Հոկտեմբերի 12-ին Պեկինում վերջապես ստորագրվեց Չինաստանի Շանսի նահանգի Դատուն քաղաքում քլորոպրենային կաուչուկների արտադրության հայ-չինական «Չինարմենպրեն» համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագիրը: Հայկական կողմից ստորագրել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Աշոտ Շահնազարյանը, որն այդ կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել:
Փոխնախարարը նախ անդրադարձավ համատեղ ձեռնարկության ստեղծման նախապատմությանը: Հիշեցնենք, որ համատեղ ձեռնարկության հիմնադիր կապիտալը 35 մլն դոլար է, որից 21 միլիոնըՙ չինական, 14 միլիոնը հայկական կողմի ներդրումներն են: Բաժնետոմսերը բաժանված են 60 տոկոս չինական, 40 տոկոս հայկական հարաբերակցությամբ: Այնուհետեւ Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ չինական կառավարության երաշխավորությամբ գործարանի շինարարության համար տրվելու է 100 մլն դոլարի վարկ բավականին ցածր տոկոսադրույքով (7 տոկոս տարեկան): Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2003 թ. դեկտեմբերին, իսկ 2004 թ. ապրիլիցՙ արտադրանք ստանալ: Գործարանի հզորությունը կլինի տարեկան 30-35 հազար տոննա կաուչուկ, ինչը կազմում է Չինաստանի ներքին շուկայի պահանջարկի շուրջ 40 տոկոսը: Չնայած դրան, այդ երկրի ամբողջ պահանջարկը չի ծածկվի:
Նոր ստեղծվող ձեռնարկության տնօրենների խորհուրդը կազմված կլինի 9 հոգուցՙ 5-ը չինական, 4-ը հայկական կողմի ներկայացուցիչներ: Սակայն, ինչպես ասաց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը, բոլոր կարեւոր որոշումները պետք է ընդունվեն միաձայն: Ակնկալվում է, որ շահութաբաժին (հայկական կողմի համար տարեկան 4-6 մլն դոլար) կստացվի 2005 թ.-ից: Այս առումով «Ազգը» հետեւյալ հարցն ուղղեց Աշոտ Շահնազարյանինՙ ինչպե՞ս է նախատեսվում շահութաբաժին ստանալ, երբ անհրաժեշտ է մարել 100 մլն դոլար կազմող եւ տարեկան 7 տոկոս ունեցող վարկը: Դրան փոխնախարարը պատասխանեց, որ առաջին 5 տարվա ընթացքում վարկի մարման խնդիր դրված չէ: Նախատեսվում է մարել դրանից հետոՙ 7 տարվա ընթացքում: Որպեսզի հետագայում շահութաբաժինը բարձր լինի, հայկական կողմը կառաջարկի առաջին 5 տարում շահույթի մեծ մասն ուղղել «մայր պարտքի մարմանը», այսինքնՙ փոքրացնելուն: Սակայն դրա հետ միասին այդ ընթացքում շահութաբաժին պետք է լինի, որն ուղղվելու է Չինաստանի համատեղ ձեռնարկությանն ու «Նաիրիտին»ՙ ներդրումների տեսքով:
Լրագրողներին տեղեկացվեց նաեւ, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում կստացվեն առաջարկներ ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերությունից, եւ կստորագրվի պայմանագիր «Նաիրիտ-1»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը նրան փոխանցելու մասին: Ակնկալվում է, որ հետագայում այստեղ ներդրումներ կկատարեն եւ բաժնետոմսեր ձեռք կբերեն մեկ իտալական եւ մեկ հնդկական ընկերություններ: 1-1,5 մլն դոլար ներդրումների դեպքում հնարավոր կլինի «Նաիրիտի» արտադրական հզորությունը հասցնել ամսական 1300 տոննայի, ներկայիս 950 տոննայի փոխարեն:
Ասուլիսի վերջում Աշոտ Շահնազարյանը տվյալներ հաղորդեց արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին 9 ամիսներին գրանցված արդյունքների վերաբերյալ: Ըստ դրանց, զուտ արդյունաբերական արտադրանքի արտադրության աճը կազմել է 14 տոկոս, իրացմանըՙ 10 տոկոս, արտահանմանըՙ 10 տոկոս: Նման տեմպերի շարունակման դեպքում, փոխնախարարի հավաստմամբ, 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կպահպանվի մինչեւ տարեվերջ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ