«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀԱՏԵՑ 560-Ի ՍԱՀՄԱՆԸ

Կենտրոնական բանկը անհանգստանալու առիթ չի տեսնում

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ամերիկյան դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ հասավ, իսկ վերջին օրերին նույնիսկ անցավ 560-ի սահմանը: Երեկ փոխանակման կետերում դոլարի առքը 560 դրամ էր, վաճառքըՙ 561,5-562: Նկատենք, որ մինչ այդ դոլարի փոխարժեքը 553-554 էր, ինչը կայուն էր վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից հետո անմիջապես հաջորդ օրը դոլարը ՀՀ ազգային արժույթի նկատմամբ արհեստականորեն արժեզրկվեց 25-30 նիշովՙ ընդամենը մի քանի ժամով: Հետո շուկայում նորից վիճակը կարգավորվեց: Ինչպիսի՞ն է ՀՀ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը դոլարի, իհարկե, ոչ այնքան էական, բայց շոշափելի արժեւորման վերաբերյալ: ՀՀ ԿԲ-ից ստացված պաշտոնական գրավոր պատասխանի համաձայնՙ «վերջին օրերի փոխարժեքի տատանումները չի կարելի բնութագրել կտրուկ, քանզի արժեզրկման տեմպը չնչին է»: ԿԲ բացատրությունից երեւում է, որ անհանգստանալու հարկ չկա: ԿԲ հիշեցնում է նաեւ, որ այդպիսի տատանումներ նկատվել են նաեւ այս տարվա հունվար, մայիս եւ օգոստոս ամիսներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ահաբեկչություններից հետո ՀՀ ԿԲ-ն հայտարարեց, որ միջազգային տնտեսության ազդեցության փոփոխությունը ՀՀ տնտեսական եւ ֆինանսական շուկայում չի կանխատեսվում: Սակայն վերջին մեկ ամսվա տատանումները մատնանշեցին, որ այնուամենայնիվ, ֆինանսական շուկան թեեւ փոքր, բայց ազդեցություն կրեց: Ինչպիսի՞ն է ԿԲ բացատրությունն այժմ, երբ արդեն սկսվել են հակաահաբեկչական ռազմական գործողությունները: Հարցմանն ի պատասխան ԿԲ տեղեկատվական կենտրոնը նշում է, որ արդեն մի քանի օր սկսված հակաահաբեկչական գործողությունները էական ազդեցություն չեն թողել միջազգային ֆինանսական շուկաների վրա: Հիմնական արտարժույթների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ մնում են համեմատաբար կայուն: Համաձայն փորձագետների կարծիքներիՙ ամեն ինչ կախված կլինի ռազմական գործողությունների շարունակման ժամկետայնությունից: Համեմատաբար կարճաժամկետ ռազմական գործողությունները շոշափելի տատանումներ չեն առաջացնի արժութային շուկաներում: Նույնը կարելի է ասել ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալՙ հաշվի առնելով արտաքին շուկաների նկատմամբ Հայաստանի արժութային շուկայի սահմանափակ զգայունությունը:

«ԿԲ-ն ուշադիր հետեւում է միջազգային ֆինանսական շուկաների ընթացքին եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան գործողություններՙ շուկայում չափազանց կտրուկ տատանումներ թույլ չտալու նպատակով», հանգստացնում է ԿԲ-ն եւ հիշեցնում, որ «ԿԲ-ն չի կառավարում փոխարժեքը, եւ այն ձեւավորվում է արտարժույթի շուկայում շուկայի մասնակիցների եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկի եւ առաջարկի հատման պայմաններում»: Պարզ ասածՙ ԿԲ-ն անհանգստության առիթ չի տեսնում եւ ձեռնպահ է մնում հետագա կանխատեսումներից:

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4