Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որը վարում էր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը:
Նիստում լսվեց «ՀՌԱԿ կառույցների առկա վիճակը եւ հեռանկարները» օրակարգային հարցը, որը ներկայացրեց վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը: Զեկուցման մեջ նշվեց, որ հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հիմնադրվել են ՀՌԱԿ նոր տասնութ ակումբներ. Վայոց ձորի մարզի Մալիշկա ավանում, յոթ ակումբներ Լոռու մարզումՙ չորսը Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակ եւ Ալավերդի քաղաքներում, Արարատի մարզում վեց ակումբներՙ Արտաշատ, Վեդի, Արարատ, Մասիս քաղաքներում, Բերդիկ եւ Վերին Արտաշատ գյուղերում, Կոտայքի մարզի Բուժական գյուղում, Շիրակի մարզում գործող հինգ ակումբներին ավելացել է եւս երկուսըՙ Գյումրի քաղաքի ՀՌԱԿ «Գյումրի» ակումբը եւ Արթիկի ակումբը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ՀՌԱԿ Մալաթիա ակումբը: Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է ՀՌԱԿ 25 նոր կառույցների հիմնադրում Երեւանում, Արմավիրի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերում: Այդ նպատակով Հանրապետական վարչությունն իրականացնում է քարոզչական եւ կազմակերպչական աշխատանք: Երեք ամիսների ընթացքում ՀՌԱԿ շարքերն ընդունվել են 457 քաղաքացիներ, կուսակցությունից իրենց դիմումի համաձայն դուրս են եկել երկու հոգի: Ձեւավորվեց Արարատի մարզի շրջանային վարչությունը: Զեկուցման մեջ նշվեց, որ ՀՌԱԿ նոր գրասենյակներ են բացվել Վանաձորում, Արթիկում, Ալավերդիում, Եղվարդում, սակայն վերջիններիս բացակայությունը Արարատի մարզում, Ստեփանավանում, Երեւանի մի շարք համայնքներում խանգարում է կուսակցության գործունեության արդյունավետությանը:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունում նշվեց, որ նորագիրների ճնշող մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն, աշխատում է տարբեր բնագավառներում, ազդեցիկ է ընտրողների շրջանում:
Վարչությունը դրական գնահատելով ՀՌԱԿ նոր կառույցների ստեղծման գործընթացը, ինչպես նաեւ առաջիկա ամիսների հեռանկարները, պահանջեց սկզբնական կազմակերպություններից եւ շրջանային վարչություններից հանդես բերել անհրաժեշտ բծախնդրություն նորագիր անդամների նկատմամբՙ ուժեղացնելով քարոզչական աշխատանքը տեղերում, երբեւէ չհետապնդել եւ թույլ չտալ ՀՌԱԿ շարքերի զանգվածային համալրում:
ՀՌԱԿ Հանրապետական վարչության նիստին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանը (Ֆրանսիա): Նա ներկայացրեց ՌԱԿ Եվրոպայի շրջանակի աշխատանքները, մանրամասն խոսվեց Ֆրանսիայում «Ապրիլի 24-ի կոմիտեի» գործունեության մասին, որի ջանքերի շնորհիվ նաեւ այդ երկիրն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Կոմիտեի գործունեության կազմակերպման մեջ մեծագույն լումա են ներդրել ռամկավարներ Ալեքսի Գյովջյանը, Լեւոն Քեբաբջյանը, Սիրապյանը եւ ուրիշներ:
Վարչությունը քննարկեց ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք այլ հարցեր: