«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2001-10-16 | #188, 2001-10-17 | #189, 2001-10-18


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՖՂԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԷԻՆ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿՈՆՏԻՆԳԵՆՏ»

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Տեղ հասած աֆղան զինվորներովՙ 522 մարդ, 1993-ի օգոստոսի 15-ից համալրել Ադրբեջանի զինված ուժերի 160-րդ զորամասըՙ նրանց համար ստեղծելով բոլոր պայմանները»: Սա Ադրբեջանի զինված ուժերի 200-րդ զորամասի շտաբի պետ գեներալ-մայոր Սադիկովիՙ 1993-ի օգոստոսի 26-ի հրամանագիրն էՙ 160-րդ զորամասի հրամանատարին:

Ընդհանուր առմամբ, «Ազգի» տրամադրության տակ եղած փաստաթղթերի համաձայն, 1993-ի օգոստոս-սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակը համալրվել է առնվազն 1350 աֆղան վարձկաններով: Նշված 522-ից հետո աֆղանցիների եւս երկուՙ 437 եւ 453 հոգանոց խումբ է ժամանել Ադրբեջան: Նրանց կցելով պարսկերենի իմացությամբ շուրջ 50 ադրբեջանցի սպաներիՙ տեղակայել են ադրբեջանական բանակի հատկապես 160 եւ 200-րդ զորամասերումՙ Գերանում եւ Գյանջայում:

Այսպես, 522 աֆղան վարձկանների կապակցությամբ, որոնք ադրբեջանական փաստաթղթերում հիշատակվում են որպես մոջահեդներ, 160-րդ զորամասի հրամանատար Մամեդովը հրաման է ստորագրել. «Զինվորական ծառայության մասին Ադրբեջանի Հանրապետության գործող օրենքի համաձայն ներքոհիշյալ սպաներին կանչել զինվորական ծառայության եւ նշանակել համապատասխան պաշտոնների»:

Ադրբեջանական բանակի ղեկավարությունն աֆղան վարձկանների մասին հանձնարարականներ ձեւակերպելիս նրանց անվանում է «առանձնահատուկ կոնտինգենտ»:

Հետաքրքրական է, որ վարձկաններն իրենք էլ, ինչպես բացահայտում է զինուժերի հրամանատարության նամակագրությունը, իրենց համարում են առանձնահատուկ կարգավիճակ ունեցող զինվորներՙ պահանջելով ոչ բանակային կենցաղային պայմաններ:

Ըստ 1993-ի օգոստոս-սեպտեմբերի զինվորական փաստաթղթերի, «առանձնահատուկ կոնտինգենտի» բողոքներով, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում ճակատում վիրավորված 41 հայրենակիցների հանդեպ, զբաղվել են անձամբ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության առաջին փոխնախարար զորքերի հրամանատարը: Վերջիններից խնդրելով «Նիվա» մակնիշի մեքենաներ, սնունդ եւ այլ պարագաներՙ 160-րդ զորամասի հրամանատարը գրում է, թե իր կարծիքով, ինչպիսի պայմաններ էլ ապահովվեն, միեւնույն է, աֆղան վարձկանները դժգոհելու են, քանի որ ոչ մի լուրջ գործով զբաղված չեն: Ադրբեջանցի հրամանատարը նշում է նաեւ, թե աֆղաններն իր զորամասում աղտեղություն եւ անվերահսկելի վիճակ են ստեղծել:

Այնուամենայնիվ, դատելով մեր ձեռքին եղած փաստական նյութից, աֆղան վարձկաններն այնքան էլ անգործ չեն եղել: Կան արաբատառ ֆարսի փաստաթղթեր, որոնցում աֆղանները հրետանային մարտերի մարտավարական հաշվարկներ են անումՙ խորհրդային զենքերի համար:

Հատկապես ի՞նչ հիմունքներով են աֆղան զինվորները համալրել ադրբեջանական բանակի շարքերը ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանական զինված ուժերիՙ մեր տրամադրության տակ եղած նյութերը վեր չեն հանում, բայց արաբերենով փաստաթղթերում կան ջիհադիՙ իսլամական սրբագործման վերաբերյալ գրառումներ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրանց մուտքը Ադրբեջան եղել է հիմնավորվելու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4