ԱԻՄ-ի հայտարարությունը
Օրերս մեր հանրապետության Ազգային ժողովը հրաժարվեց ԱԺ նիստերից տեւականորեն բացակայող Վանո Սիրադեղյանին զրկել պատգամավորական լիազորություններից: Դա նրա իրավունքն է, սակայն չմոռանանք նաեւ Վանո Սիրադեղյանի ընտրատարածքի քաղաքացիներիՙ Ազգային ժողովում ներկայացուցիչ ունենալու իրավունքը:
Վանո Սիրադեղյանի բացակայությունները, այսինքնՙ նրա ընդհատակ անցնելը հարգելի համարած, նախկինում նրան կալանավորելու իրավունք տված Ազգային ժողովն առիթը բաց չթողեց մեկ անգամ եւս ո՚չ ասելու ժողովրդավարությանը, ԱԺ-ի բնականոն աշխատանքներին, օրինավոր ապրելակերպին, գործադիր իշխանություններին, նախագահին ու նաեւ... ինքն իրեն:
ԱԻՄ-ն այս ԱԺ ձեւավորման պահից ազդարարել էր, որ ընտրազանգվածի մի զգալի մասի ընտրություններին չմասնակցելն օրինական համարող խորհրդարանը ժողովրդի շահերին նպատակաուղղված լինել չի կարող, եւ այժմ մեր վայ խորհրդարանը կրկին այո՚ ասաց ժողովրդի ու ժողովրդավարության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, ապօրինություններին, «մաֆիոզ» համակարգի ամրապնդմանը, հովանավորչությանն ու կամայականություններին, արտոնյալների ամենաթողությանը:
Իր դրսեւորումը մասամբ գործադիրի աշխատանքի անկատարությամբ պայմանավորող ԱԺ-ին ի՞նչն է խանգարում նույն միակամությամբ ազդելու գործադիրի համապատասխան օղակների եւ ողջ համակարգի վրա: Բնական հարց է ծագում. արդյոք իրավունք չունի՞ հայ ժողովուրդը ո՚չ ասելու այսպիսի ԱԺ-ին եւ արդյոք պարտավո՞ր է մնալ նրա կամայականությունների գերին:
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ, ԻՄ նախագահ