ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունեցավ մի շարք հանդիպումներ, եղավ մարզի որոշ ձեռնարկություններում: Կարտոֆիլագործների հանրապետական ասոցիացիայի Շիրակի մարզի պահեստային համալիրը, ուր այցելեց ՀՀ նախագահը, ժամանակակից սարքավորումներով հագեցած միակ պահեստային համալիրն է Հայաստանում, որը ստեղծվել է Հոլանդիայի կառավարության միջոցներով: Հայ-հոլանդական ծրագրի շրջանակներում Հայաստան է ներկրվել եւ աճեցվում են բարձր բերքատվություն ունեցող կարտոֆիլի տեսակներ: Իսկ պահեստային համալիրում հնարավոր է պահել 1500 տոննա կարտոֆիլի տնկանյութ:
ՀՀ նախագահն այցելեց Ախուրյանի «Տիկնայք» կարի ֆաբրիկա: 1997 թ.-ից գործարկված ամերիկյան AMEREX ֆիրմայի այս ձեռնարկությունում կարած բաճկոնների հումքը ներմուծվում է ԱՄՆ-ից, արտադրանքը նույնպես արտահանվում է Մ. Նահանգներ: Ֆաբրիկայում աշխատում է 150 մարդՙ 15-20 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նախագահի այցելած ձեռնարկությունների շարքում էր նաեւ «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան, որի արտադրանքը առաքվում է Ռուսաստան եւ ԱՄՆ: Ըստ ֆաբրիկայի տնօրեն Կարապետ Մովսիսյանի, ձեռնարկությունն այսօր մի շարք խնդիրներ ունի եւ ակնկալում է նախագահ Քոչարյանի աջակցությունը դրանք լուծելու հարցում: Ըստ ֆաբրիկայի տնօրենի, իրենց աշխատանքներին խոչընդոտում են էլեկտրաէներգիայի մատակարարման անհասկանալի խափանումները, մինչդեռ ձեռնարկությունը բարեխղճորեն վճարում է դրա դիմաց ունեցած պարտքերը: Բացի դրանից, հանրապետություն ներկրված անորակ կոշկեղենը տեղական շուկայում ֆաբրիկայի աշխատանքի իրացման համար խոչընդոտներ է ստեղծում: Այսօր ձեռնարկությունն աշխատում էՙ ապահովելով 60-ից ավելի աշխատատեղ եւ միտում ունի ընդլայնվելու:
Մանվածքային ֆաբրիկան նախագահի այդ օրը այցելած վերջին ձեռնարկությունն էր:
Թուրքմենիայից գնված եւ հանրապետություն ներկրված 400 տոննա բամբակի հումքով սեպտեմբերի վերջին մանվածքային ֆաբրիկան վերագործարկվել է: Արդեն 140 մարդ ընդգրկված է աշխատանքի մեջ: Թողարկվել եւ առաքվել են թելի առաջին մի քանի տոննան: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել հայրենական ներդնող Ռ. Հայրապետյանի հատկացրած 3 մլն դոլարի շնորհիվ: Գումարների զգալի մասը նպատակաուղղվել է սեփական հումքային բազայի վերաստեղծմանը, եւ 2001 թ. Արարատի մարզում ցանվել է 230 հա բամբակ:
Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակներում Լինսի հիմնադրամի տրամադրած 21,6 մլն եւ USAID-ի 30 մլն դոլարով աղետի գոտում կառուցվում եւ վերականգնվում են 1950 բնակարան: Նախագահ Քոչարյանն այցելեց շինհրապարակ, ականատես եղավ շենքերի ամրացման աշխատանքներին: Ռոբերտ Քոչարյանի այցելության օրը տեղի ունեցան նաեւ Գյումրու երկու դպրոցներիՙ Թումանյանի անվան թիվ 13 եւ Պուշկինի անվան թիվ 6 դպրոցների բացման արարողությունները: Երկու դպրոցների աշակերտներն էլ 13 տարի տնակային դասարաններում են սովորել: Թումանյանի անունը կրող դպրոցի վթարային շենքի վերականգնումը հնարավոր է դարձել պետբյուջեից տրամադրած գումարների շնորհիվ: Դպրոցի 400 աշակերտներն այսուհետ կհաճախեն վերանորոգված դպրոց, որի վերականգնման համար անհրաժեշտ է եղել 292 մլն դրամ: Իսկ ՀՀ սոցներդրումների հիմնադրամը դպրոցին հատկացրել է 60 աշակերտական սեղան եւ 120 աթոռ: Պուշկինի անվան դպրոցի վերաբացմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: Ըստ նրա, դեռեւս անցած դարի սկզբին հիմնադրված այս դպրոցը խորհրդանշում է երկու պետությունների, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը: Դպրոցի վերանորոգման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Քոչարյանի Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Այն վերանորոգվել է երկու երկրների կառավարությունների ֆինանսավորմամբ եւ նախատեսված է 600 աշակերտի համար:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո նախագահը զրուցեց լրագրողների հետ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Գյումրիի 26 դպրոցների շինարարական ծրագրերի ֆինանսավորումն արդեն ապահովված է: Մինչ այս տարեվերջ կավարտվեն 10-12, իսկ մինչեւ 2002-ի գարնան վերջՙ մնացած դպրոցների շինարարական աշխատանքները: Նախագահի խոսքերովՙ մյուս ուսումնական տարում աղետի գոտում ոչ մի տնակային դպրոց չի մնա: Հանրապետության նախագահը նշեց, որ Գյումրիում շինարարական աշխատանքները վերջացնելու համար արդեն կա անհրաժեշտ գումարը:
- Աղետի գոտում արդեն հնարավոր է խոսել ոչ միայն շինարարական ծրագրերի, այլեւ ձեռնարկությունների վերականգնման մասին: Եթե 3-4 տարի առաջ Գյումրին ներդնողի համար հետաքրքրություն չէր ներկայացնում, այսօր իրավիճակը փոխվել է:
Նախագահը նշեց նաեւ, որ կան ծրագրեր քաղաքի մշակութային հաստատությունների վերականգնման վերաբերյալ:
Բնականաբար, լրագրողներն առիթը օգտագործելով, նախագահին ուղղեցին նաեւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես ինչպե՞ս եք վերաբերվում ներկայիս ընդդիմության ինքնադրսեւորումներին: Հետեւեց պատասխանը. «Աշխարհում տեղի ունեցող գործընթացները ենթադրում են երկրի քաղաքական ուժերի միավորում: Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում: Որպես ընդդիմություն հանդես են գալիս մարդիկ, ովքեր ձախողվել են իրենց զբաղեցրած պաշտոններում եւ ովքեր գոնե մոտակա մեկ տարում պետք է ամաչեն ժողովրդի աչքին երեւալ»: Նախագահը լրագրողներին առաջարկեց հետաքննություն կատարել այդ պաշտոնյաների գործունեության վերաբերյալ եւ որոշ թվեր հրապարակեց: Մասնավորապեսՙ 2001 թ. Երեւանի քաղաքապետարանի կողմից վարձակալության տրված տարածքների դիմաց պետբյուջե մուտքագրված գումարները 3-4 անգամ գերազանցում են 2000 թ. ցուցանիշը: Եթե 2000 թ. վարձակալության տրված 250 հա հողատարածքի համար բյուջե է մուտքագրվել 150 դոլար, 2001 թ. 92 հա-ի դիմաց մուտքագրվել է մոտ 250 մլն դոլար: Նախագահը բացառեց, որ նախկին քաղաքապետը, որը կնքում էր այդ գործարքները, չէր տիրապետում շուկայի իրական գներին: