Կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հրավիրած մամլո ասուլիսի նպատակն էր, իրենց ասելով, լրագրողների օգնությամբ ուղղել իշխանությունների եւ իշխանամետ լրատվամիջոցների կողմից հասարակության աչքերում իրենց դրական կերպարի խեղաթյուրումը:
«Իշխանության ներկայացուցիչները եւ որոշ զանգվածային լրատվամիջոցներ նպատակ ունեն շեղելու մեր կուսակցության կողմից իրականացվող հանրապետության նախագահի պաշտոնանկության գործընթացը, ներքաշել կուսակցության ղեկավարներին դատական քաշքշուկների մեջ եւ քաղաքական պայքարի հարթությունից մղել այլ հարթություն, հասարակության գիտակցության մեջ սերմանել այն համոզմունքը, թե «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները խնդիրներ ունեն օրենքի հետ»: Կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի այս կարծիքը ձեւավորվել էր նրանից հետո, երբ ԶԼՄ-ները տեղեկություն էին հրապարակել, ըստ որի ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Ըստ այդ հրապարակումների, Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հանցագործության մեջ մեղադրելու նպատակով խոշոր չափի գումար է խոստացել ՆԳՆ ոմն գործակալի, եւ վերջինս հայտարարություն է տվել, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորներից իմացել է, որ ոճրագործության կազմակերպիչները հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարն են: Իսկ Ալբերտ Բազեյանը մեղադրվել էր գործակալ Հարություն Գրիգորյանին հայտարարության տեքստը թելադրելու մեջ:
Պարոն Բազեյանի խոսքերով, վերը նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ ներկայացրեց իր վարկածը: Ըստ նրա, «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ եկած Հարություն Գրիգորյանը ցանկություն է հայտնել տեղեկություններ հաղորդել հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ: Պրն Բազեյանն առաջարկել է գրավոր շարադրել իր փաստարկները, հետո էլ հրավիրել է Մուշեղ Սաղաթելյանինՙ որպես մարդու, որն աշխատել է այդ միջավայրումՙ գործակալ Հարություն Գրիգորյանի ինքնությունը պարզելու նպատակով: Այնուհետեւ Ալբերտ Բազեյանը կանչվել է ՀՀ գլխավոր դատախազությունՙ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված քրեական գործում որպես վկա հանդես գալու:
«Հանրապետություն» կուսակցության նախագահը նշեց, թե իշխանությունների դեմ հայտարարություններով հանդես գալու համար իրենք չունեն քրեական անցյալ ունեցող անձի կարիքը:
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ փորձեց տալ մեր օրերի իրավապահ մարմինների բնութագիրը: Նրա խոսքերով, իրավապահ մարմինները գործիք են դարձել իշխանությունների ձեռքում, եւ նրանց միջոցով բռնություններ են իրականացվում:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարների պնդմամբ, միայն իշխանափոխության միջոցով կարելի է շտկել երկրում տիրող իրավիճակը:
Դժվար չէ ենթադրել, թե իրականում ինչ են ուզում իշխանափոխության ջատագովները եւ որոնք են նրանց իրական նպատակները: կարելի է կռահել նաեւ ասուլիսի նպատակըՙ չքմեղանալ:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ