Խաղաղասեր ազգի օդանավերը ռմբակոծում են Աֆղանստանը
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալված մոտ 7000 քաղաքացիներից միայն տասն են կասկածվում «Ալ Ղաիդա» կազմակերպության հետ որոշակի կապեր ունենալու մեջ:
Անցյալ շաբաթ մամլո ասուլիսում նախագահ Բուշն ակնարկել էր, թե Աֆղանստանի ռմբահարումները կդադարեցվեն, եթե Ուսամա բեն Լադենը հանձնվի ԱՄՆ իշխանություններին, ողջ թե մեռածՙ կարեւոր չէ: Հետեւեց Թալիբանի առաջարկությունը. եթե դադարեցնեք ռմբահարումները, բեն Լադենին հանձնելու շուրջ կբանակցենք: «Ոչ մի բանակցություն: Ես ցանկություն չունեմ քննարկելուՙ բեն Լադենն անմեղ է, թեՙ մեղավոր: Մենք գիտենքՙ նա մեղավոր է», պատասխանեց Բուշը: Տպավորությունն այնպիսին է, որ բեն Լադենին հանձնելու դիմաց ամերիկացիները չեն դադարեցնի ռմբահարումները: Երեւի թե այսպես լավ է. ԱՄՆ-ը ցանկանում է բռնել բեն Լադենին եւ քանդուքարափ անել Աֆղանստանը:
Ամերիկյան առաջատար երեք թերթերՙ «Նյու Յորք թայմս», «Վաշինգտոն փոստ» եւ «USA Today», ընդհանուր առմամբ պաշտպանելով Աֆղանստանի ամերիկա-բրիտանական ռմբահարումները, երբեմն կասկած են հայտնումՙ հնարավո՞ր է ռմբահարումներով պայքարել միջազգային ահաբեկչության դեմ, արդյոք բեն Լադե՞նն է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը, արդարացվա՞ծ են ռմբահարումները, երբ դրանց հետեւանքով խաղաղ բնակիչներ են սպանվում: «USA Today»-ը շարունակաբար պնդում է, թե ամերիկյան հետախուզական ծառայությունները չգիտեն բեն Լադենի գտնվելու վայրը:
«Մենք խաղաղասեր ազգ ենք: Աստված օրհնի Ամերիկան», յուրաքանչյուր ելույթի ավարտին ասում է Բուշը: Ի դեպ, իր վերջին ելույթում ԱՄՆ նախագահն ընդհանրապես շրջանցեց բեն Լադենին եւ առաջադրեց ռմբահարումները դադարեցնելու միանգամից հինգ պայման. ԱՄՆ-ին հանձնել «Ալ Ղաիդա»-ի բոլոր առաջնորդներին, ազատ արձակել Աֆղանստանում պատանդ պահվող ութ քաղաքացիներին, փակել Աֆղանստանի տարածքում գործող յուրաքանչյուր ահաբեկչական ճամբար, ԱՄՆ-ին հանձնել յուրաքանչյուր ահաբեկչի եւ, վերջապես, ԱՄՆ-ին թույլ տալ մուտք ունենալ ահաբեկչական ճամբարներ: Ուժը կորցրած չի համարվում Բուշի խոստումըՙ 5 մլն դոլար պարգեւատրություն կստանա երկրագնդի այն քաղաքացին, ով կբռնի բեն Լադենինՙ ողջ կամ մեռած: Ուժը կորցրած չի համարվում ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնի նմանօրինակ պարգեւատրության խոստումը:
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կ. Անանն ափսոսանք է հայտնել Աֆղանստանում ռմբահարումներից անմեղ քաղաքացիների կորստի համար: «Երբ աշխարհը միացյալ պայքար է մղում միջազգային ահաբեկչության դեմ, մենք պետք է, միեւնույն ժամանակ, անենք հնարավորըՙ պաշտպանելու խաղաղ բնակչությանը», ասել է Կ. Անանը:
Տպավորությունն այնպիսին է, թե աշխարհը չէ, որ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, այլ պարզապես ամերիկա-բրիտանական օդուժը ռմբահարում է Աֆղանստանն այնպես, ինչպես ռմբահարում էր եւ է՚ Իրաքը, Սերբիան: Ռմբահարումներն արդարացնելու համար բերվում էր նույն արդարացումըՙ տապալում ենք Ս. Հուսեյնին, Ս. Միլոշեւիչին, այժմՙ բեն Լադենին, թալիբներին: Աշխարհի շուրջ հինգ տասնյակ պետություններ այս կամ այն խոստումով իրենց աջակցությունը չէին հայտնի միակ գերհզոր պետությանըՙ համատեղ պայքար մղելու միջազգային ահաբեկչության դեմ, եթե Ջորջ Բուշը չառաջադրեր իր դիլեման. «Կամ մեզ հետ եք, կամՙ ահաբեկիչների»:
Նույնիսկ ամերիկյան հեռուստաընկերությունները, որոնք ամեն ձեւով արդարացնում են Աֆղանստանի դեմ ռազմական արշավը, նշում են, որ «պատերազմի առաջին շաբաթը խլել է շուրջ 300 խաղաղ բնակիչների կյանք»: Եթե այսպես շարունակվի մի քանի շաբաթ, ապա ամերիկացիները Աֆղանստանում կսպանեն այնքան մարդու, որքան սպանվեցին սեպտեմբերի 11-ի նողկալի ահաբեկչության հետեւանքով: «Նյու Յորք թայմսը» հոկտեմբերի 15-ի համարում գրում է. «Առնվազն 18 թարմ գերեզմանաթմբեր են ցրված Քարամ գյուղում, երկուսը փոքր են: Գյուղացիներն ասացին, որ դրանք փոքր երեխաների գերեզմաններ են: Մի ծերուկ չոքել էր փոքր գերեզմանին ու ողբում էր: Թորայ անունով մի գյուղացի ասաց, որ կորցրել է հինգ երեխաներին եւ կնոջը: Փոքր գերեզմանին ողբացող ծերուկը մեզՙ լրագրողներիս նայեց կատաղած, ապա հող շպրտեց լուսանկարչական մեր ապարատներին»:
Բոլոր լրագրողները չէ, որ հնարավորություն կամ համարձակություն ունեն մեկնելու Աֆղանստանՙ համոզվելու, որ Ջորջ Բուշն իրավացի է. «Մենք խաղաղասեր ազգ ենք, Աստված օրհնի Ամերիկան»:
Մենքՙ լրագրող ընկերներով, շաբաթավերջին որոշեցինք ստադիոն գնալ եւ դիտել ամերիկյան ֆուտբոլ: Հազարավոր ամերիկացիներ բղավում էին, սուլում, հայհոյում: Մրցակից թիմի խաղացողները թափվում էին մեկի գլխին, ապա սրընթաց վազում որոշակի ուղղությամբ: Որեւէ բան չհասկացա: Իմ ընկերներն ասացին, որ ամերիկյան ֆուտբոլի ողջ իմաստը դաժանությունն է:
Ամերիկացիները դաժան խաղերի սիրահար են:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք