ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-ին «Սպիտակ» փրկարարական ջոկատը ամերիկյան «Սփիդոս» ֆիրմայի աշխատակից մի խումբ ամերիկահայերի հովանավորությամբ տեղադրեց հերթական մետաղյա խաչըՙ այս անգամ Արագած լեռան Խաչատուր Աբովյանի անունը կրող հյուսիսային գագաթին: Մինչ այժմ Հայաստանում այսպիսի խաչեր են տեղադրվել 4 լեռնագագաթներիՙ Արագածի հարավային, արեւմտյան, Սիսիանի Մեծ Իշխանասար եւ Աղոթարան գագաթներին:
Մինչ 4 մետր երկարությամբ չժանգոտվող մետաղից պատրաստված խաչը Արագածի գագաթը բարձրացնելը այն Թարգմանչաց տոնինՙ հոկտեմբերի 13-ին, օծվել էր Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: «Թող այս խաչը պահապան կլինի ոչ միայն լեռնագնացներին, այլեւ ամբողջ գյուղին եւ ընդհանրապես հայ ժողովրդին»,- խաչի տեղադրումից հետո կազմակերպված միջոցառման ժամանակ ասացին Արագած գյուղի բնակիչները: