Հայաստանն աշխարհին ներկայացնելու հազար ու մի ձեւ կա: Այս հազար ու մի ձեւերից մեկն էլ օտար լեզվով, հատկապես անգլերենով հանդեսներ, ժուռնալներ, տեղեկատուներ հրատարակելն է, պարբերաբար հրատարակելը: Այս իմաստով քիչ բան է արվել, շատ քիչ բան:
Բացը լրացնելուն է ուղղված «Armenian palette» («Հայկական գունապնակ») հանդեսի հրատարակությունը: Մեկ տարի առաջ այն սկսվեց տպագրվել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի նախաձեռնությամբ: Հայ բազմադարյան պատմությունը, մշակույթը ներկայացված էր կարճ, համառոտ, բայց հարուստ նյութերով: Եվ ահա, լույս է տեսել «Հայկական գունապնակի» երկրորդ թիվը: Օտարազգի մարդն անչափ հարուստ նյութեր է գտնում հանդեսում: Արարատ ու Սասունցի Դավիթ, Արգիշտի Առաջին եւ Արտավազդ Երկրորդ, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյա պատմություն, Գրիգոր Նարեկացի ու Մշո «Ճառընտիր», Հովհաննես Այվազովսկի ու Մինաս Ավետիսյան, Ջորջ Բայրոն ու Կոմիտաս, Վիլյամ Սարոյան ու ժամանակակից հայ բանաստեղծներ, Ալեք Մանուկյան ու Լուիզ Սիմոն-Մանուկյան.
Անգլիացի ժամանակակից գրող Ռիչարդ Լայը նամակ է ուղարկել հանդեսի գլխավոր խմբագիր Սեյրանուհի Գեղամյանի հասցեով. «Ես բարեբախտություն ունեցա կարդալու այս հանդեսը: Ունեմ մեկ օրինակ: Հնարավո՞ր է ձեռք բերել եւս երկուսը: Հանդեսը շատ-շատ հետաքրքրական է: Ուրիշներն էլ ինձ նման նույն կարծիքին են: Շատ բան իմացանք Հայաստանի մասին: Ուրիշ որեւէ նման բան չեմ կարողացել գտնել»:
Այո, անչափ կարեւոր գործ են կատարում Հասմիկ Պողոսյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Գայանե Գրիգորյանը, Վահրամ Հարությունյանը, հանդեսի հրատարակման հետ կապված բոլոր անձինք: Պետք է միայն սկսված գործին առավել հստակ տիրություն անել, տիրություն անել համապետական, համահայկական այս նախաձեռնությանը:
Ս. Գ.