Ստանձնած պարտավորությունների հետքերով
Հայաստանում է գտնվում ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով մոնիթորինգի հանձնաժողովը, որի առաջնահերթ խնդիրն է պարզելՙ ինչ ընթացքի մեջ են այն պարտավորությունների կատարումները, որոնք մեր երկիրը ստանձնել էր նախքան Եվրոպայի խորհրդին անդամակցելը: Հիշեցնենք, դրանցից էին սահմանադրական բարեփոխումները, խոսքի, խղճի, դավանանքի եւ սեռական փոքրամասնությունների, մարդու իրավունքներին առնչվող, օրենսդրական բարեփոխումների խնդիրները: Հոկտեմբերի 15-19-ը Հայաստանում գտնվող մոնիթորինգի հանձնաժողովի անդամները, ԵԽ ԽՎ պատգամավոր, Սլովակիայի ներկայացուցիչ Իրենա Բելողովսկայի գլխավորությամբ արդեն հանդիպել են Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, կրոնական տարբեր ուղղվածության կազմակերպությունների անդամների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը եղել է նաեւ Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում, ծրագրված է հանդիպում Հայաստանի դատախազության ներկայացուցիչների հետ: Իրենց հանդիպումները, տպավորությունները մոնիթորինգի հանձնաժողովի անդամները չմեկնաբանեցինՙ պատճառաբանելով, թե ԵԽ կանոնադրությամբ հանձնաժողովն իր հաշվետվությունը ներկայացնում է ԵԽ-ին, որն արդյունքները նախ քննարկում է փակ դռների հետեւում, որից հետո հարցը տեղափոխվում է ԵԽ ԽՎ նիստերի օրակարգ: Եվ միայն հաշվետվության հրապարակումից հետո իրենք կարող են տեսակետներ հայտնել:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին առավելապես հետաքրքրում էր, թե հենց իրենքՙ տեղի լրագրողներն ինչ կարծիքի են Հայաստանում խոսքի ազատության մակարդակի, այն ապահովող օրենքների մասին: Հեռուստատեսությունների ներկայացուցիչները վկայակոչեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի ընդունումը, որը Հայաստանի ուղղակի պարտավորություններից էր: Նշվեց, որ այս օրենքը լիովին ապահովում է ինֆորմացիայի ստացման եւ փոխանակման մեխանիզմը, եւ որ այդ առումով հայաստանյան լրատվամիջոցները խնդիրներ չունեն:
Նշվեց միաժամանակ, որ ի տարբերություն հեռուստառադիոոլորտի, տպագիր մամուլի նոր օրենք դեռեւս չի ընդունվել, իսկ գործող օրենքով սահմանված պետական գաղտնիք հասկացողությունը լրատվամիջոցներ-իշխանություններ փոխհարաբերություններում ինֆորմացիայի ստացման առումով որոշակի բարդություններ է ստեղծում: Սակայն ընդհանուր առմամբ խոսքի ազատությունը Հայաստանում արմատանում է: Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցն անգամ նշեց, որ խոսքի ազատություն ասվածը Հայաստանում իր «աբսոլյուտ» իմաստով է ընկալվում: Այսինքնՙ լրատվամիջոցները գրում են այն, ինչ ուզում են, գովերգում կամ փնովում են մարդկանց, որը գրեթե միշտ մնում է անհետեւանք: Եվ ընդհանրապեսՙ «այս երկրում ոչ ոքի ոչ մի բանի համար չեն դատում»: Իսկ պահանջները, որոնք դրվում են նորաստեղծ հանրապետության առջեւ, պետք է դիտարկվեն երկրի մենթալիտետի առումով, որը 1-2 տարում փոխելն անհնար է: Այդ տեսակետից Հայաստանը լուրջ առաջընթաց արձանագրել է 94-95 թթ. համեմատ, երբ երկրում քաղաքական դրդապատճառներով ու ճնշումներով կարող էին թերթերը փակվել, լրագրողներըՙ հետապնդվել հրապարակած նյութերի համար եւ այլն:
Հանդիպման ընթացքում շեշտը դրվեց լրատվամիջոցների ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների վրա, հատկապես ինտերնետային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորությունների եւ մամուլ-տարածող գործակալություններ հարաբերությունների առումով: Լրագրողները ներկայացրին, որ Հայաստանում լրատվամիջոցներն այնքան հնարավորություններ չունեն, որպեսզի տարբեր կետերում սեփական թղթակից ունենան կամ պաշտոնատարների գործուղումները լուսաբանեն: Այս առումով է հիմնականում, որ լրատվամիջոցները կախվածության մեջ են ընկնում իշխանություններից:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ