«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2001-10-13 | #187, 2001-10-16 | #188, 2001-10-17


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՔԱԲՈՒԼԻ ՄՈՏ ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ

Բիոտեռորիզմի խուճապ Ամերիկայում ու Եվրոպայում

Ամերիկյան ուժերը հետզհետե ավելի մոտիկ կռվի են պատրաստվում ընդդեմ թալիբների եւ գլխավոր ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի «Ալ Ղաիդա» կազմակերպության: Մ. Նահանգների շուրջ 60 ռազմօդանավեր, որոնց մեջՙ «AC-130» տիպի ինքնաթիռներ, երեկ մասնակցեցին ռազմական գործողություններին մայրաքաղաք Քաբուլի եւ Ղանդահար քաղաքի դեմ: «AC-130» օդանավերի ասպարեզ դուրս գալը, որոնք թռչում են համեմատաբար ցածրից եւ սովորաբար օգտագործվում են շարժվող թիրախներին հարվածելու եւ յուրային հետեւակին «ծածկելու» համար, մասնագետների գնահատմամբ, հուշում են ցամաքային կռիվների մոտալուտ լինելու մասին: Կան նաեւ տեղեկություններ, որ ամերիկյան հատուկ նշանակության ուժերն արդեն իսկ գործողություններ են ձեռնարկել Կանդահարում:

Ամերիկյան օդուժի հարվածներից երեկ զերծ չմնաց Քաբուլի մոտ գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որտեղ սպանվեց աֆղան մի աշխատակից եւ այրվեց ցորենի պահեստը: Մինչ Պենտագոնը հայտարարում էր, որ քննություն է ձեռնարկելու պարագան ստուգելու նպատակով, Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստակայանը ցույց էր տալիս կենտրոնակայանը կրակների մեջ: Ավելի ուշ Իսլամաբադից ՄԱԿ-ի պատասխանատուները հայտնեցին, որ կենտրոնակայանի տանիքին դաջված էր Կարմիր խաչի նշանը:

Ինչպես հայտնել էինք, Մ. Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելը Իսլամաբադում գեներալ Մուշարաֆի հետ տեսակցելուց հետո, երեկ հետմիջօրեին ժամանեց Նոր Դելհի: Թեեւ այցի նպատակ որպես հայտարարվել էր հակաահաբեկչական կոալիցիայի ընդարձակումն ու ամրապնդումը, սակայն Հնդկաստանում ամերիկացի պաշտոնատարը ստիպված եղավ գլխավորապես զբաղվել Քաշմիրի վերստին բռնկված վտանգավոր տագնապովՙ նկատի ունենալով Պակիստանի եւ Հնդկաստանի միջուկային տերություններ լինելու հանգամանքը: Ինչպես Իսլամաբադում, այնպես էլ Նոր Դելհիում, Փաուելի խրատականը հստակ էրՙ մեկ կողմ թողնել «կողմնակի» վեճերն ու կենտրոնանալ հակաահաբեկչական պայքարի վրա, թեեւ Հնդկաստանը հենց հակաահաբեկչական քայլերի դիմելու անհրաժեշտությամբ էլ բացատրում էր նախորդ օրը պակիստանյան Կաշմիրը ռմբակոծելու իր արարքը: Այս օրերին ամեն երկիր ի՚ր մարտիրոսն է լացում...

Վերադառնալով Իսլամաբադի հանդիպմանն, ասենք, որ Փաուել-Մուշարաֆ մամլո ասուլիսում վերջինս գլխավորաբար շեշտեց երկու բանՙ 1) Աֆղանստանի ռմբակոծությունները պետք է լինեն կարճ եւ հատու, 2) հետթալիբանյան Աֆղանստանը պետք է կառավարվի լայն կոալիցիայով, որի մեջ պետք է մտնեն երկրի էթնիկական բոլոր խմբերի ներկայացուցիչները, այդ թվումՙ «չափավորական թալիբները»: Վերջին արտահայտությունը նոր է եւ նման է «մի քիչ ահաբեկիչ» կամ «մի քիչ հղի» անհեթեթությանը:

Արեւմուտքում օրերս ստեղծվեց նաեւ մեկ ուրիշ նորաբանությունՙ բիոտեռորիզմ: Արդարեւ, սիբիրախտը (anthrax), որի հարուցիչներն անծանոթների կողմից փոստի միջոցով, փոշու ձեւով ուղարկվում է տարբեր հասցեների, անցնող օրերին մեծ խուճապ է ստեղծել Մ. Նահանգներում, որտեղ երեկ դատախազությունը հաստատեց դրա ահաբեկչական բնույթը: Ֆլորիդայում խմբագրություններից մեկի անձնակազմի 3 անդամների ախտահարվելուց հետո, որոնցից մեկը մահացավ 2 օր առաջ, նույն հիվանդությունը հայտնաբերվեց նաեւ Նյու Յորքում, որտեղ վարակվել է ABC հեռուստաընկերության աշխատակցուհիներից մեկի 7-ամյա որդին: Երեկ «բիոտեռորիստական» նամակածրար է հայտնաբերվել նաեւ կոնգրեսական Թոմ Դաշելի գրասենյակում, ինչը ստիպեց փակել Կարոտով Հիլի բոլոր աշխատասենյակները եւ բժշկական ստուգման ենթարկել բոլոր աշխատակիցներին: Նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաեւ Մանչեստրում (Անգլիա), Բրահայում, Իսրայելում եւ անգամ Ավստրալիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4