Երկու կողմերն էլ ժխտում են իրենց շահագրգռությունն այդ հարցում
16 հայ է զոհվել օրերս Աբխազիայումՙ ամբողջովին հայաբնակ Նահա Արմյանսկոյե գյուղի վրա կատարված հարձակման հետեւանքով: Թե ով է կազմակերպել եւ իրագործել հարձակումը, հակասական տեղեկություններ են հաղորդվում: Մինչ աբխազական աղբյուրները պնդում են, թե իրագործվել է չեչենա-վրացական ահաբեկչական խմբավորումների կողմից, վրացական աղբյուրները տեղեկացնում են, որ կատարվածն աբխազական եւ ռուսական կողմերի սադրիչ գործողությունների հետեւանք է, որոնք նպատակ են հետապնդում լարելու հայ-վրացական հարաբերությունները:
Հայաստանի արտաքին գործոց նախարարությունում Վրաստանի եւ Աբխազիայի տարածքում բնակվող հայերի այսօրվա վիճակի մասին հստակ տեղեկատվություն չունեն, հետեւաբար դեռեւս հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով կոնկրետ միջոցներ չեն ձեռնարկվել: Չորեքշաբթի օրը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավաստեց. «Անխտիր բոլոր շահագրգիռ կողմերի հետ կոնտակտի մեջ ենք տարբեր մակարդակներով: Նախ ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու, ապա նաեւ հայ բնակչության համար փորձելու իրավիճակը մեղմել: Իրավիճակին Երեւանից ինչքան հնարավոր էՙ տիրապետում ենք»: Ե՚վ Հայաստանում, ե՚ւ Վրաստանում լուրջ մտավախություններ կան, որ նման միջոցներով փորձ է արվում Վրաստանում բնակվող հայերին եւ մասնավորապես ջավախքահայությանը վրաց-աբխազական շարունակ խորացող հակամարտության մեջ ներքաշելու, ինչն իր ազգակիցների հանդեպ անտարբերություն չդրսեւորող Հայաստանին եւս աստիճանաբար կներքաշի հակամարտության գոտի: Սակայն ի տարբերություն վրացական կողմի, որի անհստակ դիրքորոշումներից որեւէ կոնկրետ եզրակացությունների չի կարելի հանգել, Հայաստանում նկատում են, որ անուղղակի կերպով կառավարությունն արդեն պարտավոր է միջամտել վրաց-աբխազական հակամարտությանըՙ տարածաշրջանի հայ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից միայն:
ՀՅԴ-ն խորապես համոզված է, թե «Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է փորձի իր ներկայությունն ապահովել կոնֆլիկտի գոտում, բացառի պայթյունավտանգ զարգացումները եւ պաշտպանի իր հայրենակիցների իրավունքները: Առաջին հերթին Հայաստանը պետք է դիվանագիտական բանակցությունների ճանապարհով, եթե անհրաժեշտություն կաՙ նաեւ պատվիրակությունների միջոցով փորձի սատարել հայ ազգաբնակչությանը»:
Ամեն դեպքում ՀՅԴ-ն հայկական կողմիՙ վրաց-աբխազական առճակատման գոտի ներքաշվելու վտանգ տեսնում է, որը զարգացնելով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նորընտիր փոխնախագահ Հմայակ Հովհաննիսյանը վրացական պաշտոնական շրջանակների դիրքորոշումների փոփոխության կոնտեքստով չի դիտում: «Դա կազմակերպված ոտնձգություն է հայերի դեմ, որովհետեւ զոհերը մեկը կամ երկուսը չեն եղել: Եվ ոչ թե հայերն են ներքաշվում, այլ հայերին ներքաշում են այդ ողբերգական զարգացումների մեջ: Ես զգույշ եմ դա Վրաստանին վերագրելու հարցում: Սակայն անշուշտ Վրաստանի ղեկավարությունը փորձում էր եւ գուցե փորձում է առ այսօր էլ օգտվել չեչեն գրոհայինների ծառայություններից, որպեսզի իր վերահսկողությունը վերահաստատի Աբխազիայի նկատմամբ»:
Վերջին շրջանում հակաահաբեկչական գործընթացների քողարկմամբ տարածքային հարցեր լուծելու Վրաստանի որդեգրած քաղաքականությունը հանգեցրել է աբխազական հարցի վերհանմանը, որն ուղղակիորեն Ռուսաստանի ներքաշում էր նշանակում հենց Վրաստանի ներքին խնդիրներին: Նկատի առնենք, որ Ռուսաստանը որպես միջնորդ է ճանաչվել վրաց-աբխազական հարաբերություններում, եւ պատահական չէ, որ Աբխազիայի խորհրդարանը ՌԴ Պետդումային է դիմել իր նկատմամբ ուժ չկիրառելու եւ խաղաղ բանակցային գործընթացներին վերադառնալու պահանջով Վրաստանի իշխանություններին դիմելու հարցով: Ռուսաստանին այդ կտրվածքով կոնֆլիկտի մեջ ներգրավելու Աբխազիայի խիստ շահագրգռությունը, որը զուգահեռվում է չեչենական անջատողականներին հովանավորելու մեջ Վրաստանին մեղադրելուն, ինչպես նաեւ Վրաստանն իր ազդեցության գոտուց ոչ մի կերպ դուրս չթողնելու եւ Աբխազիայում, Ջավախքում ռազմակայանները պահպանելու Ռուսաստանի ցանկությունները տարածաշրջանում ստեղծել են մի բարդ հանգույց, որը կարող է հանգեցնել Վրաստանի տարածքային ամբողջականության խաթարման:
Մինչդեռ Վրաստանը ոչ մի կերպ չի ընկալում ստեղծված աշխարհաքաղաքական շահերի նոր վերադասավորումների հնարավոր հետեւանքները: Փոխանակ առժամանակ մեղմացնելու իր հարաբերությունները հյուսիսային հարեւանի հետ, ամենաբարձր մակարդակով շարունակ հակառուսական բացահայտ քարոզչություն է զարգացնում: Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում հայտարարել է, թե Ռուսաստանը ցանկանում է Արեւմուտքին դիմակայող ուժերի կենտրոններ ստեղծել: Հաշվի չառնելով, որ այս ժամանակահատվածում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն առավել քան բարիդրացիական են, եւ երկուսի ուշադրությունը սեւեռված է Աֆղանստանում կատարվող հակաահաբեկչական գործողություններին, Վրաստանը, չգիտես ինչու, ՆԱՏՕ-ին միանալու, աբխազական հարցի կարգավորման ամենահարմար պահը հենց հիմա է ընտրել: Եթե նկատի առնենք, որ այս պահին Ռուսաստանի համար եւ Հյուսիսային, եւ Հարավային Կովկասում խնդիրները կարգավորելու հարցն առավել առաջնահերթ է երեւում, քան Մ. Նահանգների, եւ որ Ռուսաստանի թաքուն զգացումներից է Վրաստանը կոնֆեդերատիվ պետությունների տեսքով տեսնելը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ վերջնական արդյունքում Վրաստանը հենց այդպիսին էլ կմնա: Իսկ Հայաստանի պաշտոնական շրջանակները, առավել կարեւորելով Վրաստանի հետ հարաբերությունների կայուն մակարդակի ապահովումը, առայժմ չեն խառնվում վրաց-աբխազական կոնֆլիկտին: Սակայն եթե Վրաստանի անուշադրության հետեւանքով աճեն վիրահայերի սպանությունների դեպքերը, Հայաստանն ուղղակի պարտավոր է քաղաքական ազդու միջամտությամբ պաշտպանել իր հայրենակիցների շահերը: Ինչով դա կավարտվիՙ դեռեւս դժվար է ասել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ