«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2001-10-11 | #185, 2001-10-12 | #186, 2001-10-13


ԽՈՍԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՂՈՒ ՄԱՍԻՆ

Մամուլը, հատկապես տպագիր մամուլը Հայաստանում դժվարին օրեր է ապրում: Ճղճիմ տպաքանակներ եւ ահռելի ծախսեր, որոնք ոչ միայն արգելակում են մամուլի զարգացումը մեր երկրում, այլեւՙ հարցականի տակ դնում նրա գոյատեւումն անգամ: Առավել դժվար օրեր են սպասվում առաջիկայում, երբ տեղի կունենան մի շարք սխալ սեփականաշնորհումներ, որոնք կփոշիացնեն եղած խեղճուկրակ համակարգն անգամ: Ահա այս մասին է մեր պաշտոնակից «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար լույս ենք ընծայում ստորեւ: Հոդվածը լույս է տեսել թերթի չորեքշաբթի օրվա համարում:

Վերջերս ռուսաստանցի լրագրողների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ԶԼՄ-ների ներկա վիճակի առնչությամբ հայտարարեց. «Հայաստանում ազատ մամուլի խնդիրը լուծված է»: Նա պարզաբանեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը մեզ մոտ կանոնակարգվում է օրենսդրությամբ, որը համապատասխանում է եվրոպական եւ միջազգային չափանիշներին: Այդուհանդերձ նախագահը նշեց, թե «մամուլն ազատ է, բայց անպատասխանատու, ինչը բնորոշ է անցումային փուլում գտնվող երկրներին»: Դա, իհարկե, այդպես է, բայց եթե հարցին մոտենանք ըստ էության, ապա ակնհայտ կլինի, որ մամուլի անպատասխանատվության անվիճելի գործոններից մեկը պետության անպատասխանատվությունն է նրա հանդեպ:

Միայն շատ համարձակ մարդը կխիզախի հայկական թերթերն անվանել «զանգվածային լրատվության միջոցներ». վերջին տասնամյակում տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր անգամներ նվազել են տպաքանակները, նույնքան էլ թանկացել են թերթերը: Ուստի 3-5 հազար տպաքանակ ունեցող հրատարակությունը պատկառելի է համարվում այսօր: Խմբագիրներն ու հիմնադիրները չեն էլ փորձում իջեցնել գները. Ռուսաստանից եւ Թուրքիայից ներկրվող թղթի սպեկուլյատիվ գինն արդեն կայունացել է եւ որեւէ մեկին չի զարմացնում իր հրեշավոր թանկությամբ, որը եռակի գերազանցում է համաշխարհային գները: Ոչ ոքի չի զարմացնում, որ թերթը եւ կես կիլոգրամ հացը նույն գինն ունեն:

Նման բան գոյություն չունի հետխորհրդային որեւէ պետությունում: Ամենուրեք կանխիչ միջոցներ են ձեռնարկվել խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը պահպանելու նպատակով: Բայց մեր պետությունն անհրաժեշտ չհամարեց օրենք ընդունել մամուլի պետական օժանդակման մասին, լրագրային թուղթը, պոլիգրաֆիական նյութերն ու սարքավորումները մաքսերից ու տուրքերից, ԶԼՄ-ների արտադրանքն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին եւ այլն: Հետխորհրդային մյուս պետություններում հարկման ենթակա չէ ԶԼՄ խմբագրությունների, հրատարակչությունների, լրատվական գործակալությունների, մամուլի տարածման գործակալությունների ստացած շահույթը:

Ընդհակառակը, մեր ժողովրդավարներն այնքա՜ն ժողովրդավար են, որ թերթը դիտում են բացառապես իբրեւ ապրանք: Պետունեցվածքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն, օրինակ, այդպես էլ հայտարարում է. «Ի՞նչ տարբերություն, կրպակում օղի՞ կվաճառես, թե՞ լրագիր»:

Մեր նախարարների այս հայացքները արդեն երկրի բնակչության 90 տոկոսին զրկել են թերթ կարդալու հնարավորությունից: Այսօր կան գյուղեր, որտեղ տարիներով թերթ չեն տեսնում: Մինչդեռ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանը նախորդած բոլոր քննարկումներում առանձնապես շեշտվում էր մեր երկրում մամուլի ազատության առկայության հանգամանքը:

Պետությունը ոչ միայն համապատասխան պայմաններ չի ստեղծել, այլեւ եղածն էլ է վերցրել: Օրինակ, չորս թերթերի («Հայաստան», «Կոմունիստ», «Ավանգարդ», «Երեկոյան Երեւան») միջոցներով կառուցված հիանալի տպարանը, ինչպես նաեւ 16 հարկանի խմբագրական մասնաշենքը, որտեղ մենք հիմա ոչ թե տերեր ենք, այլ վարձակալներ:

Մինչդեռ մյուս հետխորհրդային պետություններում այդ բոլորն անվճար խմբագրություններին է հանձնված արդեն տասը տարի առաջ: Բայց մեզ չէին ուզում լսել: ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը մեզնից վարձակալական վճար է գանձում, որով երեւի գոյատեւում են մամուլի հետ որեւէ կապ չունեցող տասնյակ անբաններ: Համենայն դեպս, մեր այդ վարչությունը չի փորձել լուծել մամուլի որեւէ խնդիր:

Մեր երկրում գրանցված 1000 ԶԼՄ-ներից գոյատեւում է միայն 5 տոկոսը, որոնց համախառն արտադրանքը չնչին է Ադրբեջանի եւ Վրաստանի տեղեկատվական հզոր դաշտերի համեմատությամբ:

Այսօր խոսվում է բազմամիլիոնանոց պարտքեր ունեցող «Հայմամուլի» սեփականաշնորհման մասին, որը բեռ է դարձել պետության ուսերին: Իսկ դա սպառնալիքի տակ է դնում մինչեւ օրս պահպանված առանց այդ էլ խղճուկ տպաքանակների տարածման գործը: «Հայմամուլի» գործադիր տնօրեն Հայկարամ Մխիթարյանի կարծիքով, հնարավոր է սեփականաշնորհման երկու տարբերակ: Առաջինի դեպքում գործակալության շենքը, փոխադրամիջոցները եւ կրպակները կսեփականաշնորհվեն կոլեկտիվի կողմից: Երկրորդի դեպքում (որի կողմնակիցն է նախարար Դավիթ Վարդանյանը) շենքը եւ փոխադրամիջոցները կանցնեն կոլեկտիվին, իսկ կրպակներըՙ կրպակավարներին: Այդ սեփականաշնորհման բացասական հետեւանքը կդառնա իրացման ծավալների կրճատումը, քանի որ ապագա տերերը կթելադրեն իրենց պայմանները, կհրաժարվեն «անշահավետ» հրատարակություններից: Նույնիսկ մի քանի կրպակների կրճատումը սպառնում է առանց այդ էլ փոքր տպաքանակների ապագային:

Վերջերս տպագիր հրատարակությունների ղեկավարները հավաքվեցինՙ քննարկելու սեփականաշնորհման վարդանյանական եղանակին հակազդելու միջոցները: Նրանք հանգեցին այն եզրակացության, որ պետունեցվածքի կառավարման նախարարությունից առաջ «Հայմամուլի» սեփականաշնորհմամբ պետք է զբաղվի տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը եւ մամուլի համար գոնե ինչ-որ օգտակար բան անի, այն էՙ անցկացնի «Հայմամուլի» վերջին տասը տարվա գործունեության աուդիտ եւ պարզի, թե խմբագրություններին գործակալության պարտքը ինչպե՞ս է հասել 150 մլն դրամի, գործակալության ղեկավարները ի՞նչ միջոցներով են ձեռք բերել թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներ, ո՞ւր են անհետացել 30 կրպակների անօրինական (կառավարական որոշումից առաջ) վաճառքի գումարները, ինչո՞ւ «Հայմամուլը» ամիսներով ու տարիներով ապրանքաշրջանառության մեջ է պահել թերթերի վաճառքից խմբագրությունների ստանալիք գումարները:

Ինչ վերաբերում է Վարդանյանին եւ օղու ու թերթի հավասարության վերաբերյալ նրա դատողություններին, ապա ժողովրդավարին կտանք պարզ բացատրություն. նույնիսկ օղու ծովը չէր օգնի Հայաստանի միջազգային նկարագրին, մինչդեռ կրպակների ցրման միջոցով հեշտությամբ քամուն տրվող անկախ մամուլի թեկուզ պայմանական գոյության գործոնը նույնիսկ շատ օգնեց եւ այժմ էլ արմատական դեր է խաղում Հայաստանի միջազգային հարաբերություններում:

«ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4