Գեներալ Մանվել Գրիգորյանը կլինի բարձրաստիճան առաջին հայ զինվորականը, որ կմասնակցի Կիպրոսի ազգային գվարդիայի «Նիկիֆորոս» ամենամյա զորավարժություններին, «Ազգին» Նիկոսիայից տեղեկացնում է «Սայփրըրս ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Ջորջ Տեր-Բարթողը: ՀՀ պաշտպանության փոխնախարարը Կիպրոս կժամանի վաղըՙ հինգշաբթի, եւ կմնա մինչեւ երկուշաբթի օրը: Լառնակայի օդակայանում նրան կդիմավորեն Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ Էվանգելու Ֆլորակիսը ու Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Պետրոս Գալայճյանը: Նույն օրը նրան ի պատիվ պաշտոնական ընթրիք կտա Կիպրոսի պաշտպանության նախարար Սոկրատես Հասաիկոսը, որ վերջերս այցելել էր Հայաստան: Ուրբաթ օրը գեներալ Մանվելը ներկա կգտնվի առաջին զորավարժություններին եւ կայցելի Մանգլիսի դիտապոստ, որը մայրաքաղաք Նիկոսիան շրջապատող լեռնաշղթայի բարձրագույն կետն է, որտեղից լավագույնս երեւում է թուրքերի կողմից զավթված կղզու հյուսիսային շրջանը: Նա կլինի նաեւ մայրաքաղաքը բաժանող «կանաչ գիծ», որտեղից երեւում են թուրք զինվորականների պահակակետերը:
Գեներալ Մանվելի հյուրընկալներն այցի ծրագրում նախատեսել են նաեւ մշակութային միջոցառումներՙ այցելություն կղզու հնագիտական թանգարաններ, Մաքերաս եկեղեցական մենաստան: Գեներալը հանդիպում կունենա նաեւ Խրիսոստոմոս արքեպիսկոպոսի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: