«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԵՐՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 2 ԿԱՄ 52 ՏԱՐԵԿԱՆ

Ձեռքբերումներ եւ անելիքներ

«մեր անկախություն ստեղծելու հնարավորությունների տասնամյակը բացասական դրսեւորումների կողքին ունի նաեւ ձեռքբերումներ: Դրանցից մեկը ժուռնալիստիկայի բնագավառում է եղել: Այս ոլորտի ձեռքբերումներից փաստացի է այն, որ ամենատարբեր տեսակի լրատվամիջոցներ ունենք: Դրանում է ժողովրդավարության ամենակարեւոր սկզբունքը, մեր զրույցի ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը:

ԵՊՀ-ում դեռեւս 1949 թ. բացված ժուռնալիստական կրթությունը չի ունեցել տեւական, անընդմեջ ընթացք, մի քանի անգամ ընդհատվել էՙ հիմնականում ժուռնալիստական պրոֆեսիոնալ կրթությունն անկարեւոր համարելու պատճառով: Այս թյուր մտայնությունը հաղթահարված է այսօր, քանի որ ցանկացած բնագավառում պրոֆեսիոնալ, բազային կրթության արդյունավետությունն ակնհայտ է, իսկ սիրողական դրսեւորումները, այնուամենայնիվ, իրենց զգացնել են տալիս: Ժամանակի թելադրանքներին համապատասխան զգալիորեն մեծացել է ժուռնալիստիկա մասնագիտության պահանջը: Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորում են 200 ուսանողներ (160 ուսանող, 40 մագիստրոս):

«Երբ ընդունվեցի, այնքան էլ գոհ չէինք մասնագիտական ուսուցումից եւ հատկապես դժգոհ էինք այլ առարկաների ճնշումիցՙ ոչ ճիշտ: Եթե համեմատենք եվրոպական ժուռնալիստական դպրոցների հետ, մերը բավականին ճանապարհ ունի անցնելու: Մեզ մոտ զուտ ակադեմիական կրթություն են տալիս, այնտեղ ավելի սպեցիֆիկ բաժիններ կամ առարկաներ կանՙ գեոպոլիտիկ դաշտն աշխարհում եւ այլ խնդիրներ, որ մենք չենք ուսումնասիրում: Բայց, միեւնույն ժամանակ, այդ ակադեմիական կրթության մեկ դրական կողմն էլ կա, երբ մարդուն մտածելու ունակություն է տալիսՙ կողմնորոշվելու, ինչը կաղում է եվրոպական դպրոցներում: Այժմ մի քիչ փորձում են ավելի մոդեռն լինել, իրականացնել բոլոր այն առաջարկները, որ մենք անում էինք, մենք անվերջ բողոքում էինք, որ ժուռնալիստիկայի վարպետություն չենք սովորում: Այն ժամանակ դեռ սովոր չէին բակալավրիատ, մագիստրատուրա եռաստիճան համակարգին, հիմա արդեն ընտելանում են: Հիմա նոր եկողների համար պայմանները շատ ավելի լավ են, ձգտում կա նորացնելու, փորձեր կան», նման կարծիք հայտնեց ֆակուլտետի շրջանավարտներից մեկը:

Ֆակուլտետում գործող ուսուցման եռաստիճան համակարգը (4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա, 3 տարի ասպիրանտուրա) հիմնավոր կրթության հնարավորություն է տալիս, բակալավրիատում ուսանողին փորձում են հաղորդել այնքան գիտելիքներ եւ հմտություններ, որ ավարտելուց հետո կարողանա ազատորեն աշխատել ցանկացած տիպի լրատվամիջոցներում: Կամընտրական դասընթացներին ուսանողներին առաջարկվում են որոշակի քանակությամբ առարկաներ: 6-ական առարկա ընտրում է յուրաքանչյուրն ըստ մասնագիտացմանՙ լրագրություն, ռադիո եւ հեռուստատեսություն: Ընդհանուր գիտելիքների հետ ուսանողը որեւէ ոլորտում մասնագիտանում է, որը հետագայում կարող է խորացնել մագիստրատուրայում:

Ուսուցման այս տարիների ընթացքում ֆակուլտետն ունի եւ ձեռքբերումներ եւ թերություններ: Ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը տարիների փորձից համոզված է, որ ֆակուլտետը կայացել է եւ տալիս է ժամանակակից լրատվության պահանջները բավարարող մասնագետներ: Բակալավրիատի 40 շրջանավարտներից 1/3-ը կայացած լրագրողներ են: Ֆակուլտետն աշխատում է ընդլայնել տեխնիկական հնարավորությունները, ուսուցումն ավելի մոտեցնել ժամանակի պահանջներին: Համակարգչային ուսուցումն առաջին կուրսեցիներն անցնում են հենց առաջին կիսամյակում, իսկ բարձր կուրսերում ուսումնասիրում են արդի տեխնոլոգիան:

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օգնությամբ կնորոգվի եւ կթարմացվի ֆակուլտետի համակարգչային կաբինետը: Երեք տարի առաջ ամերիկյան համալսարաններից մեկի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետում շուտով կձեւավորվի մամուլի կենտրոն: Տրամադրած գումարի սահմաններում (42.000 դոլար) ձեռք կբերվեն համապատասխան սարքավորումներ, կիրականացվի սենյակների վերանորոգումը եւ ամենայն հավանականությամբ ֆակուլտետը հունվարին կունենա իր ռադիոհեռուստաստուդիան, որի շնորհիվ այսօր իշխող տեսական գիտելիքներին զուգահեռ ուսանողները ձեռք կբերեն նաեւ գործնական փորձ եւ հմտություն:

Ֆակուլտետն ունի իր թերթըՙ «Ժուռնալիստ», որտեղ յուրաքանչյուր ուսանող ամեն կիսամյակում նվազագույնը հրապարակում է երեք նյութ, որը գնահատվում է, ուսանողների գերակշիռ մասը նյութերը հավաքում է համակարգչի վրա, խմբագրում, նաեւ էջադրում: Ժուռնալիստիկայի վարպետության ժամերին ուսանողը թեմայի եւ ժանրի ընտրության ազատությամբ շաբաթական պատրաստում է մեկ նյութ: Ուսանողներինՙ ռադիոհեռուստատեսային լրագրության մեջ մասնագիտացնելն առայժմ դժվարություններ ունիՙ բազայի թույլ եւ պայմանների սուղ լինելու պատճառով: Պետք է ասել, որ այս մասնագիտությամբ առայժմ միակ պետական մասնագիտացած բուհը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն է: Դիպլոմային աշխատանքների բնույթն արմատապես վերափոխվել է: Բարձր են գնահատվում այն աշխատանքները, որոնց 2/3-ն ուսանողի ստեղծագործական աշխատանքներն ենՙ տպագրված կամ եթեր արձակված:

Վերջին երկու տարիներին իրականացվել են մի շարք մասնագիտական գրքերի հրատարակություններՙ «Ժուռնալիստիկայի տեսություն եւ պատմության հարցեր», Լիանա Սայադյանի «Քաղաքական զարգացման գործընթացները եւ լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում», Շուշան Դոյդոյանի «Մամուլի ազատության սահմանադրական երաշխիքները», Գառնիկ Անանյանի «Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը», Նաղաշ Մարտիրոսյանի «Հայրենիք» ամսագրի հրապարակախոսությունը»:

Այս ամենով հանդերձ, հետաքրքիր էր իմանալ նաեւ լրագրողի բարոյական նկարագրի, ժուռնալիստիկական էթիկայի, այսօրվա մեր մամուլի, խոսքի ազատության մասին ֆակուլտետի դեկան պրն Անանյանի կարծիքը:

- Խոսքի ազատությունը չի կարելի շփոթել խոսքի սանձարձակության, լրագրողի համարձակ կեցվածքըՙ անկիրթ մարդու պահվածքի հետ: Սա հաճախ նաեւ մեր կրթության պակասն է: Ունենք որոշ դասընթացներՙ ԶԼՄ-ները եւ օրենսդրությունը, ժուռնալիստական էթիկա, որոնք ժուռնալիստի բարոյական նկարագիրը ձեւավորելու նպատակ ունեն: Արեւմտյան որոշ տեսաբաններ գտնում են, որ լրագրողն իրավունք ունի ասելու այն ինչ ուզում է եւ այնպես, ինչպես ուզում է: Ես դեմ չեմ, բայց կա նաեւ ժուռնալիստի պատասխանատվություն իր խոսքի նկատմամբ եւ հասարակության առաջ: Ժուռնալիստական կրթության մեջ վերջին հաշվով կա ինքնակարգավորում հասկացողություն, եւ ընդունված են խոսքի ազատության անհրաժեշտ սահմանափակումներ: Մամուլը որքան էլ ազատՙ կառավարվում է օրենքներով: Դա տվյալ լրատվամիջոցների ներքին կանոնների համակարգն է, որին ժուռնալիստը պարտավոր է ենթարկվել: Ազատ խոսքի կայացմանը նման ազատությունը նույնքան խանգարում է, որքան գրաքննությունը, բռնությունը: Մենք դեռեւս անկախ մամուլ չունենք, ինչպես չունենք անկախ հանրապետություն: Արդի ինֆորմացիոն դաշտն, անշուշտ, ձեռքբերումներ ունի, բայց ցավալիորեն մեզանում ձեւավորվել է լրատվության մի տեսակ, որ կարելի է կոչել թերթ-մարդասպան: Այսօրվա մի քանի լրատվամիջոցներում իշխում է «գնդակահարելու» սկզբունքը, իսկ որոշները հետամուտ են հենց դրան: Կան լրատվամիջոցներ, որոնց համար էթիկայի նորմերը խախտելը հարատեւելու կերպ է: Լրատվամիջոցը չպետք է դառնա իր կերակրողի խոսափողը: Այս առումով ասեմ նաեւ, որ ահա նման լավ ու վատ հոսանքների պղտոր ջրերի մեջ է հայտնվում ուսանողը: Օրվա 6 ժամերին ինչպիսի սկզբունքներ ուզում ես ներարկիր, մնացած ժամերը նա անց է կացնում ինֆորմացիոն այն դաշտում, որ գոյություն ունի այսօր Հայաստանում: Իսկ այդ դաշտը միշտ չէ, որ հաստատում է լսարանում ուսանողի ստացածըՙ թե քաղաքակիրթ ու բարոյական պիտի լինի ժուռնալիստը.

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4