«Օգտվելով ահաբեկչության դեմ ծավալված միջազգային զայրույթիցՙ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Հունաստանին եւ Կիպրոսին մրոտելու ահաբեկչության պիտակով», գրում է հունական «Կատիմերինի» թերթը վերոհիշյալ խորագրով հոդվածում, որի պատճենը մեզ է ուղարկել Նիկոսիայում մեր սեփական թղթակից Ջորջ Տեր-Բարթողը:
«Անկարայի զինվորական բարձրաստիճան մի պաշտոնյաՙ գեներալ Հուսեյին Քվըրքօղլուն, երկուշաբթի օրը փորձել է Լավրիոնում ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հովանավորության տակ գտնվող փախստականների ճամբարը ներկայացնել որպես «ահաբեկիչների» ճամբար, եւ դրանով Աթենքին կապել միջազգային ահաբեկչությանը: Ապա անդրադառնալով Օջալանի համար ապահով ապաստան որոնելու Հունաստանի չարաբաստիկ ջանքերին, Քվըրքօղլուն հարց է տվել. «Ովքե՞ր էին, որ Օջալանին անձնագիր տվեցին եւ հյուրընկալեցին իրենց դեսպանատանը»: Նա այս ակնարկն արել է Եվրամիությանն ուղղված Բյուլենթ Էջեւիթի զգուշացումներից մեկ օր անց: Վարչապետը միջազգային կազմակերպությանը խնդրել էր վերանայել Կիպրոսի անդամակցության հարցը, նշելով, որ այդ երկիրը հակաթուրքական ահաբեկչության եւ փողերի լվացման բույն է»:
«Կատիմերինի» թերթը նաեւ ավելացնում է, որ վերջին երեք օրերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները զանգվածային ձեւով խախտել են Հունաստանի օդային տարածքըՙ հատկապես Էվրոսի (թուրքական սահմանի մոտ) Լավարոն շրջանում տեղի ունեցող «Պարմենիոն» զորավարժությունների ժամանակ: Այդ զորավարժությունները խոշորագույնն են երկրում, որին մասնակցում են ցամաքային, օդային եւ ծովային ռազմական միավորումները:
Թուրքիայի այս ոտնձգությունները հետեւել են Հունաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների Բրյուսելում կայացած հանդիպմանը, որի ընթացքում կարծես առաջընթաց էր նկատվել երկու երկրների միջեւ վստահությունը ամրապնդելու բանակցություններում: Հունական կառավարության խոսնակ Դիմիդրիս Ռեպասն անմիջապես հերքել է Քվըրքօղլու հայտարարությունը, նշելով, որ նա պարզապես չարաշահում է ներկա միջազգային իրավիճակըՙ կոչ անելով նրան Լավրիոնի ճամբարի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ձեռք բերել ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարից.
Մյուս կողմից, Հունաստանի պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսը, որը նախագահ Կոստիս Ստեֆանոպուլոսի հետ ներկա է գտնվել հաջողությամբ ավարտված զորավարժություններին, նույնպես հանդես է եկել Քվըրքօղլու քննադատությամբ, ասելով, որ «որոշ մարդիկ հնացած մեթոդներով փորձում են հեծանիվ հայտնաբերել: Աշխարհի զարգացումը չի կատարվում տարածաշրջանային հակամարտությունների միջոցով»: