոբերտ Քոչարյանը շեշտեց. «Մեր բանակը, որ պետականության հիմքն է, միշտ եղել է, կա եւ կլինի բոլորիս ուշադրութան կենտրոնում»:
Հանրապետության նախագահն իր շնորհավորանքի խոսքը հղեց նաեւ մշակույթի գործիչներին, նշելով, որ նրանց ջանքերի շնորհիվ այս տարի հաջողվել է զգալիորեն աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանում:
Անկախության տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել են նաեւ մեծ թվով ուսուցիչներ: Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն հայտնեց ուսուցիչներին իրենց մեծ գործի համար: «Մենք պարտք ունենք մեր ուսուցիչների հանդեպ, որոնք անտեսելով բոլոր դժվարությունները, կատարում են իրենց բարձր առաքելությունը: Համոզված եղեք, որ այդ պարտքը փոխհատուցվելու է», ասաց նախագահը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ