«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2001-10-16 | #188, 2001-10-17 | #189, 2001-10-18


ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՄԵՐ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Հնարավոր են խոշոր ներդրումներ

Կառավարության նիստերից մեկի ժամանակ հաստատվել էր Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ծրագիրը, որը մինչ այդ արժանացել էր ճապոնական զարգացման գործակալության հավանությանը: Քանի որ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի պարզաբանումներն այդ օրը չհստակեցրին, թե խոսքն ինչ ծրագրի մասին է, հարկադրված դարձյալ դիմեցինք նույն նախարարությանը:

Հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը նշեց, որ նմանատիպ ծրագրեր ճապոնական զարգացման գործակալությանը (JAIKA) ներկայացվում են ոչ միայն Հայաստանից: Ճապոնացիները քննարկում են այդ ծրագրերը եւ ընտրում հետաքրքրություն ներկայացնողները եւ հնարավոր է դրանց համար ճապոնական կառավարությունից ֆինանսավորում ստանալ: Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ծրագիրն ավելի շուտ նկարագրություն էր, որի պատրաստման համար մեկուկես տարի աշխատել էին: Ճապոնական կողմը հավանություն էր տվել այդ ծրագրին: Արթուր Աշուղյանն ընդգծեց, որ նախկինում նույնպես ներկայացվել էր այս ծրագիրը, բայց մերժվել էր: Այս անգամ ճապոնական զարգացման գործակալությունը հաստատել է ծրագիրը, եւ եկող տարվա փետրվարից ճապոնացի մասնագետները կսկսեն մշակել այսպես կոչված մաստեր-պլանը: Այդ աշխատանքները տեւելու են 2 տարի, ինչի համար ճապոնական կողմը հատկացնելու է 1 մլն դոլար: Ուսումնասիրվելու են բնագավառի երեք ուղղություններՙ օրենսդրական դաշտը, բնապահպանության խնդիրները եւ կոնկրետ ձեռնարկությունները: Ըստ հանքարդյունաբերության վարչության պետի, այսՙ հերթական փուլի արդյունքում մենք կունենանք ճապոնացիների տված օբյեկտիվ պատկերը, որը ֆինանսավորման նպատակով ներկայացվելու է Ճապոնիայի կառավարությանը: Ինչ վերաբերում է ձեռնարկություններին, ապա չափանիշային դարձնելու նպատակով ընտրվել եւ ներկայացվել են Ղափանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան եւ Ալավերդու «Մանես եւ Վալեքսը»:

Արթուր Աշուղյանը նշեց, որ ճապոնական վարկերը բավականին շահավետ են, տրվում են 25 տարի ժամկետովՙ տարեկան 0,1-3 տոկոս դրույքով (կախված ծրագրի վերաբերյալ ճապոնական մասնագետների եզրակացություններից): Չնայած գրեթե բոլոր մետաղների (այդ թվում նաեւ պղնձի եւ մոլիբդենի) գների շարունակվող անկմանը միջազգային շուկայում, Հայաստանի իշխանությունները հանքարդյունաբերությունը հայտարարել են մեր տնտեսության գերակայող ճյուղերից մեկը եւ վերեւում հիշատակված ծրագրին լուրջ կարեւորություն են տվել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4