«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2001-10-16 | #188, 2001-10-17 | #189, 2001-10-18


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ «ԱՐՄԻՆԿՈՆ» ՍՏԵՂԾԵՑԻՆ ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Արմենիա» հյուրանոցում համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել «Արմենտելի» գործադիր տնօրեն Նիկոլաս Յորղուլասը եւ «Արմինկոյի» տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, որտեղ նրանք ազդարարեցին նոր, համատեղ ընկերության ստեղծման մասին: «Ինֆոկոմ» կոչվող ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի «Արմենտելին», 49 տոկոսըՙ «Արմինկոյին», գործադիր տնօրենը պետք է լինի «Արմինկոյի» ներկայացուցիչը, այսինքնՙ «Արմինկոն» կիրականացնի նոր ընկերության մենեջմենթը:

Խոսելով երկու ընկերությունների համագործակցության մասին, Նիկոլաս Յորղուլասը նշեց, որ քննարկումները Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վերաբերյալ սկսվել էին ավելի վաղ: Նա համոզմունք հայտնեց, որ «Արմինկոն» այս ոլորտի առաջավոր ընկերություններից է, ինչն էլ դրդել է «Արմենտելին» նրա հետ համագործակցության ճանապարհը ընտրել:

«Արմինկոյի» տնօրենը եւս զերծ չմնաց իր գործընկերոջը հաճոյախոսություններ ուղղելուց եւ ասաց, որ «Արմենտելը» ձեռք է մեկնել «այս բիզնեսի զարգացմանը, ինչը կարող էր եւ չանել»: Ինչ վերաբերում է նորաստեղծ ընկերության նպատակներին, ապա Անդրանիկ Ալեքսանյանը դրանցից գլխավորը համարեց այն, որ ինտերնետ ծառայություններից օգտվողները ստանան հնարավորինս որակյալ ծառայություններ, իսկ «սակագները ժամանակի ընթացքում կփոխվեն»: Նա համոզմունք հայտնեց, որ այս կազմակերպության անունը 1 տարի հետո ավելի բարձր կհնչի:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ կապուղիներով է ծառայություններ մատուցելու «Ինֆոկոմը», երբ միջազգային ելքի արբանյակային սեգմենտի եւ մանրաթելի սակագները հաստատված չեն, Անդրանիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ սակագների հարցը ժամանակի ընթացքում կկարգավորվի, իսկ ծառայությունները կմատուցվեն այն հնարավորություններով, որոնք առկա են: Չստանալով սպառիչ պատասխան, ասուլիսից հետո պրն Ալեքսանյանին դիմեցինք մեկ այլ հարցով, թե արդյոք մյուս պրովայդերները չե՞ն հայտնվի անհավասար վիճակում, քանի որ «Արմենտելի» մենաշնորհ հանդիսացող հնարավորություններից կարող է օգտվել միայն «Ինֆոկոմը»: Դրան «Արմինկոյի» տնօրենը բացասական պատասխանեց, ասելով, որ ներկայումս ճիշտ ձեւով կապուղի ստանալու համար դիմող չկա, եւ ոչ թե «Արմենտելն» այն չի տրամադրում: Մինչդեռ իրականությունն այլ էՙ հենց «Արմենտելը» չի տրամադրում այդ կապուղիները, ինչին «Ազգը» բազմիցս անդրադարձել է ի թիվս այլոցՙ հրապարակելով նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական տեսակետը («Ազգ», 2 հոկտեմբերի «Արմենտելը» հիմնավորված հաշվարկներ չի ներկայացրել»):

Նորաստեղծ ընկերության մենաշնորհ ստանալու կապակցությամբ հարցին «Արմենտելի» տնօրենն իր հերթին բացառեց դա, ասելով, որ յուրաքանչյուր պատշաճ գործունեություն չի խանգարում բիզնեսին: Ինչեւէ: Մեզ մնում է հուսալ, որ նորաստեղծ ընկերությունն, իրոք, կմատուցի որակյալ ծառայություններ եւ խոչընդոտ չի դառնա նաեւ ոլորտի մյուս ընկերությունների կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4