ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Քաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը» ծրագրի շրջանակներում Կանանց հանրապետական խորհուրդը (ԿՀԽ) կազմակերպել էր հայաստանյան 10 պարբերականներում 2001 թ. հունվար-հուլիս ամիսներին հրապարակված կանանց հարցերին նվիրված հոդվածների վերլուծություն: Ծրագիրն իրականացվել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ համատեղ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: «Կանայք եւ մամուլը» խորագրով «կլոր սեղանին» հոկտեմբերի 16-ին ԿՀԽ-ի կողմից խրախուսվեցին 10 լավագույն հոդվածների հեղինակները:
ԿՀԽ նախագահ Նորա Հակոբյանի կարծիքով, մամուլում կանանց հարցերի լուսաբանումը կրում է էպիզոդիկ բնույթ եւ աչքի չի ընկնում խորությամբ: 1994 թ.-ին «Առագաստ» շաբաթաթերթի հրատարակության ընդհատումից հետո 1996-98 թթ. լույս է տեսել «Նովոյե վրեմյա» թերթի «Դամի ի գոսպոդա», իսկ ներկայումս լույս է տեսնում «Իրավունք» շաբաթաթերթի «Զարուհի» հավելվածը: Սեփական պարբերականի բացակայությունը Կանանց հանրապետական խորհուրդը փորձել է փոխհատուցել մամուլի հետ համագործակցությամբ եւ առանձին ձեռնարկների հրատարակմամբ:
Ընդհանրապես, Հայաստանում առկա կանանց դերի անտեսման մտայնությունը, ըստ տիկին Հակոբյանի, բխում է ոչ թե հայ ժողովրդի ազգային նկարագրից եւ ակունքներից, այլ արդյունք է «շերտ առ շերտ նստվածքի, որը պետք է մաքրել այնպես, ինչպես մեծ Կոմիտասն է մաքրել հայկական երաժշտությունը»: Որպես օրինակ Նորա Հակոբյանը վկայակոչեց Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի խորհրդածությունները կնոջ դերի եւ առաքելության մասին:
Շեշտվեց, որ ըմբռնելով կին-տղամարդ հակադրության մտացածին լինելը, հայ կանայք իրենց եռանդը նպատակամղում են հասարակության առջեւ ծառացող հիմնահարցերի լուծմանը, ինչին մեծապես կնպաստի կանանց երկու մեծ կազմակերպություններիՙ Կանանց հանրապետական խորհրդի եւ Անկախ ֆորումի միացյալ եւ մշտապես գործող «կլոր սեղանի» աշխատանքը: